Կուսակցապետությո՚՞ւն է ստեղծում Սերժ Սարգսյանը։ Այս մտավախությունն էլ կա, անշուշտ։ Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երկխոսելու եւ երկխոսացնելու մեծ վարպետ է, կարելի է հույս ունենալ, որ դա այն կուսակցապետությունը չի լինելու, որն այնքան տագնապեցնող է։
Մեր աչքի առջեւ այնպիսի հրաշքներ են կատարվել, որ մենք այլեւս ոչնչից չենք զարմանում։ Սերժ Սարգսյանն արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ այնպիսի «կտրուկ շրջադարձեր» է իրականացնում, որ ՀՅԴ-ն, օրինակ, լքում է կոալիցիան եւ կրկին վերադառնում, ՀԱԿ-ի նման սրսուռ ընդդիմությունը, մի լավ երկխոսացվելուց հետո, տուն է գնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքի ելած ժողովրդին տանում է մոմ վառելու, ամենքին ու ամեն ինչ իր հետեւից տանող ԲՀԿ առաջնորդը հեռանում է քաղաքականությունից ու բարեկամություն անում նրա հետ, Արթուր Բաղդասարյանի նման «խոստումնալից» գործիչը գնում է ընդդիմադիր դաշտ եւ կորչում այնտեղ՝ վերածնվելու հույսով։
Փաստ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը կարողացավ «Սասնա ծռերի» հարուցած խնդիրն այնպես կարգավորել, որ բանը չհասներ արյունահեղության։ Նրա նախորդներից ո՞ր մեկն էր ընդունակ այսպիսի մանեւրների։ «Կգռսեին, կեթար»՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է հայտնի սկզբունքով։
Այսօր Հայաստանում նոր ընդդիմություն է ի հայտ գալիս։ Այս ընդդիմությանն արդեն երկխոսեցնելու ոչ մի պատճառ չկա։ Ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, մենք առնվազն չհայհոյող, քաղաքական պայքարը նախընտրող ուժերի ենք տեսնում։ Եվ սա նույնպես Սերժ Սարգսյանի նախագահության տարիների երեւույթ է, ինչն անպատկերացնելի կլիներ սրանից 10, 15, 20 տարի առաջ, երբ կուսակցություններ ու թերթեր էին փակվում, կուսակցական գրասենյակներ ու խմբագրություններ ավերվում։ Կասեք՝ կյանք է, առաջ է գնում։ Դա էլ կա, իհարկե, բայց եւ չմոռանանք, թե ինչերի ընդունակ կլիներ էությամբ բռնակալը, եթե ունենար այն բոլոր հնարավորությունները, որ նախկին սահմանադրություններով ունեին ՀՀ նախագահները։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում