Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետք թողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 08,2016 11:44

Ի՞նչ հետք թողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր գործունեության գրեթե երկուսուկես տարիների ընթացքում: Ուսումնասիրենք մեր երկրի սոցիալ-տնտեսական մի քանի ցուցանիշներ։

Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել 2014 թվականի ապրիլի 13-ին։ 2014 թվականին մեր համախառն ներքին արդյունքը կազմեց մոտ 4.8 տրիլիոն դրամ։ 2015-ին ՀՆԱ-ն 5 տրիլիոն 32 մլրդ դրամ էր։ Սա ներկայացվեց որպես ՀՆԱ-ի, այսինքն տնտեսության 4.2 տոկոս աճ։ Բայց այս աճը ապահովվեց դրամի մոտ 14 տոկոսանոց արժեզրկման շնորհիվ, ինչը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերին։ Այլ կերպ ասած, ՀՆԱ-ի ծավալի դրամական արտահայտությամբ ներկայացնելը չի արտացոլում տնտեսության իրական պատկերը։ Եթե մեր ՀՆԱ-ն դիտարկում ենք, ասենք, դոլարով, պատկերը ստացվում է ճիշտ հակառակը։ 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել էր 11.6 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին՝ արդեն 10.5 միլիարդ դոլար։ Այսինքն իրականում 2015 թվականին մենք ունեցել ենք ոչ թե տնտեսական 4.2 տոկոս աճ, այլ մոտ 10 տոկոս անկում։

Մոտավորապես նույնն է իրավիճակը մեր պետական բյուջեի հավաքագրման տեսանկյունից։ 2014 թվականին պետբյուջեի եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ, իսկ 2015-ին՝ 1 տրիլիոն 147 միլիարդ դրամ։ Ընդամենը 10 միլիարդ դրամի աճ, որը ինքնին արդեն չափազանց փոքր ցուցանիշ է: Բայց եթե համադրելիություն ապահովելու եւ դրամի արժեզրկման ազդեցությունը բացառելու համար այս տվյալները կրկին դիտարկենք դոլարով, պատկերը շատ տխուր կստացվի։ 2014 թվականին դոլարով արտահայտած մեր բյուջեի եկամուտները կազմել են 2.7 միլիարդ դոլար, իսկ 2015-ին՝ արդեն 2.4 միլիարդ։ Այլ կերպ ասած, բյուջեի եկամուտները առայժմ գործող կառավարության օրոք նվազել են 300 միլիոն դոլարով կամ 11 տոկոսով։

Այս կառավարության օրոք կտրուկ նվազել են նաեւ օտարերկրյա ներդրումները։ Թվային ցուցանիշներ, ցավոք, չենք կարող ներկայացնել, քանի որ ներդրումների նվազմանը զուգահեռ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար փոխում էր այդ ցուցանիշի հաշվարկման մեթոդոլոգիան։ Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, օտարերկրյա ներդրումների ծավալները 2014– 2015 թվականների ընթացքում կրճատվել է մոտ 65 տոկոսով։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, ԱՎԾ-ի նոր մեթոդոլոգիայի համաձայն, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը արդեն բացասական ցուցանիշ էր։ Այսինքն` ներդրումները ավելի քիչ էին, քան դրանց արդյունքում առաջացած գումարների արտահոսքը։

Բայց Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք գրանցվել են նաեւ աճեր։ Ընդ որում՝ կայուն աճեր։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է պետական պարտքին:

 

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930