Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ի՞նչ ճաշ եք եփում 150 տարեկան թատրոնում»․ աճեմյանցիները ոտքի են կանգնել. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 21:30

Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ իր բողոքն ու զայրույթը ներկայացնելով տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի շուրջ։ Դերասանների ասելով, մրցույթը հայտարարվել է  թաքուն, իրավական խախտումներով․ նախ օրենքի պահանջը շրջանցելով՝ հայտարարությունը տպագրվել է միայն «Հայաստանի հանրապետություն» թերթում ու այլ ԶԼՄ-ներն անտեսվել են,  թատրոնի անձնակազմը ևս չի իմացել այս մրցույթի մասին։

Բայցի այդ, ըստ թատրոնի կոլեկտիվի, թեև միաժամանակ հայտարարություն է տրվել երկու թատրոնների տնօրենների մրցույթի համար․ մեկը՝ մայրաքաղաքի «Գոյ», մյուսը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, սակայն տնօրենին ներկայացված պահանջները տարբեր են. եթե «Գոյի» թատրոնի դեպքում պահանջվում է , որ տնօրենը պետք է լինի թատերական ոլորտից, Գյումրու դեպքում միայն բարձրագույն կրթություն է պահանջվում։ «Չես հասկանում ո՞ւմ ձեռքով ու ինչպե՞ս  է նախարարի քթի տակ, հայտարարություններից մեկի մեջ «Գոյի» թատրոնի համար նշվում, որ տնօրենն անպայման պետք է լինի թատրոնի ոլորտից, իսկ Գյումրու թատրոնի համար նշվում է, որ պետք է ունենա բարձրագույն կրթություն։

img_4011 img_4021 img_4026

Այսինքն` տնտեսագիտականն ավարտած մարդն էլ, բժիշկն էլ կարող են լինել տնօրեն, սա է ամենից զարմանալին, սա է իրավական խախտումն առաջին հերթին։ Մշակույթի նախարարն, անպայման, ուշադրություն պետք է դարձնի մինչև մրցույթը ու գտնի, թե ովքեր են դա արել և ում ցուցումով։ Ես զայրացած եմ, որ Գյումրիում լուրեր են պտտեցնում, թե թատրոնը ոտքի է կանգնել, ընդվզում է, որովհետև «Հանրապետական» կուսակցությունից է եկողը։ Մենք ութ տարի ունեցել ենք «Հանրապետական» կուսակցությունից նշանակված տնօրեն, հրաշալի աշխատել ենք, իսկ եթե տնօրենը չի հասկանում թատրոնը, չի տարբերում դերասանին լուսավորողից, չի կարող այդ թատրոնում ստեղծագործական աշխատանք լինել։ Իսկ եթե մի թատրոնում դադարում է ստեղծագործական աշխատանքը, սկսվում են ուրիշ խմորումներ, թայֆաբազություն է սկսվում կոպիտ ասած, բամբասանքներ, կոնֆլիկտներ․․․ Ի՞նչ է նախարարը իր գործը թողած պետք է անընդհատ վազի, այս կոնֆլիկտները դադարեցնի՞։ Սա միտում է թատրոնը քանդելու, էլի Հանրապետական բերեք, բայց թատրոնից հասկացող մարդ, թատրոնին սրտացավ մարդ։ Մարդը հրավիրատոմսը ձեռքին թատրոն չի եկել, հիմա գալիս է թատրոն ղեկավարելո՞ւ»,- զարգացավ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Բաղդասարյանը։

Թատրոնի մենեջեր Տիգրան Վիրաբյանի պարզաբանմամբ էլ ՀՀ մշակույթի նախարարությունը ունի հրաման ՊՈՒԱԿ-ների տնօրենների ընտրության կարգի մասին, համաձայն որի, մրցույթը ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար մատչելի պայմաններում պիտի ապահովվի։ Այս պահանջը չի պահպանվել։ Ըստ նույն հրամանի 5-րդ կետի, տնօրենի ընտրության պարտադիր պայման է համապատասխան բնագավառի բարձրագույն կրթությունը, որը մշակույթի նախարարությունը կիրառել է Երևանի «Գոյի» թատրոնի դեպքում։ «Թույլ տվեք նկատել, ինչո՞վ է տարբերվում մայրաքաղաքի էլիտար թատրոնը ռայոնի ստեղծագործող թատրոնից, մայրաքաղաքի թատրոնը պետք է ղեկավարի կոմպետենտ մարդ, իսկ ռայոնի թատրոնը ո՞վ ուզի»,- նետեց Տիգրան Վիրաբյանը։ Նրա ասելով, իրենք վստահ են, որ մշակույթի նախարարը, տեղեկանալով խնդրին, կհանձնարարի այս պատմությունը ջրի երես հանել,  քանի որ իրենք վստահ են, որ նման բան չէր կարող լինել մշակույթի նախարարի գիտությամբ, սա մանր օղակների կազմակերպած խաղ է։

Ըստ աճեմյանցիների, մրցույթին մասնակցում են երկու հոգի, որոնք կոմպետենտ չեն, ավելին, նրանցից մեկը քաղաքում լուրեր է տարածում, որ ինքն արդեն նշանակված է, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն ու ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն էլ հովանավորում են  իրեն։

ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանն ասաց․ «Զարմանում եմ՝ իմանալով հանդերձ, որ կոլեկտիվը չի ուզում այդ մարդկանց տեսնել որպես թատրոնի տնօրենի , բայց շատ տգեղ ձևով են ուզում հասնել այդ պաշտոնին՝, լուրեր տարածելով, մարդկանց վարկաբեկելով, կուսակցություն վարկաբեկելով»։ Շարունակելով թեման՝ դերասանուհի Գոհար Խաչատրյանն էլ գեղարվեստա-ստեղծագործական խմբի անունից ասաց․ «Մենք խնդրին տեղեկացել ենք  հետևյալ կերպ, որ մեր տնօրենը Գևորգ Խաչատրյանը ուշացել է իր հայտը ներկայացնել տնօրենի մրցույթին, թե ինչ պատճառներով, չեմ կարող մեկնաբանել, որովհետև չունեմ փաստեր։ Հետագայում տեղեկացանք, որ մրցույթին մասնակցել, հայտ են ներկայացրել երկու անձիք։ Ես իրավաբան չեմ, բայց բոլորս տեղյակ ենք օրենքից, ըստ օրենքի, հայտերը պետք ներկայացնեն այնպիսի մարդիկ, որոնք գոնե հինգ տարվա աշխատանքային  ստաժ ունեն։

Հաստատ համոզված եմ, որ մշակույթի նախարարը, որը բարյացակամ վերաբերմունք ունի մեր նկատմամբ, նա էլ Հանրապետական կուսակցությունից է, ինչու եմ նշում սա, հիմա մեկնաբանեմ, թե ինչու եմ Հանրապետական կուսակցության անուն տալիս, մեր տնօրենը նույնպես Հանրապետական կուսակցությունից է, շատ լավ աշխատել ենք և միշտ հանդես ենք եկել մեր թատրոնի վերելքի մասին, արդյունքներն ենք ցուցադրել, որ մեր թատրոնն ապրում է իր ոսկե դարը ու հանկարծ որոշում են մեր թատրոն բերել այնպիսի անձանց, որոնք իրավասու չեն կոպիտ ասած  թատրոն մտնել որպես տնօրեն , չեն տիրապետում ոլորտին, քաջատեղյակ չեն։  Մենք էլի բուռն չէինք արձագանքի, եթե լուրեր չպտտվեին, թե իբր թատրոնում մեկ հոգու կռիվ է, մենք էլ ունենք թեկնածու, դրա համար պայքարում ենք։

Մեզ երբևէ ոչ մի կուսակցություն չի խանգարում ստեղծագործել, ընդհակառակը նպաստել են թատրոնի կայացմանը․ մեր երկրի վարչապետը ներդրումներ է կատարել թատրոնում։ Նախարարը միշտ գնահատել է մեր աշխատանքը, մեր կողքին է եղել, տնօրենի հետ ձեռք ձեռքի տված աշխատել ենք, իսկ ձեռքբերումներն ու արդյունքները թաքուն չեն պահված․․․Ամբողջ խնդիրն այն է, որ կան մարդիկ, որոնք թատրոնում լուրեր են տարածում, որ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը  իմ հարցը լուծել է, ես պիտի գամ թատրոնի տնօրեն, մատ է թափ տալիս հեռակա կարգով։

Մենք անձի դեմ ոչինչ չունենք, մենք չունենք թեկնածու, տվեք մեզ թեկնածու, էլի Հանրապետական կուսակցությունից, որը կաշխատի թատրոնում, չի կործանի, բայց բառացիորեն հաստատում եմ՝ այդ  թեկնածուները չեն կարող թատրոն աշխատեցնել, լսում եք՝ Աստծո ձեռքն էլ բռնած գնաք, արդեն վերևներում ասել են, որ ինքը ընտրված է։ Մենք համոզված ենք, որ ոչ վարչապետը, որ նախարարը, ոչ էլ երկրի նախագահը տեղյակ չեն այս խնդիրից, որ Հանրապետականի փոքր օղակները պախարակում են իրենց կուսակցությունը, մեր թատրոնը երբեք չի կուսակցականացվել, մենք աշխատել ենք կուսակցության անդամների հետ, բայց մեզ երբևէ չեն պարտադրել, մեր հագով ինչ-որ բան չեն հագցրել, մենք ահաբեկվող չեն»,-ասաց Գոհար Խաչատրյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Գրիգորյանն էլ հարցրեց՝ ամեն ինչ քանդեցին, հիմա էլ հասան թատրոնի՞ն։ Ըստ նրա, Հանրապետական կուսակցությունն այդպես մի մեծ հեղինակություն էլ չունի, բայց կան մարդիկ, որոնք խաղում են կուսակցության անվան հետ։

ՀՀ ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանն էլ զայրացավ՝ ասելով․«Ես 55 տարի ծառայել եմ այս թատրոնում, ես այսպիսի ճաշ եփել չեմ տեսել, 150 տարեկան թատրոն է, 150 հազար մարդ է դաստիարակել, ընտանիք, բանակ, ու թատրոնը կանգնած է այսպիսի վիճակի մեջ, որ ընտրում են տնօրեն անօրինական․․․ Բոլորս հուզված ենք, կրախի մեջ ենք, մենք հիմա աշխատանքի մեջ պիտի լինեինք․․ էս ճաշը ով որ եփել է, թող իմանա, թատրոնը գյադա գյուդաների կերակերուր չէ, ով որ էս ճաշը եփել է, թող ինքն ուտի»։

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն էլ նկատեց, անցնել են այն ժամանակները, որ անուններով տալով մարդկանց վախեցնես, որպեսզի նրանք հրաժարվեն իրենց դավանած արժեքներից։ Նա շեշտեց, որ իրենց խնդիրը անձի դեմ չէ, այլ կապված է պրոֆեսիոնալիզմի հետ, այնպիսի անձ է պետք տնօրենի պաշտոնում, որ թատրոնը առաջ տանի, ոչ թե հետ։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն էլ նշեց, որ անձնակազմը չէր կանգնի ոտքի, եթե քաղաքում չծավալվեին ավելորդ խոսակցություններ, թե ձայն մի բարձրացրեք, մի խոսեք․ Արման Սահակյանն ու Սահակ Մինասյանը թեկնածուի հարցը լուծել են։ Ըստ նրա, իրենց պահանջը միգուցե էմոցիոնալ է, բայց արդար է։

Քանի որ դերասանները հնչեցրեցին «Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի անունը՝ որպես թատրոնի տնօրենի պաշտոնին հավակնող անձի, մենք նրանից պարզաբանումներ խնդրեցինք այս թեմայով։ Տիկին Մարգարիտան,  մեկնաբանելով այն հարցը, թե ինչո՞ւ «Գոյի»  թատրոնի համար տրված հայտարարության մեջ պահանջվում մասնագիտական կրթություն, իսկ Գյումրու թատրոնի համար՝ ոչ, ասաց․ «Ես չեմ կարող մեկնաբանել այն հայտարարությունը, որ թերթում տեղադրել է նախարարությունը, ես ինքս կրթությամբ իրավաբան չեմ և ընդամենը հավաքել եմ փաստաթղթերը, որոնք պահանջվում են ու մրցութային կարգը պահպանելով՝ հանձնել եմ հանձնաժողովին»։  Մարգարիտա Մինասյանն, անդրադառնալով աճեմյանցիների այն խոսքերին, թե քաղաքում լուրերն են պտտվում, որ ինքը անցած է, թիկունքին Սահակ Մինասյանն ու Արման Սահակյանն են, ասաց, որ Գյումրիում իրեն լավ են ճանաչում, ինքը գործով է ապացուցում ամեն  ինչ, ոչ թե դատարկ խոսքով։ «Իմ այսքան տարվա հեղինակությունը քաղաքում հերիք է, որ ես  բուլվարային խոսակցություններ չտարածեմ, եթե մեկը ունի փաստեր խնդրեմ․․․Ես ինքս ոչ մի լուր չեմ տարածել, ցանկություն չունեմ հովանավորներ ունենալ, մեկնաբանություն չեմ ուզում անել շատ պարզ պատճառով, մենք հիմա գտնվում ենք նախաքարոզային շրջանում, ես չեմ ուզում, որ այս պահին իմ գլխավորած հեռուստաընկերությունը այս պրոցեսով ստվերի ինչ-որ մեկ քաղաքական գործչի քարոզարշավ։ Դրա համար ես ծավալուն պատասխան չեմ ուզում տալ, կուզենայի հորդորել դերասաններին, ես իրենց բոլորին հարգում եմ, սիրում եմ, խոնարհվում եմ իրենց մասնագիտական որակների առջև, բայց ես չէի կարող իրենց հետ գնալ, հանդիպել, որովհետև ես չգիտեմ արդյոք ես անցած եմ, արդյոք ես եմ տնօրենը, իսկ ինչ կլինի, եթե ամսի 14-ի մրցույթին չհաղթեմ, կլինի ծիծաղելի վիճակ, չհաղթեմ, բայց իրենց հետ լինեի բանակցությունների մեջ․․․»,- ասաց Մարգարիտա Մինասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ք.Վ. says:

    Իհարկե,Գյումրիում Ռիտային շաաատ լավ են ճանաչում, հենց դրա համար էլ թատրոնի ժողովուրդը ոտքի է ելել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930