Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանյան նոթեր

Սեպտեմբեր 08,2016 14:30

Նազարբաեւի շունչը

«Մեր նախագահն ասաց…», «Երբ մեր նախագահը որոշեց…», «Ինչպես նշել է մեր նախագահը…»՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այս խոսքերը հնչում էին անընդհատ եւ ամենուրեք՝ ինչպես պատմաբանի, դիվանագիտական կորպուսի ներկայացուցչի, նկարչի շուրթերից, այնպես էլ դպրոցականի եւ թոշակառուի, որոնք հերթ էին կանգնել Աստանայի կենտրոնը եւ գլխավոր տեսարժան վայրը համարվող Բայտիրեկ աշտարակի կենտրոնում՝ 150 մ բարձրության վրա գտնվող ցուցասրահում տեղակայված Նուրսուլթան Նազարբաեւի ձեռքի դրոշմահետքի ոսկե-արծաթեպատ ձուլվածքի մոտ: Հերթ էին կանգնել, որպեսզի իրենց ձեռքը դնեն Նազարբաեւի ափի ձուլածոյի վրա եւ երազանք պահեն, որն անպայման կկատարվի…

Նազարբաեւի անվան համալսարան, Նազարբաեւի անվան էլիտար դպրոցների ցանց՝ օժտված երեխաների համար, Նազարբաեւի անվան զբոսայգի՝ այս ամենը միայն Աստանայում: Ճիշտ է՝ ոչ մի փողոց կամ հրապարակ չկա Նազարբաեւի անունով, չնայած այն բանին, որ այդ երկրի պառլամենտում նման առաջարկներ շատ են հնչել, ընդհուպ մինչեւ Աստանան Նուրսուլթան վերանվանելու մասին. Նազարբաեւն է դեմ եղել:
Արեւելքին հատուկ այս դրսեւորումները մեզ համար անշուշտ քիչ ընկալելի են, արտառոց են, այնքան զարմանալի, որ փորձում ենք արդարացում գտնել՝ դե, Նազարբաեւի կողմից միայն Սեմիպալատինսկի միջուկային փորձարկումների փորձադաշտի փակումը աշխարհի մակարդակով աննախադեպ երեւույթ էր, մարդիկ գնահատում են: Դե, Աստանայի նման մեծ քաղաք կառուցելը տափաստանի մեջ լուրջ քայլ էր, մարդիկ գնահատում են: Դե, իհարկե, ինքը նախագահ եղած ժամանակ ողջ ընտանիքով միլիոնատեր եւ միլիարդատեր դարձավ, բայց ժողովուրդն էլ ապրում է, արտագաղթ չկա, մարդիկ գնահատում են: Դե, դե, դե…

Kazaxstan_4

Բայտիրեկում հերթ են կանգնած՝ իրենց ձեռքը Նազարբաեւի ափի ոսկյա դրոշմահետքի վրա դնելու եւ երազանք պահելու համար:

Նուրսուլթան Նազարբաեւը Ղազախստանի Հանրապետությունը ղեկավարում է այդ երկրի անկախացումից ի վեր՝ արդեն 25 տարի: Եվ համաձայն Ղազախստանի Սահմանադրության՝ նա ոչ միայն Ղազախստանի նախագահն է, այլեւ՝ ազգի առաջնորդը: Եվ հենց այդ է պատճառը, որ նրան Սահմանադրության մեջ արված փոփոխությամբ տրվել է իրավունք՝ ղեկավարելու այդ երկիրն այնքան անգամ, որքան իրեն կընտրի ժողովուրդը (ժողովուրդը դա անում է առնվազն 90%-անոց արդյունքներով), իսկ հաջորդ ցանկացած նախագահ արդեն 2 անգամից ավելի իրավունք չի ունենա ընտրվելու:

Ազգի առաջնորդ կոչվելու իրավունքը, ըստ ղազախների, Նազարբաեւը վաստակել է թեկուզ միայն այն պատճառով, որ այդ երկիրը այսօրվա դրությամբ ոչ մի խնդիր, այդ թվում՝ սառեցված, չունի հարեւանների հետ, այդ երկրում բնակվող ղազախների թիվն անկախությունից ի վեր կրկնապատկվել է (1989թ. տվյալներով՝ Ղազախստանում բնակվող 16,6 մլն մարդուց միայն 6,5 մլն-ն էր ազգությամբ ղազախ, իսկ 2016-ի վերջին տվյալներով Ղազախստանում բնակվող 17,7 մլն մարդուց 11,8 մլն-ը ղազախ է), Ղազախստանի տնտեսությունը աճում է՝ ի շնորհիվ ոչ միայն այդ երկրի բնական հարստությունների՝ նավթի ու գազի, այլեւ՝ ներդրումային քաղաքականության (միայն Աստանայում ամեն քայլափոխի կարելի էր տեսնել 100% օտարերկրյա ներդրումներով կառուցված շինություններ), տարիներ շարունակ Ղազախստանի բյուջեից վճարվում էին օտարերկրյա լավագույն բուհեր ընդունված ղազախստանցիների կրթավճարները եւ այլն, եւ այլն, ավելին՝ Ղազախստանը շատ հարցերով անհատույց օգնում է իր միջինասիական փոքր եղբայր-պետություններին:

Այս բոլոր պլյուսների կողքին շատ ցածրաձայն, գրեթե շշուկով խոսում էին մեծ քաղաքներից դուրս ծայրահեղ աղքատության, ժողովրդավարության ցածր մակարդակի, քաղաքական ընդդիմության բացակայության, կոռուպցիայի ու կաշառակերության մասին, ու արագ նկատում՝ դե առանց թերությունների հնարավոր չէ, կաշառակերություն ամեն տեղ էլ կա, աղքատ են միայն նրանք, ովքեր չեն ուզում աշխատել …

Kazaxstan_3

Աստանայի նորակառույցները հիմնականում կապույտ եւ ճերմակ են՝ ֆուտուրիստական ոճով երկնաքերեր:

Քամիների քաղաք Աստանա

1997 թվականին Նազարբաեւի հրամանով Ալմաթիից Ղազախստանի մայրաքաղաքը տեղափոխվեց Աստանա՝ նախկին Ցելինոգրադ: Եվ անմիջապես էլ սկսվեց այդ փոքր քաղաքից մայրաքաղաք կառուցելու աշխատանքը: Քսան տարվա ընթացքում այդ քաղաքն աճեց մեծագույն արագությամբ՝ բազմաթիվ երկնաքերեր, ապակեպատ շինություններ, ֆուտուրիստական ոճի ճարտարապետություն… Բայտիրեկ աշտարակի բարձունքից պարզ երեւում էր, որ Աստանան կառուցվել է տափաստանները «սանձելու» արդյունքում՝ շինություններից անդին շուրջբոլորը տափաստաններ են, եւ անընդհատ փչում էր տափաստանային սառը քամին: Պատմում էին, որ ժամանակին, երբ մայրաքաղաքը տեղափոխվեց այստեղ, ժողովուրդը շատ դժգոհ էր, քանի որ օդի ջերմաստիճանի տատանումը չափազանց մեծ էր՝ ամռանը մոտ 40 աստիճան՝ պլյուս, իսկ ձմռանը՝ նույնքան՝ մինուս:

Քաղաքում ավտոբուսային որոշ կանգառներ փակ էին եւ ջեռուցվող, քանի որ ձմռանն անհնար է երկար կանգնել բաց տարածքում, քամին սուր է եւ կտրող: Այժմ քաղաքի շուրջը եւ քաղաքում էլ հազարավոր ծառեր են տնկվել, որոնք փոքր ի շատե պաշտպանում են քաղաքը քամիներից: Իր հերթին՝ քաղաքն էլ ծառերին է պաշտպանում քամիներից. բնակելիների մոտ ծառերը փարթամ էին, իսկ մինչեւ քաղաքի կենտրոն հասնելը ծառերը շատ նվազ էին՝ նկատելի էր, որ քամիները թույլ չեն տալիս դրանց աճել:
Քաղաքում մետրո չկա, նախատեսվում է կառուցել վերգետնյա արագընթաց գնացքների ցանց, քանի որ մայրաքաղաքի բնակչությունը 2016-ին «գլորեց» 1 մլն թիվը, եւ հասարակական տրանսպորտային ցանցի կատարելագործման հրատապություն առաջացավ: Չնայած լայնարձակ փողոցներին՝ մեքենաների առատության պատճառով խցանումներն այս քաղաքում մշտական խնդիր են:

Աստանայում ոչ միայն փողոցներն են լայնարձակ՝ ամեն ինչ կառուցված է չափազանց մեծ, հսկայամոլության (гигантоманияՏՎՈվՌÿ) զգացողություն էր առաջանում ամեն քայլափոխի՝ «Սա տարածաշրջանի ամենամեծ այսինչն է», «Սա Կենտրոնական Ասիայի ամենաբարձր այնինչն է», «Այս կառույցը մտել է Գիննեսի ռեկորդների գիրք որպես այնինչ»՝ Աստանայով շրջագայելիս անընդհատ լսում ես այս խոսքերը: Եվ այս ամենը նկատի ունենալով՝ ամենեւին չզարմացանք, երբ Ատամեկենում (Նախնյաց երկիր)՝ Ղազախստանի բացօթյա մակետ-ցուցասրահում, Ղազախստանում գտնվող մի լեռան մակետ ցույց տվեցին, որտեղ իջեւանել է… Նոյյան տապանը: Մեր ընդվզմանը զբոսավարը ըմբռնումով մոտեցավ, նշեց, որ երեք լեռ աշխարհում հավակնում է Նոյյան տապանն ընդունած լինելու պատվին՝ այդ թվում իրենցը, բայց, թերեւս, Արարատն ավելի հավանական տարբերակն է: Հետաքրքիր է, եթե մենք չասեինք, որ Հայաստանից էինք ու չընդդիմանայինք Նոյյան տապանի հանգրվանի տեղափոխմանը դեպի արեւելք, զբոսավարը կհիշե՞ր Արարատի մասին:

Տարբեր երկրներում է ընդունված սեփական երկրի մանրաչափական մակետը կառուցել եւ դարձնել հանրահայտ տեսարժան վայր: Աստանայում կառուցված այդ մակետը՝ Ատամեկենը, զբաղեցնում էր 2 հեկտար տարածք, ընդգրկում էր բոլոր մարզերը, մեծ քաղաքները՝ իրենց կարեւորագույն դիտարժան վայրերով, լեռներն ու լճերը, գետերը, Բայկոնուրի տիեզերակայանն ու ամենաշատը՝ տարբեր մարգարեների դամբարանները: Առանձին փակ ցուցասրահ էր զբաղեցնում Աստանայի մակետը, որում տեղ էին գտել ոչ միայն Բայտիրեկը, մեծ վրան-յուրտայի տեսքով «Խանշատիր» առեւտրա-ժամանցային կենտրոնը, Խաղաղության եւ համաձայնության պալատի բուրգը, ձվաձեւ արխիվը, մի քանի այլ հայտնի շինություններ, այլեւ՝ քաղաքի հայտնի հյուրանոցներն ու անգամ բնակելի շինությունները:

Kazaxstan_1

Ի դեպ, հետաքրքիր էր կենտրոնում կառուցված «Իտալական», «Ֆրանսիական», «Անգլիական» թաղամասերի գաղափարը՝ յուրաքանչյուրում համապատասխան ոճի բնակելի շինություններով:

Չնայած ամենամեծ մզկիթին, ամենաբարձր աշտարակին, ամենագունավոր շատրվանին, ամենաերկար շենքին եւ այլնին՝ աստանացիներն ընդունում են, որ, այնուամենայնիվ, նախկին մայրաքաղաքը՝ Ալմաթին, ավելի գեղեցիկ, ավելի կանաչ եւ կոլորիտ, գույն ունեցող քաղաք է, անգամ պնդում էին, որ Ալմաթին ավելի արագ է զարգանում: Մյուս կողմից՝ մեկ այլ ժամանակ առիթ եմ ունեցել լսելու ալմաթացիների դժգոհությունը, թե՝ երկրի ողջ փողերը ներդրվում են Աստանայի մեջ, իսկ Ալմաթին անտեսված է, մնացել է մինչեւ 2000-ականների մակարդակին:

Բաց սրտով մարդիկ

Ղազախստանի բնակիչների ճնշող մեծամասնությունը մահմեդական է, սակայն Ղազախստանն աշխարհիկ պետություն է, եւ նկատեմ, որ Աստանայում անհամեմատ ավելի քիչ տեսա գլուխները ծածկած կանանց, քան արձակուրդիս ընթացքում՝ Գերմանիայում: Իսկ ամբողջովին սեւ փարանջայով, միայն աչքերը բաց թողնող «նիկաբով» կանանց Աստանայում չհանդիպեցի՝ ի տարբերություն Եվրոպայի: Մեր զրուցակիցներից մեկը պատմեց, որ սուննիթ մահմեդական ղազախները ոչ միայն մահմեդական ավանդույթներն են պահպանում, այլեւ՝ մինչմահմեդական շրջանի սովորույթները, երբ ղազախները երկրպագում էին Գայլին, Կրակը կամ Երկինքը: Չգիտեմ, թե այդ բոլորից ո՞ր մեկն էր կոնկրետ ազդել, բայց ընդհանուր առմամբ ղազախները շատ անկեղծ, բացսիրտ, բարեհամբույր մարդկանց տպավորություն թողեցին:

Kazaxstan_2

Իր տեսքի համար Բայտիրեկը ղազախները կատակով «Չուպա չուփս» են անվանում:

Մասնավոր զրույցներում մեր ղազախ (ի դեպ, այդ բառը ունի շատ տարբեր թարգմանություններ՝ «ձիավոր», «ռազմիկ», «թափառական» կամ «անկախ») գործընկերները դժգոհում էին, որ մինչեւ ցարական, ապա՝ սովետական Ռուսաստանի ազդեցության տակ անցնելը, ղազախների ընտանիքներում բաժանություն չէր լինում՝ «էդ ամեն ինչը ռուսներից անցավ մեզ», եւ օղի խմելն էլ ռուսները սովորեցրին՝ «մենք ընդհանրապես ալկոհոլ չէինք օգտագործում, միայն կումիս էինք խմում… ռուսների պատճառով սովորեցինք օղուն»: Չգիտեմ ղազախները օղին որքան հեշտությամբ ընդունեցին ռուսներից, բայց մեզնից մեծ ջանք պահանջվեց մի քանի կում կումիս խմելու համար՝ ղազախների ավանդական խմիչքը՝ պատրաստված ձիու կաթից, հիշեցնում էր մի քանի ամիս թթվեցրած թան՝ մի շարք այլ, անտեղի բույրերով: Փոխարենը՝ ձիու մսով պատրաստած ուտելիքը բավականին լավն էր: Ղազախական խոհանոցում ձիու միսը գլխավոր դերում է, սակայն երիտասարդ սերունդը նախընտրում է ֆաստ-ֆուդը՝ տարբեր տեսակի բուրգերներ, պիցցաներ եւ հոթդոգեր, ճիշտ այնպես, ինչպես քամու, ջրի, անձրեւի ձայներ հիշեցնող ղազախական ավանդական երաժշտության փոխարեն նախընտրում է փոփ եւ հիպ-հոպ: Ինչ կարող ես անել՝ գլոբալիզացիան անշրջելի է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Աստանա-Երեւան

«Առավոտ»

07.09.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930