Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» պետք է Քոչարյան Ռոբերտի առանձնատունը գրավեին եւ իրենից պահանջեին Հայաստանից գողացած արտաքին պարտքը»

Սեպտեմբեր 08,2016 16:30

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանին

«Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունը հասարակության մեծամասնության, այդ թվում նաեւ ինձ համար մի տեսակ վիրավորանքին համարժեք նշանակություն ունի: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի է արժանի, քանի որ անկախ պետականության կերտման գործընթացին «թեւերը քշտեց», աշխատեց, իհարկե, մինչեւ այն պահը, երբ նահանջ տրամադրություններ որդեգրեց: Նրանից հետո եկավ, այսպես ասած, մանր խուլիգանների ժամանակը: Ռոբերտ Քոչարյանն այդ մանր խուլիգաններից առաջինն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին եւ դրանում հնչած տեսակետներին: Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, անդրադարձել է Ղարաբաղի հարցին, Հայաստանի արդի տնտեսական վիճակին եւ «Սասնա ծռերի» գործողություններին: Երեք հարթություններում էլ Ռոբերտ Քոչարյանը բացասական երանգներով է գնահատել գործող իշխանությունների քաղաքականությունն ու կեցվածքը:
Սուրեն Սարգսյանը հիշում է, որ 1990-ականներին, երբ ինքն աշխատում էր «Լրաբեր» լրատվական ծրագրում, մի օր եթեր է հեռարձակվում կիսաօլիգարխ մի անձի հարցազրույցը:

«Այդ ժամանակ պատգամավոր Վանո Սիրադեղյանը մի ամբողջ պատմություն սարքեց խմբագրի գլխին: Հարցադրումը հետեւյալն էր` տղերք են, աշխատում են՝ ապրում են, բայց նրանք ով են, որ հեռուստատեսությամբ երեւան»,- պատմում է մեր զրուցակիցը` վերհիշելով, որ այդ ժամանակվա «հարսանիքային» երգիչներից մեկն էլ խոստացել էր ոսկյա անիվներով մեքենա նվիրել այն մարդուն, ով հեռուստատեսությամբ կցուցադրի իր ելույթները: «Այսինքն՝ այդքան անընդունելի էր հասարակության այդ խավին իբրեւ լավի օրինակ ցուցադրելը:

Բայց Քոչարյան Ռոբերտը բերեց ու այդ հանցախումբը դարձրեց ԱԺ պատգամավոր: Քոչարյան Ռոբերտը բարոյականության բոլոր նորմերը խախտել է, եւ հիմա այդ մարդը խոսում է երկրից, պետությունից, «Սասնա ծռերից»: Անկեղծ ասած, իմ կարծիքով «Սասնա ծռերը» պետք է Քոչարյան Ռոբերտի առանձնատունը գրավեին եւ իրենից պահանջեին Հայաստանից գողացած արտաքին պարտքը` շուրջ հինգ միլիարդ դոլար»,- ասում է Սուրեն Սարգսյանը` հարց ուղղելով ժամանակին երկրի գլխավոր դատախազ, այժմ Հատուկ քննչական ծառայության պետ Աղվան Հովսեփյանին` ինչո՞ւ չի քննում Ռոբերտ Քոչարյանի կողմից պաշտոնական չարաշահումների փաստերը, մասնավորաբար՝ այն իրողությունը, թե ինչպե՞ս է հնարավոր, որ «տրեխավոր մեկը տասը տարում, պաշտոնական թվերով, մոտ հինգ միլիարդ դոլար փող աշխատի»: Ինքը` Սուրեն Սարգսյանը, վստահ է, որ մի երկու այդքան էլ Ռոբերտ Քոչարյանն ադամանդների եւ թանկարժեք զարդերի տեսքով է կուտակել ու հիմա էլ խոսում է երկրի մասին. մի երկիր, որի մինչեւ վերջին գրոշն այդ մարդը թալանել է: «Ապրիլյան պատերազմում հարյուր զինվորի մահը, մեր բանակում այս ողորմելի վիճակը, թալանչի նախարարների, գեներալների մոնղոլ-թաթարի կերպարը հենց Քոչարյանի մեղքով ու, այսպես ասած, «վզով» է: Ո՞վ էր Ռոբերտ Քոչարյանը, որ պարզվում է՝ Քի Ուեսթում պատրաստ էր ինչ-որ բան ստորագրելու: Երեւի հիմա պիտի օղորմի տանք Ալիեւին, որ չի համաձայնվել: Ո՞վ է նա, ո՞ւմ տեղն է իրեն դրել: Այդ մարդանման արարածները, որ 22 տարի մեր բոլորի տառապանքը կերել են, մեր երեխաները զոհվել են… դեռ հանդգնում են խոսել երկրից ու պետությունից, սրտացավությունից, թալանողներից»:

Սուրեն Սարգսյանը հայտարարում է, որ իրենք շուտով գործընթաց են սկսելու` դիմելու են դատարաններ` ճշտելու համար Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը. «Նա մեր երկրի արտաքին պարտքը գողացել է, պիտի ստանանք այդ փողերը, ինքն էլ պետք է դատապարտվի: Քոչարյանը պիտի հրապարակում փող հավաքի` եթե մարդիկ տան: Քոչարյանն ամայացրեց քաղաքական դաշտը, իհարկե՝ Սերժ Սարգսյանի հետ միասին: Քոչարյանը սպանությունների շարք սկսեց, մարդիկ տարօրինակ ձեւով հաշվեհարդարների մեջ սկսեցին ընկնել` սկսած Աշոտ Մանուչարյանի ծեծից, վերջացրած տարբեր սպանություններով:

Սա էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանը: Իր նկարած երկնիշ տնտեսական թվերն էլ դրսում տնտեսական բարվոք վիճակի արդյունք էին եւ մեր հայրենակիցների կողմից Հայաստան ուղարկվող տրանսվերների, որոնցով ինքը շենքեր էր կառուցում` մի արդյունաբերություն չվերագործարկելով: Եվ այդ հանցագործ մարդը, ով պիտի պատասխան տա այդ ամենի համար, այսօր դաս է տալիս ուրիշ հանցագործների՞. նկատի ունեմ այսօրվա իշխանություններին»: Սրանից աբսուրդ իրավիճակ մեր զրուցակիցը չի պատկերացնում: Նա կարծում է, որ իրավիճակն ավելի քան պարզ է, եւ պետք չէ, որ ինքներս էլ` ողջ հասարակությունը, այսօր «ուղտին նստած կուզեկուզ ման գանք»: Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում ստեղծված իրավիճակին՝ Սուրեն Սարգսյանն արձանագրում է, որ արդեն իսկ ակնհայտ դարձավ մի իրողություն, այն է. «Քաղաքական կուսակցությունները, առանց բացառությունների, գրպանի մանրադրամ են. երեկ` Քոչարյանի, այսօր` Սերժ Սարգսյանի: Մենք չենք պատրաստվում այլեւս հանդուրժել այս իրավիճակը ու առաջիկայում հայտարարություններ կանենք մեր անելիքների մասին: Այս խնդիրներին մեկ անգամ պետք է վերջ դնել եւ արդար Հայաստան կերտելու ճանապարհը բռնել»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930