ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն այսօր Аravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում ասաց, որ ինքը պայմանավորվել է արտասահմանցի բարձրակարգ մարզչի հետ, որը ոչ հեռու ապագայում կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
«Ես որոշակի պայմանավորվածություն ունեմ արտասահմանցի մի քանի մարզիչների հետ: Մեկը $ 270 հազար է ուզում, մեկ ուրիշը՝ մոտ $ 130 հազար, դասով մի փոքր ավելի ցածրն էլ կա: Նրանք պատրաստ են բռնցքամարտիկներին ճիշտ ուղու վրա դնել, պատասխանատու լինել արդյունքի համար: Տարեվերջին ֆեդերացիայի համաժողով կանցկացնենք, կտեսնենք մեր հնարավորությունները: Ես սրա մասին եմ մտածում եւ ասում: Ավելի լավ է տարեկան կես միլիոն դոլար ծախսենք ու մասնագետների թիմ ստեղծենք, որպեսզի չորս տարի հետո ունենանք 2-3 օլիմպիական չեմպիոն», – ասաց պարոն Գեւորգյանը:
Հարցին, թե մեկ ծաղկով գարուն կգա՞ եւ խոսքը օլիմպիական ոսկիների՞ մասին էր, թե՞ ընդհանրապես մեդալի, ֆեդերացիայի նախագահը հակադարձեց. «Լավ հարց եք տալիս: Առաջին ծաղիկն արդեն գարնան նշան է: Այո, ոսկե մեդալները նկատի ունեմ: Ընդհանրապես մեդալ, մենք այս վիճակից էլ կունենանք: Մի մարզիչն արդեն թիմ է, մի ամբողջ ուղեղ, որը կարճ ժամանակում ձեւավորելու է թիմ: Նա կգնա դպրոցներ, գիտելիքը կգնա, կհասնի գյուղեր: Ազգային հավաքականի այդ գլխավոր մարզիչը կոորդինացնելու է նաեւ երիտասարդական, պատանեկան հավաքականների աշխատանքը»:
Վերջին հարցին, թե թվարկած երեք մարզիչներից ավելի շատ որի՞ն է հակված հրավիրել, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Ամենաթանկին, որը նաեւ ամենալավն է: Միջինին բերելու իմաստ չեմ տեսնում: Միջին արդյունքներ մեր մարզիչներն էլ են ապահովում: Մեզ պետք է այնպիսի մասնագետ, որին մեր մարզիչները ընդունեն ու աշխատեն նրա մշակած ծրագրով»:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ