Ինչու է Մոսկվան դժգոհ Վաշինգտոնից
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում
«Ռուսաստանը վարել եւ պատրաստվում է վարել միանգամայն խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ուղղված համագործակցությանը… Իսկ ինչ վերաբերում է ազդեցությանը, ապա, այո՛, մենք ուզում ենք, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունն ավելի զգալի, էական լինի, սակայն մենք դրանում ներդնում ենք միանգամայն խաղաղ եւ դրական բովանդակություն. տնտեսական, մարդասիրական ազդեցություն, ազդեցություն՝ կապված մեր հարեւանների իրավահավասար համագործակցության զարգացման հետ»,- օրերս ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում` ընդգծելով, որ դրան են նպատակաուղղված ՌԴ արտաքին քաղաքականությունն ու արտաքին տնտեսական գործունեությունը։
Վերոնշյալ հայտարարությունը Պուտինն արել է Չինաստանում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի օրերին: ՌԴ եւ ԱՄՆ նախագահները Հանչժոու քաղաքում գլխավորապես քննարկել են Սիրիայի եւ Ուկրաինայի հարցերը։ Ո՛չ Օբամա-Պուտին, ո՛չ Քերի-Լավրով հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրություններում ԼՂ խնդիրը չի հիշատակվել։ Սակայն ԱՄՆ-ՌԴ շփումներում ԼՂ հակամարտության թեման վերջին ամիսներին բավական ինտենսիվ է քննարկվում: Վաշինգտոնն անընդմեջ ցույց է տալիս Մոսկվային, որ Ղարաբաղյան կարգավորման մենեջմենթը թույլ չի տալու թողնել ռուսական կողմին:
Օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 8-ին ժամանելու են Մոսկվա: Այս տեղեկությունը հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Դեռ հուլիսին Անկարա ծրագրված համանախագահների այցի փոխարեն՝ հաջորդ կանգառն ընտրվել է Մոսկվան: «Մոսկվայում նախատեսված է ՄԽ համանախագահների խորհրդակցություն անցկացնել` ՌԴ-ն ներկայացնող Իգոր Պոպովի մասնակցությամբ: Այդ ընթացքում համանախագահները կհանդիպեն ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ: Քննարկվելու են ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հրատապ հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվելու այն պայմանավորվածությունների կատարման ընթացքին, որոնք ձեռք են բերվել մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների ընթացքում»,- հայտնեց Զախարովան:
Կարդացեք նաև
Օրեր առաջ Զախարովան սենսացիոն խոստովանությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե չի հավատում, որ Ղարաբաղյան հարցում Միացյալ Նահանգները կզիջի առաջնորդությունը Ռուսաստանին: Մոսկվայում ասուլիսում լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կրեմլին առաջարկել է առաջնորդի դեր ստանձնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում՝ Սիրիայում դիրքերի զիջման փոխարեն, Զախարովան արձագանքել էր. «Չեմ հավատում, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցում կհամաձայնի զիջել առաջնորդությունը ՌԴ-ին: Բայց եթե այդպես լինի, ապա դա իսկական առաջխաղացում կլինի»:
Համանախագահները ինտենսիվ շփումների մեջ են Մոսկվայի ու Վաշինգտոնի հետ. սեպտեմբերի 8-ին նրանք Մոսկվայում են բանակցելու, իսկ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում համանախագահները կարող են հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Այս հանդիպման մասին օրերս հայտնել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` նկատելով, որ համանախագահները Մոսկվայում կքննարկեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ի դեպ, թեեւ օրերս Չինաստանում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հանդիպել էին, սակայն տեղեկատվություն տարածվեց, որ առաջիկա օրերին նրանք կարող են կրկին հանդիպել: Քերին ու Լավրովը չեն կարողացել միասնական մոտեցումներ մշակել սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, սակայն չի կարելի բացառել, որ այս մակարդակում ի թիվս այլ հարցերի` նաեւ ԼՂ խնդիրը քննարկվի:
Դեռ 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում հայտարարեց, որ Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը Կովկասում. «Ռուսաստանը չի պատրաստվում այստեղից հեռանալ: Ընդհակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերը Կովկասում` հիմնվելով այն լավ ժառանգության վրա, որը մեզ բաժին է հասել մեր նախնիներից, տարածաշրջանի երկրների, այդ թվում` նաեւ Հայաստանի հետ լավ հարաբերությունների վրա»:
Հայաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանը փչացրել է, ապրիլյան քառօրյա պատերազմից 4 ամիս անց Մոսկվան պաշտոնապես հայտարարում է, եթե չասենք՝ դժգոհում է, որ ԼՂ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ը չի համաձայնում զիջել առաջնորդությունը ՌԴ-ին` բացահայտ ցույց տալով, որ կցանկանար, եթե այդպես լիներ, ու դա Մոսկվայի համար իսկական առաջխաղացում կլիներ: Մոսկվան Զախարովայի «անկեղծ» խոստովանությամբ, իհարկե, կրկին արձանագրել է այն հավակնությունը, որ Մոսկվան մշտապես է ունեցել, սակայն այդ հայտարարության ենթատեքստից կարելի է բխեցնել, որ ԱՄՆ-ը ԼՂ բանակցային գործընթացում Մոսկվայի առանձին «խաղերը» չի հանդուրժում, որ ամեն ինչ պետք է առաջ ընթանա իր իմացությամբ եւ համաձայնությամբ:
Պետք է արձանագրել, որ Վաշինգտոնի ակտիվությունը ԼՂ հարցում Ադրբեջանի կողմից նորանոր ագրեսիայի դիմելու բացառման միակ երաշխիքն է, թեեւ Մոսկվան ամեն ինչ անում է` ապացուցելու, որ Ռուսաստանն է դադարեցրել ապրիլյան պատերազմը: Իսկ ո՞վ էր Ալիեւին քառօրյա ագրեսիան սկսելու համաձայնությունը տվել եւ ո՞վ ապրիլյան պատերազմից օրեր անց հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակելու է զինել Ադրբեջանին:
Ստեղծված իրավիճակը ուշագրավ է նաեւ նրանով, որ պաշտոնական Բաքուն անընդհատ շեշտում է ռուսական միջնորդական դերը: Օրինակ` վերջերս Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Միխաիլ Ջանելիձեի հետ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը խոսում էր Ղարաբաղյան կարգավորման գործընթացում «բեկման հնարավորության» մասին. «Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները կարծես ճիշտ ուղու վրա են»: Նա պետերբուրգյան հանդիպումը բնութագրեց որպես բանակցային պրոցեսի «կարեւոր դրվագ»` նշելով. «Տրամադրվածություն եւ համոզմունք կա, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, ինչն իր հերթին կարող է բանակցային պրոցեսում բեկման հանգեցնել: Մենք կարծում ենք, որ նման հնարավորությունն առկա է»:
Պուտինի ներգրավվածությունը ուկրաինական, սիրիական ճգնաժամերին ստիպեց ԱՄՆ-ին որոշակիորեն զգոն լինել նաեւ Կովկասում: Հիմա Մոսկվան իր թիկունքին անընդհատ զգում է Վաշինգտոնի «շունչը», թերեւս այդ պատճառով է պարբերաբար «օգնության» հասնում Բաքուն` մատնացույց անելով բացառապես սանկտպետերբուրգյան «ճիշտ ուղին»: Դա վստահաբար «Լավրովի պլանն է»` հիմնված «կազանյան» ծրագրի վրա, որը հիմա հայկական կողմի համար անընդունելի է:
Ու այստեղ միանգամայն հասկանալի է Մոսկվայի դժգոհությունը ԱՄՆ-ից, որն արտահայտվեց առաջնորդությունը Ռուսաստանին չզիջելու հայտարարությամբ: Այլ կերպ ասած` ԱՄՆ-ին դուր չի եկել ապրիլյան պատերազմից հետո ի հայտ եկած «Լավրովի պլանը», այդ առիթով Բաքվի ցնծությունն ու, ամենայն հավանականությամբ, նաեւ Անկարայի ակնկալիքները:
Մոսկվան երբեք էլ չի ցանկանա հանձնել Կովկասը Վաշինգտոնին՝ դա պարզ է վաղուց եւ բոլորին, ԱՄՆ-ն էլ Կովկասը «վերցնելու» մտադրություն հազիվ թե ունենա, սակայն ԱՄՆ-ը Պուտինին հասկացնում է, որ չի պատրաստվում թույլ տալ ինքնագործունեություն նոր օջախներում, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության սկզբունքը չպետք է խախտվի, եւ տարածաշրջանում «խաղի կանոնները» չպետք է նախանշվեն բացառապես Մոսկվայի պատկերացումներով, առավել եւս` թելադրանքով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
08.09.2016