Լրահոս
Օրվա լրահոսը

«Գենացվալեից» ու «բատոնոյից» բացի` հարթվող սկանդալների ու բարի ցանկությունների հարաբերություններ

Սեպտեմբեր 08,2016 16:00

Ո՞ւմ է ձեռնտու հայ-վրացական հարաբերություններում լարումը

Օրեր առաջ հաջողվեց խուսափել հայ-վրացական հարաբերություններում հերթական դիվանագիտական սկանդալային միջադեպից: Պաշտոնական Թբիլիսին ստուգում էր Ստեփանակերտում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության անդամների հանդիպման մասին տեղեկատվությունը:
Իսկ տեղեկատվությունը ի հայտ էր եկել վստահաբար ոչ միամտաբար. Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Սերժ Սարգսյանի եւ Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիայի համատեղ լուսանկարը ու «պարզաբանել», որ լուսանկարն արվել է ԼՂՀ անկախության 25-ամյակին նվիրված տոնական ընդունելության ժամանակ։

Բարեբախտաբար, հարթվեց նաեւ այս միջադեպը: Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն հայտարարեց, որ Երեւանը հերքել է Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Աբխազիայի պատվիրակության հանդիպման մասին տեղեկությունը: Ինչպես հաղորդել էր «Մեդիամաքսի» սեփական թղթակիցը Թբիլիսիից, փոխնախարարը նշել էր, որ վրացական կողմը ստացել է ՀՀ ԱԳՆ-ի եւ Վրաստանում ՀՀ դեսպանի պարզաբանումները, որոնք հերքել են այդ լուրերը: «Դա օկուպացիոն ռեժիմի հերթական քաղաքական սադրանքն էր: Հայաստանը բարեկամական երկիր է, որը ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը»,- ասել է Գիգի Գիգիաձեն:

Իսկ սեպտեմբերի 3-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով աբխազական իշխանությունների ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին տեղեկատվությանը՝ նշեց, որ Հայաստանը եղել եւ մնում է Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից. «Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը հայտարարել է, որ որեւէ հանդիպում եւ առավել եւս պաշտոնական բանակցություններ չեն եղել։ Հայաստանը եղել եւ մնում է Վրաստանի կողմնակիցը, երկրի տարածքային ամբողջականության կողմնակիցը։ Մնացյալ բոլորը միայն քաղաքական շահարկումներ են»։

Անցյալ տարի մայիսի սկզբին հայ-վրացական հարաբերություններում նույն մթնոլորտն էր: Թբիլիսին կոշտ արձագանքեց ՀՀ խորհրդարանում կայացած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսիայի խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս անգամ էլ Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Բիբիլովը վերադարձել էր Օսիա ու հայտարարել, թե իբր իր այցը եղել է աշխատանքային, եւ որ ինքը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արդյունքում պաշտոնական Թբիլիսին բացատրություն էր պահանջել հայ գործընկերներից, Վրաստանում ՀՀ դեսպանը հրավիրվեց ԱԳՆ, նրանից պարզաբանումներ պահանջեցին, իսկ Երեւանում նրա վրացի գործընկերը ՀՀ ղեկավարությանը «խորը մտահոգություն» էր հայտնել: Այնուհետեւ պաշտոնական Երեւանը ստիպված եղավ պատասխանել, որ Գ. Սահակյանի հանդիպումը Բիբիլովի հետ կրել է բացառապես մասնավոր բնույթ, պաշտոնական հարց չի քննարկվել, եւ նրանց միջեւ մասնավոր հանդիպումները որեւէ առնչություն չունեն քաղաքական դիրքորոշումների հետ:

Հայաստան-Վրաստան հարաբերություններն իսկապես կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Սակայն ցավոք, այդ հարաբերություններում լարում մտցնելու հարցում արդեն երկրորդ անգամ երեւում է ռուսական հետքը: Դեռ քիչ է, որ միջազգային ատյաններում Հայաստանն իրեն պարտավորված է զգում Կրեմլին հաճո քվեարկություններ անել, Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները սրելու միտումները ոչ մի կերպ չեն դադարում`պրոռուսական սադրանքներով:

Հայ-վրացական հարաբերություններն ու Հարավային Կովկասի կայունությունը

Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ` սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սերժ Սարգսյանը Վրաստանի վարչապետի հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հայաստանը եւ Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլեւ երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձեւավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում: Նախագահը նշել էր, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել: Երկու երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, նրա համոզմամբ` թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի:

Կվիրիկաշվիլին նկատել էր, որ վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարեւորություն են տալիս այդ հարաբերությունների զարգացմանը: Կվիրիկաշվիլիի կարծիքով` երկու երկրների կառավարությունների միջեւ առկա փոխըմբռնումը, ինչպես նաեւ վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առեւտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով առկա մեծ ներուժը: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ամուր բարեկամական կապերը, վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքերով, կարեւոր են ինչպես Վրաստանի եւ Հայաստանի համար, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից:

Իսկ Հովիկ Աբրահամյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին ընդգծել էին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության դրական դինամիկան եւ քննարկել առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նկատենք, որ վրացական պատվիրակությունը բավական ներկայացուցչական էր, որի կազմում էր նաեւ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն։

Առեւտրատնտեսական գործակցությունն ակտիվացնելու տեսանկյունից Հ. Աբրահամյանն ու Գ. Կվիրիկաշվիլին կարեւորել էին հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր թափ հաղորդելու հանձնաժողովի աշխատանքներին: ՀՀ վարչապետը նշել է, որ հեռանկարային կարող է լինել նաեւ Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը Եվրասիական տնտեսական միության միասնական շուկա: Վրաստանի վարչապետը ողջունել է այդ գաղափարը եւ առաջարկել համատեղ աշխատանքային խմբի ձեւաչափով քննարկել հետագա քայլերը:
Երկու երկրների վարչապետները կարեւորել էին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով էներգետիկ համագործակցության զարգացումը եւ ողջունել 2015թ. դեկտեմբերին եւ 2016թ. ապրիլին Երեւանում կայացած Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկ ոլորտների ներկայացուցիչների միջեւ հանդիպումները, որոնք հնարավորություն կտան նախաձեռնել եւ կյանքի կոչել տարածաշրջանային նշանակության ներդրումային ծրագրեր: Որպես այդպիսին, կողմերը կարեւորել են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախագծի իրագործումը: Անդրադարձ էր եղել նաեւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, կարեւորվել է աշխատանքների արագ ընթացքը։ Գ. Կվիրիկաշվիլին նշել էր, որ անկախ Վրաստանի պատմության մեջ ներկայում հայ-վրացական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են, եւ անհրաժեշտ է շարունակել ջանքերը դրանք ամրապնդելու ուղղությամբ:

Հստակ ծրագիր` հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական դարձնելու նպատակով

Թե՛ Հայաստան, թե՛ Վրաստան բարձրաստիճան պաշտոնյաների այցերն, անշուշտ, վկայում են այն մասին, թե որքան կարեւոր են հարաբերությունները երկու պետությունների մեջ: Հայ-վրացական բարեկամական հարաբերությունների սերտացման եւ հետագա զարգացման գործում պետք է ելակետային լինի այն փաստը, որ Վրաստանն իր ապագան տեսնում է արեւմտյան համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մեջ, դա մի պետություն է, որը կատարել է իր քաղաքակրթական ընտրությունը` զարգացման իր տեսլականով:

Պաշտոնական Երեւանը «կոնկրետ ծրագրերի» մասին հիշատակելիս հեռանկարային է համարում Հայաստանում հայ-վրացական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, «ինչը կդյուրացնի վրացական ընկերությունների մուտքը ԵՏՄ շուկա»: Առեւտրատնտեսական հարաբերություններն, իհարկե, կարեւոր են, բայց դա մի ճյուղ է, որը կարող է ռեալ գործել, եթե նախ` կայացած լինի ԵՏՄ շուկան, եւ վրացական կողմը հետաքրքրված լինի այդ շուկայում ներկայությամբ: Չմոռանանք, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ասոցացված պետություն է` ԵՄ շուկա մտնելու հնարավորություններով:

Բացի այդ, նախօրեին Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի գծով կոմիտեն ձայների մեծամասնությամբ կողմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից առանց վիզայի ռեժիմի տրամադրմանը Վրաստանին: Այժմ ԵՄ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ այցելությունների համար վիզայից հրաժարվելը պետք է հաստատի Եվրախորհրդարանը՝ որպես ինստիտուտ: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա Ստրասբուրգում կայանալիք խորհրդարանական նիստում: Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան եւ Վրաստանը կատարել են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված բոլոր պայմանները:

Ի դեպ, օրերս ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցել է ԵՄ անդամ եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը եւ անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը` ընդգծել է. «Մենք ողջունում ենք Սլովակիայի նախագահության եւ ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»։

Հարեւան Վրաստանի հետ հարաբերություններում Հայաստանին անհրաժեշտ է տեսլական, հստակ ծրագիր, որը հայ-վրացական հարաբերությունները կդարձներ ռազմավարական: Հարաբերությունների առկա մակարդակով գոհունակություն հայտնելը եւ շարունակական բարի ցանկություններ արտահայտելը, հայտարարությունները, թե պետք է հարաբերություններն ավելի խորացնել` կարող են կյանքի կոչվել հստակ ծրագրի, նպատակների ներկայացման առկայության պայմաններում, դրանց հասնելու լուծումներն առաջադրելու դեպքում:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930