Հայաստանի իրավապահ մարմինները Չինաստան են արտաքսել այդ երկրի 129 քաղաքացիների, այդ թվում Թայվանի 78 բնակիչների, որոնք կասկածվում են հեռահաղորդակացության ոլորտում խարդախությունների մեջ: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությանը:
Հաղորդվում է, որ կասկածյալները ձերբակալվել են օգոստոսի 20-ին այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել կասկածյալների 6 «թաքստոցներում»: Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր բնույթի սարքավորումներ, այդ թվում համակարգիչներ և սմարթֆոններ: Հաղորդվում է, որ կասկածյալներն իրենց ներկայացրել են որպես իրավապահ ծառայությունների աշխատակիցներ և հեռախոսազանգերով գումար շորթել մայրցամաքային Չինաստանի բնակիչներից:
Ըստ գործակալության՝ ձերբակալվածները կասկածվում են խարդախության 50 դեպքի մեջ, որի արդյունքում շորթել են շուրջ 1.2 միլիոն դոլար:
Թայվանի իշխանություններն իրենց բողոքն են հայտնել Հայաստանին և Չինաստանին առ այն, որ 78 թայվանցիներն արտաքսվել են Չինաստան:
Կարդացեք նաև
«Մենք պահանջում ենք, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատշաճ բացատրություն տա»,- ասվում է Թայվանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է China Post-ը:
Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը, և շատ երկրներ Թայվանի հարցով դիվանագիտական հարաբերություններ ունենում են հենց Չինաստանի հետ:
Հարկ է նշել , որ սա այլ երկրներից չինացիների արտաքսման առաջին դեպքը չէ: Ապրիլի կեսերին դարձյալ հեռահաղորդակցության ոլորտում խարդախությունների մեղադրանքով 77 չինացի (այդ թվում 45 թայվանցի) արտաքսվեց Քենիայից: Այդ ժամանակ հաղորդվում էր, որ նրանք հասցրել են ավելի քան 20 միլիոն դոլարի վնաս:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ