Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարների հայացքով, արդարամիտ շեշտադրումներով

Սեպտեմբեր 08,2016 12:30

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ, տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը իր գրեթե 25-ամյա ծառայության ընթացքում աշխատասիրել է ազգային ազատագրական շարժման, պաշտպանության բանակի ստեղծման, կայացման, պարտադրված պատերազմում աննախադեպ հաղթանակին եւ ընդհանրապես բանակաշինության ու պետականակերտման խնդիրներին նվիրված բազմաթիվ երկասիրություններ:

Դրանք սոսկ ազգային վերազարթոնքի հանդեպ հայրենիքի նվիրյալ մարտիկի ու պատմաբանի վերաբերմունքի տուրքը չեն եղել, այլեւ պատմական այն նախահիմքերի ու պատճառների արծարծումներն ու մեկնաբանություններն են, որոնց համապատկերի վրա հանգամանորեն ներկայացվել են թուրք-ազերիների հայատյաց կեցվածքը, ծավալապաշտական նկրտումները եւ ԼՂՀ պաշտպանության բանակի զորացող ոգու ու բազկի անկասելի հակահարվածները: Այսինքն՝ Սենոր Հասրաթյանը իր աշխատություններում արծարծելով Արցախի նախընթաց պատմության հանգուցային դրվագները եւ խորապես ըմբռնելով պատմաքաղաքական յուրաքանչյուր իրավիճակի ճակատագրական խորհուրդը, կենտրոնացրել է իր հոգու բոլոր ուժերը եւ նոր փաստերով, իրողություններով ու շրջագծերով, մանավանդ արդիական խնդիրների անվրեպ մեկնաբանություններով ներկայացրել է ԼՂՀ պետականության կայացման գործընթացներում՝ նրա առանցքային բաղադրիչներից մեկի՝ պաշտպանության բանակի իմացազգացական առաքելությունը:

Սենոր Հասրաթյանի նոր գիրքը, որ խորագրված է «Հայացք դրսից» (Օտարները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին) պաշտպանության բանակի սպայի ու պատմաբանի գիտաքարոզչական կենսագրության մեջ առանձնանում է յուրահատուկ նկարագրով: Եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն մեծադիր աշխատությունը («Տիգրան Մեծ» հրատարակչության տպարան, 470 էջ, 2016թ.) նվիրված է ԼՂՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

Հինգ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», «Սումգայիթից՝ Մարաղա», «ԼՂՀ պաշտպանության բանակ», «Ադրբեջանական սինդրոմ «սեւ ցուցակի» տեսքով» եւ «Պատմաշինությունը որպես մտածելակերպ» գլուխներից բաղկացած աշխատության ամբողջականությունը լրացնում են հեղինակային «Երկու խոսքը», Արցախի մասին պատմական համառոտ ակնարկը, պատմական ու արդիական բազմաթիվ քարտեզները, լուսանկարները եւ «Վերջաբանը»:

Իսկ որո՞նք են «Հայացք դրսից» աշխատության մտահղացման ու նպատակադրման ելակետերը: Այն պարագան, որ ուսումնասիրության հեղինակը մեզանում առաջին անգամ ստվարածավալ աշխատությամբ անկախություն նվաճած Արցախի հիմնախնդիրը, բանակաշինության գործընթացի խնդիրները ներկայացնում է օտարների կարծիք-տեսակետների, նրանց իրազեկվածության ու համոզմունքների լույսի ներքո:
Պատմագիտական, քարոզչական, տեղեկատվական ու դիվանագիտական բնույթի իր առաջադրույթը յուրացնելու եւ հանրահռչակելու նպատակադրմամբ Սենոր Հասրաթյանը ներկայացնում է տարիների ընթացքում արձանագրած իր անձնական գրառումները, պարբերական մամուլի էջերից, պաշտոնական փաստաթղթերից քաղված նյութերը, տվյալները, օտարների ելույթները, հայտարարությունները, Եվրախորհրդի, ԱՄՆ-ի ընդունած բանաձեւերը եւ մի «հարկի տակ» է ժողովել միջազգային համբավ ունեցող քաղաքական, ռազմական, գիտության ու մշակույթի գործիչների, փորձագետների ու լրագրողների կարծիքները Արցախի հանրապետության, պաշտպանության բանակի կայացման, ճանաչման ու գնահատանքի բազմաշերտ գործընթացների մասին:
Ինչ խոսք, որ օտարազգի անվանի գործիչների կարծիքներն ու տեսակետները դիվանագիտական արժեքից բացի, լայն ու նպաստավոր քաղաքական հարթակ են ստեղծում, նոր հայացքով են լուսավորում Արցախյան հիմնախնդրի եւ պաշտպանության բանակի կայացման շատ եզրեր ու հեռագնա ծրագրեր, որոնք շատ ավելի ծանրակշիռ ու կարեւոր են, քան «տիրոջ» վարժված, ամենօրյա հորդորները:

Աստիճանական տրամաբանությանն է ենթարկված նաեւ աշխատության կառուցվածքային բովանդակությունը: Ընդսմին, շրջանառության մեջ դնելով օտարների հետաքրքրվածությունը, անթաքույց խոստովանությունները, գնահատանքի խոսքերը ԼՂՀ պաշտպանության բանակի մասին, ուսումնասիրության հեղինակը արդարացիորեն առանձնաշեշտում է այն հանգամանքը, որ ԼՂՀ կայացումը, թե բուն պատերազմական գործողությունների եւ թե համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, ամենից առաջ պայմանավորված է պաշտպանության բանակի մարտունակությամբ, հոգեկերտվածքում բնավորված հայրենազգացության եւ անձնուրացության սրբազան որակներով:
Երկասիրության հետագա էջերում Սենոր Հասրաթյանը անդրադարձ է կատարում նաեւ ԼՂՀ տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտների զարգացման խնդրականներին, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերում թուրք-ազերիների կատարած վայրագություններին, աներեւակայելի բռնարարքներին, պատմական փաստերն ու իրողությունները «ծուռ հայելու» մեջ ներկայացնելու նրանց բարբաջանքներին, քարոզչական հոխորտանքներին, սադրանքներին ու ահաբեկություններին՝ «Ժողովրդի հայր» Ալիեւից սկսած մինչեւ կրտսեր Ալիեւը:

Այս կետում, իրավամբ, տեղին կլինի անդրադառնալ նաեւ զավեշտալի «սեւ ցուցակին», ադրբեջանցի այն քաղաքական-պետական գործիչների ու մտավորականների կարծիքներին, որոնք ողջամտորեն դատապարտում են Բաքվի վարած պաշտոնական քաղաքականության սնանկությունն ու անպտուղ բարբաջանքները, «խավյարադոլարային» ճամարտակություններն ու սեփական ժողովրդի աչքն ու միտքը խափանելու, ստրկացնելու, իրենց կորուստների, կրած պարտության փաստերը քողարկելու բոլոր ջանքերը, ինչպես դա վկայակոչել է «Հայացք դրսից» աշխատության հեղինակը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մարտունակության, ոգեղեն նկարագրի որակները մեկ անգամ եւս ցուցանելի դարձան իսլամիստների, թուրք-ազերիների հրոսակախմբերի ապրիլմեկյան սադրիչ ու լայնածավալ գործողությունների ժամանակ, որոնք ջախջախիչ պարտություն կրեցին, բայց դժբախտաբար սահմանային գոտիներում շարունակվում են հրետակոծությունները եւ անմեղ արյուն է հեղվում:

Հիշատակված կետերով, ենթահարցերով չեն սպառվում այն խնդիրները, որ արծարծված են «Հայացք դրսից» արժեքավոր, դիվանագիտական, քարոզչապատմական բնույթի աշխատությունում: Իսկ ընդհանրապես Սենոր Հասրաթյանը ռազմաքաղաքական խառնվածքի, բանակաշինական դավանանքի պատմաբան է եւ խնդրո առարկա աշխատությունը շարադրված է քաջատեղյակ հետազոտողի եւ հմուտ պատմաբանի գրչով:

 
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

«Առավոտ»

07.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930