Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներքին թշնամու զգացումը կործանարար կլինի մեր ազգային ինքնագիտակցության համար, պայքարի ճանապարհները կարող են մարել»

Սեպտեմբեր 08,2016 15:00

Մեկ տարվա ընթացքում մեր հասարակությունը, կարելի է ասել, մի քանի տեսակի ցնցումներ ապրեց. անցյալ տարի «Էլեկտրիկ Երեւան»-ը, ապա այս տարվա ապրիլյան պատերազմը եւ «Սասնա ծռերի» կողմից պարեկապահակային ծառայության գնդի գրավումն ու դրան հաջորդած իրադարձությունները:

Կարճ ժամանակաշրջանում նմանատիպ սթրեսային իրավիճակներն ու ցնցումներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ հասարակության տրամադրության, հետագա քայլերի եւ ընդհանրապես՝ ազգաբնակչության հոգեբանության վրա:
Այս հարցն «Առավոտն» ուղղեց հոգեբաններին, որոնք կարծիք հայտնեցին, որ նման երեւույթներն անպայման որեւէ ազդեցություն թողնում են հասարակության եւ առանձին անձանց վրա:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի դիտարկմամբ՝ մեր կյանքի մի մասը այն երեւույթներն են, որոնք մեր շուրջը կատարվում են պետական, քաղաքական մակարդակով, եւ մենք որքան էլ ձեւացնենք, որ ապրում ենք մեր սեփական, անձնական կյանքով, ուզենք, թե չուզենք՝ մեզ վրա դրանք անդրադառնալու են:
Գասպարյանի ներկայացմամբ՝ մենք խնդիրները հիմնականում կարող ենք նկատել մի քանի ուղղությամբ՝ մեկն այն է, որ ապագայի նկատմամբ անորոշության զգացումը կարող է խորանալ, որովհետեւ շարունակվող այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում մենք այդպես էլ հանգուցալուծում չենք գտնում:

Մյուս խնդիրն, ըստ հոգեբանի, այն է, որ հանրության մոտ սրվում է արդարության զգացումը. «Երբ մենք արդարության սուր զգացումի հետեւից ենք գնում, մենք ավելի զգայուն ենք, ավելի բռնկուն ենք եւ խոշորացույցի տակ ենք տեսնում բոլոր երեւույթները, այդ թվում նաեւ մեր հոգեկանը ունենում է համապատասխան ռեակցիաներ: 3-րդ խնդիրն, իմ կարծիքով, ավելի սարսափելի է: Դա այն է, որ կարող է առաջանալ անտարբերություն եւ արհամարհանք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր շուրջը: Ուստի պետք է այնպես անենք, հատկապես մեր նոր սերունդը, ամեն ինչ արվի, որ ինքը լինի իր ապագայի տնօրենը, իր ապագան կերտողը: Եթե մենք ստեղծենք վախի մթնոլորտ, անվստահության, կասկածամտության իրավիճակ, որտեղ նոր սերունդը չի ուզում դրսեւորվել, որովհետեւ դրա համար նրան կարող են պատժել, դրա համար նրան կարող են տարբեր դժվարությունների, կտտանքների ենթարկել, եւ ինքը իր ապագան տեսնում է ուրիշ աշխարհներում, ուրիշ երկրներում, ապա դա նշանակում է ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, պետք է վերադառնանք եւ փոխենք այդ սխալները»:

Խաչատուր Գասպարյանն ասաց, որ մենք հիմա ապրում ենք համընդհանուր դժգոհության, անբավարարության, ապագայի նկատմամբ անվստահության մի իրավիճակում:
Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի անդամ եւ ասոցիացիայի ֆինանսների քարտուղար Արմեն Սողոյանն էլ անդրադառնալով մեր հարցին՝ նկատեց՝ ապացուցված է, որ երկարատեւ, շարունակական սթրեսներն անհետեւանք չեն անցնում մարդկանց համար, եւ յուրաքանչյուր նոր սթրեսը կարող է նախկին սթրեսները վեր հանել: «Եթե նախկին սթրեսները բավարար վերականգնված են, մարդը, հասարակությունն ավելի պատրաստ է նոր սթրեսներին դիմակայելու: Եթե նախկին սթրեսները բավարար չեն վերականգնված, ցանկացած նոր սթրեսային գործոն արթնացնում է բոլոր այն սթրեսները, որոնք եղել են չվերականգնված վիճակում: Այսինքն՝ մենք հիմա գործ ունենք կուտակման հետ, կուտակվում են, ու իրենք ավելի ուժեղանում են, որի դեմ հարկավոր է բավարար միջոցներ ձեռնարկել: Այս ուղղությամբ աշխատանքներ չտանելը հղի է շատ վտանգավոր հետեւանքներով»,- ասաց Սողոյանը:

Խաչատուր Գասպարյանի դիտարկմամբ՝ հիմա մի վտանգավոր խնդիր կա. մենք թշնամու կերպար ունենք եւ 100 տարի շարունակ թշնամու այդ կերպարն ունեցել ենք, բայց այսօր թշնամու կերպարի պրոյեկցիան որոշ չափով անդրադարձել է այն իշխանավորների, պետական պաշտոնյաների վրա, որոնք որոշումներ կայացնելու հարցում թերացել են. «Եվ Աստված մի արասցե, եթե մենք հանկարծ ազգովի որոշենք, որ մեր թշնամին մեր մեջ է եւ ոչ թե արտաքինն է, ինչպես մինչեւ հիմա մտածել ենք: Մեր ներքին թշնամու զգացումը կործանարար կլինի մեր ազգային հոգեբանության, ազգային ինքնագիտակցության համար: Պայքարի ճանապարհները կարող են մարել: Մենք ապրիլյան պատերազմում մի անգամ էլ համոզվեցինք, թե որքան արդիական է յուրաքանչյուր հայի համար արտաքին վտանգը»:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930