Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու զինվորի ուսուցչուհի մայրը սեպտեմբերի 1-ին դպրոց գնաց իր տան շեմից, որտեղից մեկ օր առաջ վտարվել էին

Սեպտեմբեր 08,2016 15:30

Պայմանագրային զինծառայող Հենրիկի, եղբոր՝ ապրիլյան մարտերի մասնակից, զինծառայող Հունան Զեյնալյանների մոր՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում հարգված ուսուցչուհու դատական գործընթացին անդրադարձել էինք այս տարվա ապրիլի 22-ի «Առավոտ» օրաթերթի «Իրենք խաղաղ ապրում են, ինձնից փո՞ղ եք ուզում» հրապարակմամբ:

Զինվորների 64-մայրը՝ Էմմա Սինանյանը, նրա ամուսինը՝ 65-ամյա Հովհաննես Զեյնալյանը, օգոստոսի 31-ին մարզի դատարան պետք է ներկայանային, ուր դատավոր Գ. Ֆիդանյանի նախագահությամբ շարունակվելու էր վերաքննիչ քաղաքացիական դատարանից բեկանված գործով դատական նիստը:

Սակայն դատական ակտերի հարկադիր կատարողները նրա բազմանդամ ընտանիքին այդ օրը ժամը 10-ին վտարել էին՝ չսպասելով ժամը 12-ին նշանակված դատական նիստին, չսպասելով անգամ նրանց ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանին:

Փաստաբանն իր վստահորդներին վտարելու առիթով բողոքով դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ԴԱՀԿ պետին, սակայն մինչ օրս նրանից պատասխան չի ստացվել: Դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 27-ին: Ուսուցչուհին Գիտելիքի օրը արդեն իսկ վտարված էր տանից եւ դպրոց գնաց փողոցից: Ի՞նչ էր տեղի ունեցել: Ըստ փաստաբանի՝ ՌԴ Թաթարստանի Հանրապետության քաղաքացին դիմել է մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Լուկաշին գյուղում ապրող Զեյնալյանների ընտանիքին վտարելու պահանջով: Ինչպես տեղեկացրել ենք, հայցվորը 14 տարի չի բնակվել 78 քմ մակերեսով վթարային շենքի առաջին հարկի բնակարանում: Այս ընտանիքը հայտնվել էր Լուկաշինում Երասխավանի կռիվներից հետո, իսկ 1920 թվականին կառուցված այդ շենքում էլ հարեւաններից մեկը հանձնել է վիճելի տան բանալիները: Տիկին Էմման «Առավոտի» այցելության օրն ասաց, թե երազում էր` երբ հնարավորություն կլինի գնել բնակարանը: «Տանտերը» թույլ էր տվել, որպեսզի ամառվա ընթացքում փայտե վառարանով տաքացվող տունը օգտագործի, պայմանավորվել էին, որ տունը Զեյնալյանները կգնեն 1500 դոլարով: Երբ պայմանավորվածությունը կայացել էր, պահանջել են արդեն 4000 դոլար գումար: Տիկին Էմման երբ ասել է, որ տղաները կգան բանակից, վարկ կվերցնեն, կտան նախապես պայմանավորված գումարը, ՌԴ քաղաքացին իր փաստաբանի միջոցով դիմել է դատարան՝ վտարման պահանջով: Դատական վեճում ներգրավված էր նաեւ երկրորդ պատասխանողը՝ ազատամարտիկ գյուղապետ Կարեն Սարգսյանը:

dasatudat2

Մեր առաջին այցի ժամանակ գյուղապետն ասաց. «Կամայականությունների արդյունքում հակառակ կողմը դատը շահել է: Բոլոր փաստաթղթերն ունեմ: Առանց հիմքի տրված վկայականը դարձավ հիմք: Որեւիցե մեկը չի կարող այս գործով հիմք բերել»:
Երեկ մեր զրույցի ժամանակ տիկին Էմման ասաց, որ որդին՝ Հունանը, Թալիշի մարտերից հետո ձեռք է բերել ողնաշարի, տեսողության հիվանդություն, առողջության հետ կապված խնդիրներ ունի, իսկ Հենրիկն էլ երիկամների հետ կապված ունի լուրջ խնդիր ունի, սակայն դեռ Արցախում են, սահմանների վրա:

Տիկին Էմմայի չորս թոռներից երեքն այս պահին Արցախում են: Այնտեղից գոնե չեն վտարի: Իսկ Լուկաշինի գյուղապետն էլ մինչ դատական գործընթացների ավարտը ժամանակավոր տանիք է տվել այս ընտանիքին, որն իր համեստ կարգավիճակով երբեք չի օգտվել պետության եւ ոչ մի արտոնությունից՝ թե՛ որպես բազմավաստակ մանկավարժ, թե՛ որպես երկու զինվորի մայր:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930