Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Եթե իսկապես ուզում ենք օլիմպիական չեմպիոն ունենալ, հիմնավոր վերանայումներ են պետք»

Սեպտեմբեր 07,2016 22:25

Խոսելով ապագայում բռնցքամարտի օլիմպիական չեմպիոններ ունենալու հեռանկարների մասին՝ ՀԲՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն Aravot.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասաց. «Ռիո մեկնած մեր բռնցքամարտի թիմում մենք չունեինք մարդ, որը գնում էր ոսկու հետեւից: Եկեք ֆանտազիաներին վերջ տանք: Հարկավոր են հիմնավոր վերանայումներ: Բռնցքամարտն այն մարզաձեւը չէ, որտեղ պատահականորեն, կամ բնատուր ֆիզիկական ուժի շնորհիվ կարող ես գնալ ու չեմպիոն դառնալ:

2017 թվականի համար նախատեսված է ձեռք բերել ընդամենը մեկ ռինգ եւ վեց զույգ ձեռնաթաթ: Մինչդեռ, ֆեդերացիան  տարեկան մոտ կես միլիոն դոլար է հատկացնում գույք ձեռք բերելուն: Դա ֆեդերացիայի գործը չի, դա պետության գործն է, որպեսզի պայմաններ ստեղծի մարզադպրոցներում, երեխաները զբաղվեն բռնցքամարտով եւ աճեն»:

Հարցին, թե ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է եւ պետությունը պարտավոր չէ ֆինանսավորել, պարոն Գեւորգյանը հակադարձեց. «Ֆեդերացիաներին, մասնավորապես, բռնցքամարտին նաեւ գույք ձեռք բերելու համար պետական աջակցություն անհրաժեշտություն չկա: Մարզադպրոցները, որոնք գործում են ՏԻՄ ենթակայությամբ,  թող այժմվանից գույքով ապահովեն, պայմաններ ստեղծեն ու ամեն պատահածին որպես մարզիչ աշխատանքի չընդունեն: Իհարկե, եթե իսկապես օրինաչափորեն ապագա օլիմպիական չեմպիոններ ունենալու ցանկություն կա: Մենք բռնցքամարտիկների խնդիր չունենք, դա հայի գեների մեջ է: Մենք տեղում մարզիչներ կրթելու խնդիր ունենք: Հաջորդ օլիմպիական շրջափուլն արդեն սկսվել է եւ մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք: Ցավոք, մեր մարզիչները կրթվելու, որակավորումը բարձրացնելու ցանկություն չունեն: Երբ ասում ես, թե դրսից բարձրակարգ մասնագետ ես հրավիրել, որը կոնկրետ հավաքներ է կազմակերպելու, տեսական ու գործնական պարապմունքներ է անցկացնելու, մեր մարզիչները դրան թերահավատորեն են նայում, չեն ընդունում, որ սովորելու բան անպայման ունեն: Բանը հասել է այնտեղ, որ այդպիսի մարզիչները օգնելու փոխարեն արդեն խանգարում են իրենց սաներին: Իսկ ֆեդերացիան այդ ոլորտում վերահսկողություն իրականացնելու որեւէ իրավասություն չունի: Մենք անարդյունք պայքարում ենք, որպեսզի որեւէ տեղ մարզիչ նշանակվի ֆեդերացիայի երաշխավորությունը լինելու դեպքում: Բայց գոնե ֆեդերացիայի որոշմամբ հասել ենք մի հանգրվանի. այն մարզիչը, որը չունի ֆեդերացիայի լիցենզիա, Հայաստանի առաջնություններին թիմ կամ բռնցքամարտիկ հայտավորելու իրավունք չունի, եթե ֆեդերացիան չի մասնակցում այս կամ այն պաշտոնական մրցաշարին, ուրեմն Հայաստանը այնտեղ ոչ ոք չի կարող ներկայացնել:

Չեմպիոններին, մեդալակիրներին պարգեւատրելը լավ բան է: Էլի թող պարգեւատրեն, դա իրենց սրտի ցանկությունն է: Բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ մինչ այդ, կամ դրա հետ մեկտեղ գումարներ հատկացվեին մարզչական պրոֆեսիոնալ խմբեր ստեղծելու, մարզերում գործող մարզադպրոցները կահավորելու, զարգացնելու գործին, որպեսզի հաջորդ օլիմպիական խաղերում մի քանի չեմպիոն ունենանք:

Մեր մարզիչները սիրում են ասել, թե բռնցքամարտիկները մրցափորձի պակաս ունեն: Նույն Ռիոյում տեսա՞ք ԱՄՆ-ի հավաքականը, որը մեծամասամբ համալրված էր 18-20 տարեկան երիտասարդներով: Նրանց մրցափորձը լավագույն դեպքում միջազգային 20 ելույթն էր, մեր տղաներինը՝ 200-ը: Բայց ի՞նչ էին անում ամերիկացիները բազմափորձ, աշխարհի, օլիմպիական չեմպիոնների ու մեդալակիրների գլխին: Սա մեկ անգամ եւս վկայում է, որ մեր խնդիրը մարզիչների եւ աշխատանքները ճիշտ կազմակերպելու մեջ է»:

Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930