Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես չհայտնվել սեփական սահմանափակության թակարդում

Սեպտեմբեր 08,2016 13:00

Գրաքննադատ, բանաստեղծ Նաիրա Համբարձումյանի «դեղատոմսը»

Գրողական մի շրջապատում, որտեղ օրերս ներկա էր «Առավոտը», հոլովվում էր Նաիրա Համբարձումյանի անունը: Մասնագետները հիշում էին իրենց կոլեգայի գրախոսությունները, առանձնացնում հատկապես երիտասարդ արվեստագետներ Արամ Պաչյանի, Ավագ Եփրեմյանի երկերի մասին նրա հոդվածները: Անհանգստանում էին, թե իրենց կոլեգան ինչու չի անդրադառնում մյուս երիտասարդ հեղինակների գործերին եւս: Հիշեցին Նաիրա Համբարձումյանի բանաստեղծությունների երեք ժողովածուները՝ «Կանաչ կառեթներ», «Ես բառ եմ դարձել», «Մետեմպսիխոզ»: Արվեստագետները նշում էին, որ «անհետացած» իրենց կոլեգան հաճախ է լինում արտերկրում, կատարում ուսումնասիրություններ, օրինակ, ժամանակին նա ակադեմիական ուսումնասիրություններ է իրականացրել Մեծ Բիտանիայի որոշ համալսարաններում, գրադարաններում եւ այլն:
Մենք հանդիպեցինք Նաիրա Համբարձումյանի հետ:

Մեր զրուցակիցը նշեց, թե ինքը երբեք գրախոսություններ չի պատրաստել, հետո էլ մանրամասնեց. «Գրախոսությունը վաղուց աշխարհում վերացել է, եթե մնացել է՝ ապա փոքր անդրադարձի տեսքով ու ստացել մարքեթինգային բնույթ: Փոխարենը՝ մեկնաբանական քննադատությունը կամ լեզվահոգեբանական գրագիտությունն է իշխում, որով Հայաստանում մեկ-երկու հոգի են փորձում զբաղվել: Սակայն դա իրականանում ու հիմնականում կատարվում է ռուսական աղբյուրներից, որոնք իրենց հերթին ոչ բնագրային լինելով՝ թարգմանության տիրույթում խեղաթյուրված են: Մեր քննադատները անծանոթ լինելով հիմնականում անգլիալեզու բնագրերին, պարզապես արտագրում են այդ խեղաթյուրված թարգմանությունները ու օգտվում դրանցից»: Ինչ վերաբերում է կոլեգաների արտահայտած մտքին, թե ինքն «անհետացել» է, ասաց. «Ընդհակառակը, ես ակտիվ հանգստի մեջ եմ, աշխատում եմ երկհատորանոց «Գրականության տեղեկատվական տեսություն» աշխատության վրա»: Հավելեց նաեւ, թե երկհատորյակի վրա սկսել է աշխատանքը շուրջ 2 տարի առաջ, իսկ թե երբ պատրաստ կլինի՝ կոնկրետ ժամկետ չի կարող նշել:

Անդրադառնալով կոլեգաների հնչեցրած կարծիքին, թե ինչու չի անդրադառնում երիտասարդ հեղինակների գործերին, մեր զրուցակիցն առանց անուններ հնչեցնելու ասաց. «Ոչինչ պետք չէ լուրջ գրողին՝ ոչ գրողականության ավելորդ դասեր, ոչ ոճի, ոչ գրական քաղաքականության, ոչ փիլիսոփայության, ոչ գրելու տեխնիկայի, ոչ առավել եւս՝ մեթոդի: Ամեն գիր անհատական է՝ պայմանավորված այն ստեղծողի էույթով, թեպետ չեմ ժխտում ժամանակի թելադրանքով ստեղծված երկերի գոյությունը, գաղափարները, գեղագիտական հղումները, գաղտնագրերը, դրանք իրագործելու միջոցները: Հետեւաբար, ամեն տեսակ գրական խմբավորումներ ի սկզբանե ծիծաղելի են, քանի որ ինկուբատորային քաղաքականության պես մի բան են դառնում՝ ձեւավորելով սահմանափակությունը, որը հետագայում այդ խմբակում գտնվողները չեն կարողանում հաղթահարել: Ըստ իս՝ դա դիլետանտության տեսակ է, որը բխում է խմբակում գտնվողների շահերից, քանզի հանրության մեջ շրջանառվում են վերջիններիս անունները միայն՝ անկախ նրանց մտավոր հնարավորություններից: Երեւույթ, որն ունի նաեւ իր վտանգավոր կողմերը: Եվ ոչ ոք չգիտի՝ մեքենայորեն կրկնվող անուններն արդյոք համապատասխանո՞ւմ են իրենց կոչմանը, թե՞ հերթական միֆն են ստեղծում»:

Դիտարկմանը՝ կարելի է ենթադրել, թե դա վերաբերում է ոչ միայն մեր օրերին, այլ նաեւ բոլոր ժամանակներին, Նաիրա Համբարձումյանը համակարծիք լինելով՝ հայտնեց. «Իսկապես, միայն ժամանակներն են նորը, իրականում ոչինչ չի փոխվել, ու ժամանակն էլ չի փոխվել, նույնն է՝ հավերժական վերադարձ-պտույտով: Ինքնուրույնությունը, որին ձգտում է մշակութային առիթմիան, մարդկային գիտակցությունը հասցնում է մի շատ կարեւոր մտքի ու խոստովանության անհրաժեշտությանը՝ հաշտվել տատանումների քաոսային ռիթմին ու ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել: Համակերպվել:

Ապակողմնորոշող նշանային որոնումները չեն հասցնում որեւէ հանգրվանի, հետեւաբար այս դեպքում կարեւորվում է ոչ թե ազգի պատմությունը, այլ գիտակցության պատմությունը, գրողի ու ընթերցողի հոգեւոր որոնումները, որոնք տեսանելի են ռացիոնալիստական ճգնաժամի, մշակույթ-կոնտրմշակույթ ընտրության ու դրանց ներսում առկա մարգինալ տարածքների միջեւ: Իսկ յուրաքանչյուր այսպիսի կեղծ գոյություն կազմավորվում է ամենատարբեր գենային ու պատմական մուտացիաների հետեւանքով, որոնք տեղի են ունենում մասսայական մշակույթի, մասսայական գրքի հիմքում: Այսկերպ ոչ միայն փշրվում է հիմքը կամ տեղի է ունենում պայթյուն, այլեւ ի հայտ են գալիս նրանից գոյավորվող միաշաքիլների շոշափուկները՝ սարդոստայն ցանցը, որն ինքնին ոչնչություն է, թույլ, անորսալի, լպրծուն, եւ որում գոյանում է հերթական ճեղքվածքը, բայց ոչ մի արմատական փոփոխություն չի իրականանում: Ստեղծվածը andergraund-ային գրականությունն է, որը հավասարման նշան է դնում մասմշակույթի ու մշակութային արժեքի միջեւ, յուրօրինակ բալիստիկ հրթիռ՝ պատրաստված սեռի, հավատքի, սեքսի, թմրամիջոցների, մարմնավաճառության, սպանությունների, սոցիալական ու քաղաքական աղբի եւ շատ ու շատ երեւույթների խառնուրդով»: Հարցին, թե այսքանից հետո ինչպե՞ս վարվի ընթերցողը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընթերցող իրեն ուղղի հարցը, թե ճշմարտության որ սահմանում են արդյոք մամուլում տպագրվող գրական անդրադարձերը: Գիտենք, որ հետաքրքիր երեւույթ է միֆը եւ շատ ու շատ գրողներ գրական իմիջ ստեղծելու ճանապարհին հաճախ օգտվում են հատկապես շրջված իրականության այդ սահմանից՝ չգիտակցելով, որ ստեղծում են սոսկ մարգինալ «անսահմանություն» ու չեն էլ կասկածում նույնիսկ, որ հայտնվում են սեփական սահմանափակության թակարդում»:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930