Իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ՄԻՊ-ին ուղղված քաղաքացիների բողոքների իրական պատկերը կարող էր լինել բոլորովին այլ, եթե քաղաքացիները իրենց բոլոր բողոքները ներկայացնեին:
Հիշեցնենք, որ ըստ ՄԻՊ-ի զեկույցի 2015-ին ամենամեծ թվով բողոքները եղել են ոստիկանությունից, հաջորդ տեղերում են դատարանները, արդարադատության եւ Պաշտպանության նախարարությունները:
«Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ոչ բոլոր քաղաքացիներն են իրենց բողոքները ներկայացնում ՄԻՊ-ին իրենց իրավունքների խախտումների վերաբերյալ:
Երբ այդ կառուցվածքում ՄԻՊ-ին ավելի շատ դիմում են ոստիկանությունից բողոքներով, դա նշանակում է, որ ոստիկանության կողմից քաղաքացիների իրավունքների խախտման ռիսկերն ավելի մեծ են, այն իմաստով, որ խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունները քիչ են: Ես նկատի ունեմ, եթե այլ մարմիններից կարող են ավելի շատ բողոքներ ունենալ, օրինակ` ՏԻՄ գործողությունների հետեւանքով իրավունքների խախտումները գուցե ավելի շատ լինեն, բայց քաղաքացիները տեսնում են, որ այդ իրավունքների հետ կապված բողոքներով կարողանում են ավելի մեծ արդյունքի հասնել, քան ոստիկանների գործողությունների վերաբերյալ բողոքներով»,- Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը՝ անդրադառնալով ՄԻՊ զեկույցին:
Կարդացեք նաև
Ըստ նրա, պետական մարմիններից միայն ոստիկանության գործողությունների հետեւանքով խախտված իրավունքների կանխման կամ վերականգնման հնարավորություններն են նվազագույնը: Այդ պատճառով քաղաքացիները միակ ելքը տեսնում են ՄԻՊ-ին դիմելը:
«Օբյեկտիվ է զեկույցը, որովհետեւ բողոքների երկրորդ եւ երրորդ տեղերը խոսում են այն մասին, որ դատարանները իրենց գործառույթները՝ որպես խախտված իրավունքների վերականգնման ինստիտուտ, չեն իրականացնում: Այդ պատճառով է, որ քաղաքացիները չեն վստահում դատարանին՝ որպես խախտված իրավունքի վերականգնման ինստիտուտ: Հենց դրա հետեւանքով է ՄԻԵԴ-ում Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա հրապարակված վճիռներն ընդդեմ Հայաստանի, այդ վճիռները դատական սխալներով է պայմանավորված»:
Թե ինչու են քաղաքացիներն ամենից շատ բողոքում ոստիկանությունից, ոստիկանության լրատվության բաժնից խոստացան մեր հարցին պատասխանել գրավոր, սահմանված ժամկետում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ