ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցը ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին հորդորում է վերադառնալ քաղաքականություն: Մասիսի տարածքային կառույցն անգամ նման որոշում է ընդունել 2016 թվականի օգոստոսի 31-ին կայացած խորհրդի նիստում: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Ստեփանյանը: Նիստում մեկ հարց է քննարկվել` Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի հանրային պահանջի ներկայացման հարցը:
Կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանն իր խոսքում , մասնավորաբար նշել է, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձը պայմանավորված է մի շարք քաղաքական, սոցիալ-տնտեսական և երկրում առկա անբարենպաստ իրողություններով, ինչպես նաև երկրի առջև ծառացած մի շարք հիմնախնդիրների լուծման հրատապությամբ ու անհրաժեշտությամբ: «Դա փաստում են բազում հանդիպումները ազգաբնակչության հետ: Առկա են հասարակության լայն զանգվածների շրջանում դրական սպասումներ և ակնկալիքներ` կապված Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի հետ»,- ասված է նիստի արձանագրության մեջ:
Տիգրան Ստեփանյանը փաստել է նաեւ այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը լինելով կամային բարձր հատկանիշներով ու ժողովրդի շահը ամեն ինչից բարձր դասող անձնավորություն, փետրվարյան օրերին ապացուցեց, որ միայն ժողովրդական իմաստությամբ և անշահախնդրության պայմաններում կարելի է զերծ մնալ արյունահեղությունից, ժողովրդի ու պետության շահը գերագնահատելով անձնական շահից. «Սա է պետական գործիչ Գագիկ Ծառուկյանի մարդկային ու բարոյական նկարագիրը և մեր հիմնավոր պահանջը նրա վերադարձի վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջի մասին «Առավոտի» հետ զրույցում ասել էր նաեւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Սերգեյ Բագրատյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ