Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը համոզված է, որ Ռիոյում ձախողված մենամարտերի համար մեր բռնցքամարտիկները մեղավորություն չունեն:
Aravot.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա ասաց, որ տղաները պայքարել են անմնացորդ, արել այն, ինչ իրենց տվել են անձնական եւ հավաքականի մարզիչները: «Հինգ բռնցքամարտիկներն էլ օլիմպիական ուղեգրերը նվաճել են ռինգում: Սպիտակ քարտով ոչ ոք չի մեկնել: Ես դա արդեն հաջողություն եմ համարում: Օլիմպիական ռինգը ցույց տվեց, որ մենք կարող էինք երկու բրոնզե մեդալով վերադառնալ: Մեր բռնցքամարտիկների մենամարտերի որակները ցույց տվեցին, որ թիմը պատրաստ էր, տղաները հոգեպես պատրաստ էին: Նրանք պայքարեցին անմնացորդ, մինչեւ վերջ եւ արեցին ամեն բան, ինչ կարող էին, դեռ մի բան էլ ավելի, ինչ նրանց տվել են անձնական եւ հավաքականի մարզիչները:
Տղաները զիջեցին բռնցքամարտի իմացությամբ, մարտավկաների կառուցած սխալ մարտավարության պատճառով: Ասածս վերաբերում է հատկապես Նարեկ Աբգարյանի եւ Հովհաննես Բաչկովի մենամարտերին: Երկուսն էլ պարտվեցին, որովհետեւ մարտավկաները նրանց սխալ ինֆորմացիա էին տվել, սխալ հուշում կատարել: Զրուցել եմ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: Նա էլ կատարվածի իր պատճառաբանություններն ունի. իրեն էլ էին սխալ ինֆորմացիա տվել: Թիմին մոտենալու իրավունք ոչ ոք չունի: Պատասխանատվությունը հավաքականինն է:
Հիմա բոլորը սկսել են գնահատականներ տալ, անգամ վերլուծություններ անել: Ընկերներ, ախր դուք ինչ կապ ունեք բռնցքամարտի ազգային հավաքականի հետ: Գնահատական տալու իրավունք ունի միայն հասարակությունը, ում վճարած հարկերի հաշվին որոշակի ֆինանսական ծախսեր է արվում այդ հավաքականը ձեւավորելու, բռնցքամարտիկների մարզավիճակը ձեւավորելու եւ որոշակի արդյունքների հասնելու համար: Չգիտես ինչու, տարբեր անհատներ սկսել են գնահատել ֆեդերացիաների աշխատանքը: Գնահատական տալու համար պետք է գոնե մի բան արած լինես ֆեդերացիայի, հավաքականի համար, պետք է պայման ստեղծած լինես, որ պահանջես ու գնահատական տաս», – ասում ե ՀԲՖ նախագահը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ