Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուսաբանե՞լ, թե՞ հրաժարվել ինքնասպանությունների թեմայից․ գերմանական մամուլի փորձը

Սեպտեմբեր 07,2016 23:59

Վերջերս Բեռլինի լրագրության դպրոցի ու «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ կողմից կազմակերպված «Միջսահմանային դիտարկումներ. Ներքին Սաքսոնիայում և Հայաստանում ՏԻՄ ընտրությունների անաչառ լուսաբանում» ծրագրի շրջանակում Հայաստանից մեկնած լրագրողական խմբի հետ եղա Գերմանիայի Օսնաբրույկ քաղաքում լույս տեսնող «Neue Osnabrucker Zeitung» օրաթերթում։ Նշենք, որ Օսնաբրյուկը 20-րդ դարի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի ծննդավայրն է, քաղաքի հին հատվածում է գտնվում նրա տունը, որը  տուրիստների ամենասիրելի վայրերից մեկն է, այստեղ հատուկ գալիս են լուսանկարվելու։

Օսնաբրյուկում մրցակից չունեցող «Neue Osnabrucker Zeitung» օրաթերթը ինձ հետաքրքրեց նրանով, որ բացարձակապես չի անդրադառնում ինքնասպանություններին, լուսաբանում է բացառիկ դեպքերում, երբ առնչվում է որևէ պաշտոնյայի։ Նույն սկզբունքով առաջնորդվում է նաև Գերմանիայի ամենամեծ լրատվական գործակալությունը՝ dpa՝ Deutsche Presse-Agentur-ը՝  շրջանցելով այս թեման: Այս լրատվամիջոցը օրական 3200 նյութ է տեղադրում, 2200  լուսանկարներ հրապարակում, դրանք բազմաբովանդակ են, նույնիսկ կան նորություններ երեխաների համար ու երեխաների մասին, սակայն դրանց մեջ տեղ չեն գտնում ինքնասպանությունների մասին լուրեր։ Գործակալության կորպորատիվ հաղորդակցության ղեկավար Քրիզ Մելզերը՝ (Chriz Melzer) մեզ հետ զրույցում նշեց, որ թեև գերմանացիները կարդում են սկանդալներ, սակայն նրանք սիրում են ընթերցել փաստեր: Ի դեպ, նշենք, որ ընթերցողները փաստեր են պահանջում նաև ընտրություններին մասնակցող թեկնածուներից։

20160825_124101 20160825_130012 20160825_130020 img_3945

Ի տարբերություն հայկական իրականության, որտեղ լրագրողական նյութերը  լի են թեկնածուների շռայլ խոստումներով, գերմանացիները խոստումներ չեն ընթերցում։ «Neue Osnabrucker Zeitung» օրաթերթի խմբագրությունում մեզ ներկայացրեցին, որ եթե թեկնածուի խոսքի մեջ խոստումներ են, այլ ոչ փաստեր, իրենք սահմանափակում են նրա խոսքը, նշելով՝ բավական է։ Որոշակի սահմանափակումեր են կատարում, էթիկայի կոդեքսով հստակ որոշում են քանի բառ հատկացնել թեկնածուներին ու քարոզարշավը ստացվում է հավասարաչափ։ Ընդ որում` Գերմանիայում օրենքը չի պարտադրում հավասարաչափ եթեր տրամադրել կամ թերթում տեղ հատկացնել բոլոր թեկնածուներին։Կոնկրետ այս խմբագրությունում, ինչպես նշեց լրատվական բաժնի ղեկավար  Մայքլ Քլասենը,  միայն բարոյական պարտավորվածություն են զգում թեկնածուների միջև հավասարություն պահպանելու։

Ինչևէ, չշեղվելով ինքնասպանությունների, դժբախտ պատահարների թեմայից՝ արձանագրենք, որ հայկական իրականությունն այս հարցում ևս  բոլորովին այլ է, կարելի է ասել անհամեմատելի. երբեմն  լրատվամիջոցներ են փորձում նման թեմաներ շոշափելով ընթերցողներ գրավել, երբեմն էլ հասարակական պահանջն է թելադրում անդրադառնալ  ինքնասպանություններին, ավելին` օրվա մեջ մի քանի անգամ մանրուքներ ճշտել ու զարգացնել թեման։ Կոնկրետ Գյումրու օրինակով կարող եմ նշել, որ նման դեպքերում գյումրեցիները լրագրողից ուղղակիորեն պահանջում են հնարավորինս մանրամասնել թեման, ավելին` երբեմն սոցիալական ցանցերում գտնում են ինքնասպանություն գործած անձի լուսանկարներ ու ուղարկում լրագրողին։ Կարծում եմ, որ փոքր տեղանքներում, որտեղ մարդիկ գրեթե ճանաչում են մեկը մյուսին, դժբախտ դեպքերի մասին տեղեկացված լինելը հասարակական պահանջ է։ Սակայն խոստովանենք, որ նման դեպքերը լուսաբանելիս շատ անգամ չենք փորձում թաքցնել ինքնասպան եղած կամ զոհ դարձած անձանց տվյալները, անգամ որևէ միջադեպի մեջ հայտնված երեխաների տվյալները:

Իսկ Գերմանիայի մամուլի կոդեքսը, որը կազմվել է Գերմանիայի մամլո խորհրդի կողմից մամուլի ասոցիացիայի հետ համագործակցությամբ և 1973 թվականի դեկտեմբերի 12-ին ներկայացվել ֆեդերալ նախագահ Գուստավ Վ․ Հեմանին,  բավական խիստ պահանջներ է ներկայացնում լրագրողներին՝ սահմանափակելով անձնական տվյալներ հրապարակելն ու պահանջելով զգույշ լինել քրեական դեպքերի լուսաբանման հարցում։ Իհարկե, լրագրողական էթիկայի մասին մեր ընկալումները բավական տարբեր են գերմանացի լրագրողների ընդունած չափանիշներից․ մեր այցի ընթացքում, երբ աղբյուրների գաղտնիության, անանուն աղբյուների կիրառման  թեման էր շոշափվում, հայկական փորձից մեջբերվող օրինակները  լսելով՝ գերմանացի մեր գործընկերները երբեմն չէին կարողանում թաքցնել իրենց զարմանքը։ Սակայն,  որքան էլ տարբեր լինեն մեր ընկալումները, վատ չէր լինի, եթե մենք էլ գերմանացի լրագրողների պես կարողանայինք հարգել տուժածների իրավունքները։

Գերմանիայի մամուլի կոդեքսից առանձնացրել ենք մի քանի դրույթներ, որոնք երբեմն , առանձին դեպքերում դառնում են քննարկման թեմա  հայ լրագրողներիս համար։ Կոդեքսի 8-րդ գլուխը կոչվում է «Անձնական տվյալների պաշտպանությունը», համաձայն որի՝ մամուլը պետք է հարգի անձի մասնավոր կյանքը, իսկ եթե անձի վարքագիծը հասարակության հետաքրքրության կենտրոնում է, այն հրապարակելը  քննարկվում է մամուլի կողմից։

Այս կետի ենթակետերից մեկը  վերնագրված է «Զոհերի պաշտպանությունը»։ Այստեղ ամրագրված է․ «Զոհերը իրավունք ունեն իրենց ինքնության հատուկ պաշտպանության։ Զոհերի ինքնության մասին տեղեկություններն, ընդհանուր առմամբ ոչինչ չեն տալիս հասկանալու վթարների, հանցագործության ու դժբախտ պատահարների հանգամանքները։ Զոհի անունն ու լուսանկարը հրապարակելը թույլատրելի է, երբ նրա հարազատները կամ այլ պատասխանատու անձիք տալիս են իրենց համաձայնությունը կամ եթե զոհը հասարակական կերպար է»։

Նույն հոդվածի մեկ այլ ենթագլուխ կոչվում է «Երեխաներն ու երիտասարդները», որտեղ գրված է՝ քրեական դեպքերն ու պատահարները լուսաբանելիս երիտասարդների ու երեխաների ինքնության մասին տվյալներ հրապարակելն անընդունելի է մինչև 18 տարեկանը չլրանալը։

Գերմանիայի մամուլի կոդեքսը նաև հատուկ կետ ունի, որը վերաբերում է հարազատների  կամ երրորդ կողմի տվյալների հրապարակմանը։ «Հարազատների կամ երրորդ անձերի դեպքում, որոնք անուղղակիորեն առնչվում են  հրապարակմանը, բայց ոչ մի կապ չունեն նյութի բուն թեմայի հետ, անուններն ու լուսանկարները հրապարակելն անթույլատրելի է»։

Գերմանական կոդեքսը ունի նաև հատուկ կետ անհայտ կորածների մասին, այս կետում նշվում է, որ նրանց տվյալներն ու լուսանկարները կարելի է  հրապարակել միայն պատասխանատուների  համաձայնությամբ։

Կա նաև կետ, որը կոչվում է «Հիվանդություն»․ «Ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունները կամ ստացած վնասվածքները մարդու անձնական կյանքի տիրույթում են ։ Որպես կանոն մամուլը պետք է խուսափի հիվանդությունների կամ վնասվածքների մասին հաղորդել՝ առանց տուժած անձանց համաձայնության»։

«Ինքնասպանություն» վերնագրի տակ էլ հստակ նշվում է՝ ինքնասպանությունների մասին հրապարակումները  պետք  է զսպված լինեն, սա, մասնավորապես վերաբերում է անունների, լուսանկարների ու մասնավոր հանգամանքների նկարագրությանը։ Հատուկ պաշտպանության տակ են նաև մասնավոր հասցեները։ «Տեղանքներ» կետի տակ ընթերցում ենք, որ մասնավոր հասցեները, այնպիսիք, ինչպիսին հոսպիտալներն են, խնամքի կենտրոնները, վերականգնողական կենտրոնները, հատուկ պաշտպանության տակ են գտնվում։

Նկատենք, որ դատական նիստերի  կամ հարուցված քրեական գործերի լուսաբանման ժամանակ էլ, երբ ամբաստանվողը երիտասարդ է, մամուլը զգուշավորություն պետք ցուցաբերի՝ նկատի ունենալով այն, որ նրա ապագան դեռ առջևում է։

Մեզնից երբևէ որևէ մեկի մտքով անցա՞վ չլուսանկարել կամ չնկարահանել ասենք  «Օդնոկլասնիկի» հայտնի գործով ամբաստանվող երեք երիտասարդներին կամ Հոռոմի խաչմերուկում  զոհված անձանց լուսանկարները հրապարակելու համար  հատուկ թույլտվություն ստանալ նրանց հարազատներից, իհարկե՝ ոչ․․․Կան լրագրողներ, որոնք առանց որևէ թույլտվության սոցցանցերից հանում ու օգտագործում են տուժած կամ զոհ դարձած անձանց լուսանկարները։

Ի դեպ, երբ Գերմանիայի լրատվամիջոցների՝ ինքնասպանությունները չլուսաբանելու փորձը ոգևորված պատմեցի մեր իրավապահներից մեկին, վերջինս թեև հիացած լսեց այս մասին, սակայն կատակով նշեց․ «Եթե գերմանացիներից օրինակ վերցնես, առանց ընթերցողի կմնաս»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930