Լրահոս
Օրվա լրահոսը

Անազնվություն քահանայի նկատմամբ, որը մանկատնից կույր երեխա է որդեգրել

Սեպտեմբեր 08,2016 14:00

Մեծ ցավով կարդացի «Առավոտում» տպագրված «Հայ առաքելական եկեղեցում «սեւով» աշխատող քահանանե՞ր կան» հոդվածը ու պարզապես չգիտությունից կամ անգիտությունից դրդված ցեխ էր շպրտվում մի քահանայի մասին, որը Հայ առաքելական եկեղեցու եզակի սիրված քահանաներից է:

Հոդվածագիրը գրում է, որ Հայ առաքելական եկեղեցուն հարցում էին արել, թե արդյոք իրենց մոտ կա՞ Հակոբ Հովհաննիսյան անունով ծառայող (նշվել է քահանայի աշխարհիկ անունը): Ըստ հոդվածի, պատասխանը եկել է, որ ոչ: Այս պատճառով հոդվածագիրը հռետորական հարց է հնչեցնում, թե «Հայ առաքելական եկեղեցում «սեւով» աշխատող քահանանե՞ր կան»:

Ձեռնադրության ժամանակ անունը փոխվում է

Ես չեմ պատկերացնում, թե ինչու պիտի Հայ առաքելական եկեղեցում քահանաները «սեւով» ծառայեն, քանի որ դրա կարիքն իսկապես չկա: Եթե դուք եկեղեցում հարցում կատարեք ու հարցնեք ներկայումս ծառայող քահանայի աշխարհիկ անունով, ամենայն հավանականությամբ ձեզ կասեն, որ նման մարդ չկա, քանի որ ձեռնադրության ժամանակ քահանայի անունը փոխվում է: Սա պետք է իմանալ:

Օրինակ: Ասենք՝ մի մարդու անունը Աշոտ է: Եթե նա մի օր քահանա ձեռնադրվի ու իր անունը ձեռնադրության ժամանակ փոխվի ու իրեն կոչեն, ասենք՝ տեր Ներսես եւ դուք մի քանի տարի անց հարցում անեք Մայր Աթոռ, թե ձեր մոտ կա՞ Աշոտ անունով ծառայող: Ամենայն հավանականությամբ, ձեզ կասեն, որ ո՛չ, չկա: Հիմա: Այդ տեր Ներսեսը, բայց իրական մարդ է, ծառայում է եկեղեցում՝ Աստծուն ու մարդկանց: Արդյոք ազնի՞վ է այս գրել ու հռետորական հարց բարձրացնել, թե «Հայ առաքելական եկեղեցում «սեւով» աշխատող քահանանե՞ր կան»: Սա էլ պետք է իմանալ: Ու սա չի նշանակում, թե եկեղեցում «սեւով» աշխատող քահանաներ կան ու եկեղեցին էլ դա թաքցնում է:
Դուք պետք է այդ հարցումն ուղարկեք այդ ծառայողի քահանայական անունով: Հասկանո՞ւմ եք, նույնիսկ մարդիկ անձնագրի մեջ են երբեմն անունը փոխում ու ստացվում է մի այնպիսի վիճակ, որ պետական փաստաթղթերի մի մասում դեռ այդ մարդու աշխարհիկ ավազանի անունն է, իսկ մյուս մասում՝ արդեն քահանայական անունը:
Այս քահանան մանկատնից կույր երեխա է որդեգրել ու
մեծացնում է

Վերոհիշյալ հոդվածը Արգավանդում ծառայող տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մասին էր: Իրեն անձնապես չեմ ճանաչում: Բայց գիտեմ, որ շատերն են իրեն սիրում: Մամուլով ու հեռուստատեսությամբ տեսել եմ իրեն մարդկանց կողքին: Հեռուստատեսությամբ տեսել եմ նաեւ, որ նա մանկատնից կույր երեխա է որդեգրել ու մեծացնում է: Քանի՞ մարդ նման բան կանի: Ձեզանից քանի՞ մարդ այսպիսի սեր կցուցաբերի մերձավորի նկատմամբ: Ձեզանից քանի՞ մարդ այսպիսի խաչ կկրի իր կյանքում:

Ամեն ինչ դեպի լավն է գնում

Արդարին մեղադրելը լավ բան չի: Խոսքի ազատությունն առանց պատասխանատվության քաոսի կհասցնի ցանկացած հասարակություն: Ամեն մեկս Աստուծո առաջ եւ իրար առաջ պատասխանատու ենք պետականակերտման ու մարդակերտման գործում: Այո, ամեն եկեղեցում էլ կան խնդիրներ ու դժվարություններ, որոնք լուծման կարիք ունեն, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ վատ է: Վատ չէ, այլ հակառակը, մեր երկնավոր Հայրն ամեն ինչ անում է, որ մեզ դնի մեր փրկության համար լավագույն իրավիճակի մեջ: Եթե դուք ասում եք՝ քրիստոնյա եք, բայց ձեր հույսը մարդկանց վրա է, ապա իմացեք, որ մեր երկնավոր Հայրն ամեն ինչ անելու է, որ մենք ի վերջո մեր հույս մարդկանցից հանենք ու դնենք Իր վրա, որպեսզի ազատվենք կրքերի գերությունից ու կյանք ունենանք: Ամեն ինչ դեպի լավն է գնում մեր փրկության համար: Միայն թե, մենք ինքներս չմերժենք դա:

Ձեզ ոչինչ չի խանգարում սուրբ կյանք ապրել ու
պատվիրանները պահել

Եթե դուք իրական քրիստոնյա եք, ապա ձեզ ոչինչ չի խանգարում սուրբ կյանք ապրել այսօր, հենց հիմա, Հայ առաքելական եկեղեցում: Անկախ նրանից, թե քանի լավ ու վատ եկեղեցականներ կան, դատելը մեր գործը չէ: Այդուհանդերձ, ձեզ ոչինչ չի խանգարում սիրել Աստծուն ձեր ամբողջ կարողությամբ ու սիրել մերձավորին՝ ինչպես սեփական անձը: Հայ առաքելական եկեղեցում շատ կան ազնիվ, Քրիստոսասեր ու մարդասեր հոգեւորականներ, որոնք իսկապես գիշեր-ցերեկ աշխատում են Աստուծո համար, մարդկանց մխիթարելու ու նրանց փրկության համար: Վստահե՛ք Աստծուն: Եթե դուք իսկապես վստահում եք Աստուծո միջամտությանը, ապա կատարեք Քրիստոսի խոսքը: «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար»: (Ղկ 10:2)

Հիշե՛ք: Աստված այնքան իրական մշակներ կուղարկի, որքան որ լսող կա, որքան որ խնդրող կա, որքան որ աղոթող կա: Իսկ կեղծ ու ձեւամոլ քրիստոնյաների համար կլինեն կեղծ ու ձեւամոլ մշակներ: Հիշե՛ք, երբ ուզում են հոտը ցրել, նախ հովվին են խփում: Եթե դուք իրական քրիստոնյա եք ու ձեր համար չկա ավելի կարեւոր բան, քան ապրել սրտով մաքուր ու սուրբ կյանք, ապա պահե՛ք Աստուծո Խոսքը, փայփայեք Քրիստոսի եկեղեցին, քանի որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է ու աշխարհում չկա ավելի ապահով վայր, քան ապրել այդ մարմնի մեջ ու սնվել Քրիստոսից:

Բարին ընդ ձեզ: Ապրեք սրբությամբ ու զորացրեք Քրիստոսի առաքյալների կողմից հաստատված եկեղեցին, եթե սիրում եք Քրիստոսին:

 
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ. Եղիա Խաչատրյան says:

    Արմեն ջան, կներես, բայց եղբայրաբար քեզ պետք է ընդդիմախոսեմ:
    Նախ, դու քո պատասխան հոդվածով շեղվում ես բուն թեմայից և շրջանցում կարևոր հարցեր: Նախորդ հրապարակումներով միտում չի եղել պախարակել Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին, որին քաջածանոթ եմ ես և շատերը: Դու ասում ես, թե Տեր Հոր նկատմամբ անազնվություն է դրսևորվել: Ես Կարեն Հեքիմյանի գրություններում նման բան չտեսա: Եթե դու նման բան ես տեսել, խնդրեմ, ընդգծիր:
    Երկրորդ, ինչ է նշանակում` Մայր Աթոռ հարցում են արել քահանայի քաղաքացիական անունով, որի համար էլ Մայր Աթոռի Դիվանատունը մանկապարտեզի մակարդակի ծիծաղելի պատասխան է տվել քաղաքացիական իրավունքների պաշտպանին, թե` նման անուն-ազգանունով հոգևորական չի ծառայում Հայ Եկեղեցում: Կարծում ես` այդքան միամիտ է Դիվանատունը, որ տեղը չի բերել, թե ում մասին է խոսքը? Թե ձեռնտու չի եղել հարցերին պատասխանել` իրեն դնելով հիմարի կարգավիճակում: Եթե նույնիսկ միայն քաղաքացիական անունով է պաշտպանը ներկայացրել Տեր Գրիգոր քահանային, ապա թող բարի լինեին և պատասխանում նշեին, որ այդ քաղաքացի Հակոբը այլևս Տեր Գրիգոր քահանան է, ով ծառայում է Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում: Չնայած որ նույն այդ քահանայի անձնագրում, որի անունը փոխվել է ձեռնադրության ժամանակ, գրված է Հակոբ Հովհաննիսյան: Պատկերացրու, որ նա պիտի ճամբորդի, գնում է օդակայան և ներկայանում է Տեր Գրիգոր քահանա, այնտեղ իրեն մերժում են գրանցել, քանի որ անձնագրում անունը գրված է Հակոբ` ասելով, թե այդպիսի քաղաքացի` Տեր Գրիգոր անունով, չեն ճանաչում: Սա իմիջիայլոց:
    Երկրորդ, ով ասաց, որ որևէ քահանա պետք է արտոնյալ լինի և որոշ օրենքներից վեր գտնվի: Եթե նա ՀՀ քաղաքացի է, ապա ինչպես իր հոտի անդամ մյուս քաղաքացիները, ինքն էլ ներառյալ, պետք է հավասար լինեն օրենքի առաջ: Առայժմ այսքանը: Խնդրեմ, ինձ ճիշտ հասկացիր: Ես Տեր Գրիգորի դեմ ոչինչ չունեմ: Ես իրավիճակն եմ վերլուծում:

    • Գագիկ Եգանյան says:

      Հարգելի խմբագրություն, Տեր Գրիգորը Աստծուն ծառայող բացառիկ հոգևոր այր է, ով օրն ի բուն մշտապես լծված է հովվական ու քարոզչական գործնեությանը, խստապահանջ է իր և իրեն վստահված համայնքի անդամների նկատմամբ ու մշտապես աղոթող նրանց համար, անկեղծ սեր ու հոգատարություն է ցուցաբերում յուրաքանչյուրի հանդեպ: Մի մեկնաբանության մեջ թվարկել նրա, որպես հոգևորականի, գործնեության բոլոր ոլորտները չափազանց ծավալուն կլինի, ուղղակի նշեմ, որ նա անմնացորդ ու նախանձավոր հոգևոր ծառայության եզակի օրինակ է : Ի դեպ Տեր Հայրը որդեգրել է ոչ միայն չտեսնող Հովհաննեսին, ով Տեր Հոր և երեցկին Անահիտի խնամքի ու դաստիարակության շնորհիվ բացառիկ հաջողությունների է հասել երգեցողության, վոկալի ասպարեզում, այլ նույն մանկատնից երկրորդ երեխային՝ Հուսիկին, ով ունի հենա-շարժողական օրգանների բնածին արատ: Խիստ ափսոսանքս եմ արտահայտում այդպիսի նվիրյալ հոգևորականի անունը ոչ պատշաճ հոլովվելու համար: Գագիկ Եգանյան

    • Gor says:

      Հարգելի Հ. Եղիա Խաչատրյան, Կարեն Հեքիմյանի նյութի վերնագրից արդեն իսկ միտում է դիտվում ցեխ շպրտել հոգևորականի և եկեղեցու հասցեին: «Սևով» աշխատող հոգևորականի մասին վերնագրած հոդվածը մեր այժմյան հասարակության մեջ լուրջ գայթակղությունների առիթ է: Ժամանակակից մարդկանց համար, որոնք, վերնագիր կարդալով առաջ են շարժվում, առանց խորանալու` դա լրջագույն գայթակղություն է, իսկ մարդկանց, որոնք նույնիսկ հոդվածը կարդացին, բայց թեմային չեն տիրապետում` նույնպես չարախոսելու առիթ է տալիս: Մարդկանց մեծամասնությունը տեսնում է ծեսից «մի փեշ» հավաքացած գումարները ու, նախանձից թե եսիմինչից դրդված, քահանայի հասցեին ինչ ասես չի չարախոսում, առանց հասկանալու, որ հոգևորականների շատ մասը աշխատավարձ չի ստանում, և եկած գումարները միայն սեփական գրպանի մեջ չեն դնում, այլ շատ այլ կարիքներ են հոգում: Այդ պարզ բաները շատ-շատերը չգիտեն: Էլ չեմ ասում, որ անձը, ում վրա փորձում են ստվեր գցել հոդվածով, հեղինակություն վայելող հոգևորական է, հարգված մարդ է:
      Թե արդար է հոդվածը, թե ոչ` դա էլ արդեն չորրորդական խնդիր է: Դուք, որպես հոգևորական և կրթված մարդ շատ լավ գիտեք` միտումն ու նպատակը ավելի կարևոր են, քան մնացած պարագաները: Իսկ այստեղ միտումը հստակ եկեղեցուն ու սպասավորին հարվածելն է: Եթե հեղինակը շատ էր տենչում «արդարությունը վերականգնել և ցույց տալ «եկեղեցու ու սպասավորի իրական դեմքը»», ապա կարելի էր թեկուզ պարզապես այլ կերպ վերնագրել… Մնացածի մասին էլ չեմ ասում: Հերիք է կարդալ հոդվածի վերջին նախադասությունը:
      Աստված թող իմաստություն տա բոլորիս` զերծ մնալ Կարեն Հեքիմյանի նյութի նման «ճշմարտությունը մերկացնող» հոդվածներից և կարծիքներից: Եկեղեցու և հովվապետի ու այլ հոգևորականների համար աղոթել է պետք, ոչ թե չարախոսել ու վատաբանել:

      • Հ. Եղիա Խաչատրյան says:

        Հարգելի Գոռ,
        Թույլ տվեք ասել, որ ես Հայ եկեղեցու ներքին խոհանոցից շատ ավելին գիտեմ, քան որևէ հավատացյալ, որի պատճառով էլ առ այսօր գայթակղություններ եմ ունեցել: Սա ասում եմ որպես Էջմիածնի կաթողիկոսարանի երբեմնի պաշտոնյա:
        Ինչպես գիտեք, Կարեն Հեքիմյանը, որին անձնապես չեմ ճանաչում, զբաղվում է քաղաքացիական իրավունքի պաշտպանությամբ և Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի հետ կապված հարցումներ է ուղարկել Մայր Աթոռի կաթողիկոսարան` կատարելով իր մասնագիտական պարտականությունները: Քանի որ Կ. Հեքիմյանն զբաղվում է քաղաքացիների հարցերով, ուստի Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին ներկայացրել է որպես ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյան: Դիվանատունը, վստահաբար, իրազեկ լինելով խնդրին և գիտակցելով հարցի նրբությունը` բավական ուշացումով խուսափողական և կիսատ-պռատ պատասխան է ուղարկել` այն բանից հետո, երբ պաշտպանը Մայր Աթոռի` որպես ՀՀ-ում գրանցված կրոնական-հասարակական կազմակերպության վարչական կենտրոնի և նրա ղեկավարի դեմ դատական հայց է ներկայացրել` դատարանից պահանջելով պարտավորեցնել Էջմիածնի կաթողիկոսարանին պատասխանելու հարցադրող կողմին: Այնուհետև մի ողորմելի պատասխան է ստացվում, թե Հակոբ Հովհաննիսյան անունով հոգևորական Հայ եկեղեցում չի սպասավորում, մինչդեռ նույն այդ անձնավորությունը` որպես ՀՀ քաղաքացի, իր անձնագրում և այլ փաստաթղթերում հանդես է գալիս Հակոբ Հովհաննիսյան անունով: Այս պատասխանից ելնելով` պաշտապանը եզրակացնում է, որ Դիվանատունը կամ տեղյակ չէ հոգևորականների կենսագրություններից և ծանոթ չէ նրանց քաղաքացիական կամ ավազանի անուններին, ինչ որ անհավանական է, կամ որոշ հոգևորականներ պաշտոնապես գրանցված չեն թեմերում և ընդհատակյա (ասել կուզի` 《սևով》) են պաշտոնավարում, որը նույնպես բացառված է, կամ էլ Մայր Աթոռը` ի դեմս Դիվանատան աշխատակցի, ստում է և ցուցաբերում արհամարհանք պաշտոնական հարցման նկատմամբ, ինչը և վրդովեցրել է Կարեն Հեքիմյանին:
        Իսկ հոդվածների վերնագրերը սովորաբար լրագրողներն են ընտրում` կոնտեքստից կտրելով մի հատված և դրանով իսկ թյուրընկալում և սենսացիա առաջացնում:
        Տեր Գրիգորը ծառայասեր հոգևորական է, ունի իր բարերարները, որոնք հովանավորում են զանազան ծրագրեր, որոշակի շրջանակում որոշակի հեղինակություն է վայելում, բայց միաժամանակ 《ի նոցանէ》 է (կարդացողը թող հասկանա): Ես շատ պիտի ակնկալեի, որ նա քաջություն ու համարձակություն ունենար` արտահայտվելու այն աղաղակող անարդարությունների և ապօրինությունների դեմ, որոնք բացեիբաց կատարվում են Հայ եկեղեցում և պատճառ հանդիսանում հազարավոր հավատացյալների գայթակղության և դեպի աղանդավորության գիրկը գլորման: Գարեգին Բ կաթողիկոսին անհատի պաշտամունք մատուցելով և պատեհ-անպատեհ առիթներով խնկարկելով չէ, որ հոգևորականը պետք է ինքնադրսևորվի, այլ ճշմարտությունները չքողարկելով և սխալները մերժելով:
        Բոլորս աղոթող ենք Հայ եկեղեցու առողջացման համար, ինչն սկսվում է նախ և առաջ վարձկան և սուտ հովիվներից ու նրանց խաբկանքներից օր առաջ ազատագրմամբ: Իսկ ակնարկածդ 《հովվապետի》 համար այլևս անիմաստ է աղոթել, քանի որ մենք նման հովվապետ չենք ճանաչում, չենք ընդունում և դեպի արևմուտք շրջված` երիցս հրաժարվելով հրաժարվում ենք…

  2. Կարեն Հեքիմյան says:

    Երկար մտածում էի մեկբաբանե՞լ թե ոչ: Որոշեցի: Մեկանաբանությունս շատ կարճ է, ով ցանկանում է՝ թող հասկանա: 1.Ես ոչինչ չունեմ ՀՀ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանի դեմ, ես պաշտպանում եմ մի անձի իրավունքները, որոնք «հաշվի չի առնվել» Տեր Գրիգորի կողմից 2. Կաթողիկոսին ուղղված հարցմանս մեջ հետաքրքվել եմ թե ո՞վ է Հակոբ Հովհաննիսյանը եւ ի՞նչ կապ ունի նա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ 3. Հարցումս գրելուց առաջնորդվել եմ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթներով 4. Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին սահմանադրորեն ճանաչված է հանրային նշանակության կազմակերպություն, իր բոլոր հետեւանքներով 5.Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին
    չի կատարել օրենքով սահմանված պահանջները եւ գրավոր հարցմանս, սահմանված ժամկետում չի պատասխանել 6.Հարցումս պարունակում էր թվով 7 հարց, որից 2-ին պատասխանվել է այն ժամանակ երբ գործը հանձնել էի դատարան 7.Պատասխանում հստակ նշված է, որ Հակոբ Հովհաննիսյան ԱՆՁ եկեղեցում չի ծառայում 8. Հարգանքի են արժանի բոլոր քրիստոնյաները, այդ թվում Տեր Գրիգորը 9.Հարգում են Տեր Գրիգորին որբ երեխաներ որդեգրելու համար 10. Օրենքը օրենք է բոլորի համար, անգամ Կաթողիկոսի եւ բարի մարդկանց համար: Այսքանը: Աստված պահապան: Հա, մոռացա ասել, որ անձնական նամակի միջոցով հորդորել եմ Տեր Գրիգորին հաշտվել իր հարեւան Նելլի Իսկանդարյանի հետ սակայն այս նամակը եւս անպատասխան մնաց, ասել է թե մերժվեց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930