Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գանձասարի վանք

Սեպտեմբեր 07,2016 19:33

Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Գանձասարի վանք, ուր տեղի ունեցավ «Հրաշափառի» արարողություն։

Արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես նաև զինվորներ և Վանք գյուղի բնակիչներ։

Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվեց աղոթք, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսին բարիգալստյան խոսքով ողջունեց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Պարգև Սրբազանը բացառիկ և պատմական իրադարձություն նկատեց այն, որ Գերագույն հոգևոր խորհրդի նիստն առաջին անգամ անցկացվում է Արցախ աշխարհում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում և Գանձասարի վանքում՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն այդ բարձր պատվին արժանացնելու համար։ «Եկել եք զորակից դառնալու և գոտեպնդելու ձեր հոգևոր հոտին՝ ձեր զավակներին և զինվորականներին, որպեսզի անսասան պահեն մեր սահմանն ու խաղաղությունը», – ասաց Արցախի թեմի առաջնորդը՝ հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու պատգամը։

Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ փառք և գոհություն բարձրացնելով առ Աստված Արցախի անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Արցախ այցելելու հնարավորության համար։

«Մենք եկել ենք մեր օրհնությունը բերելու Արցախի մեր քաջարի ժողովրդին, եկել ենք մեր զորակցությունը բերելու Արցախի իշխանություններին, եկել ենք օրհնելու Հայոց բանակի խիզախ մարտիկներին, որպեսզի նրանց բազուկը միշտ հաղթական լինի և Աստծու օրհնությունն ու պահապան Ս․ Խաչի զորությունը բոլոր ժամանակներում ուղեկից լինեն նրանց», – ասաց Նորին Սրբությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես անդրադարձ կատարեց աղոթքի կարևորությանը, որը հավատքի զորացման աղբյուրն է։ «Մեր հայրերն այս սքանչելի Արցախ աշխարհում բազում աղոթատներ են կառուցել, որպեսզի աղոթքի միջոցով զորեղ լինի Արցախի ժողովրդի հավատքը, որ հրաշագործում է մարդկային կյանքում։ Բոլոր հրաշքները կատարվում են շնորհիվ զորեղ հավատքի։ Դրանք միայն անիմանալի, անբացատրելի երևույթներ չեն, հրաշքները մեր կյանքի իրական դրսևորումներն են։

Մեր պատմության ընթացքին մենք բազում հրաշքներ ենք տեսել։ Մարդկայնորեն անըմբռնելի իրագործումներ են տեղի ունեցել մեր ժողովրդի կյանքում, շնորհիվ Աստծու զորության և ներկայության, հաղթանակներ, որ արձանագրել ենք արցախյան գոյամարտի ժամանակ, նաև ապրիլյան պատերազմի ընթացքում։

Այս ամենի մեջ  տեսնում ենք Աստծու ներկայության հզորությունը։ Եվ մենք պիտի շարունակենք ապավինել Աստծուն, որպեսզի միշտ հաղթական լինենք  ինչպես պատերազմի դաշտում, այնպես և մեր կյանքի շինության գործում։

Մենք այսօր աղոթքի ենք կանգնած այստեղ, որպեսզի Աստված զորացնի հավատքը Արցախի մեր ժողովրդի հոգում և հավատի հրաշքը ուղեկից լինի մեր ժողովրդին», – նշեց Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ այդ հավատքը հովանի լինի Արցախի հավատավոր ժողովրդին և Աստված ապահով ու անվտանգ պահի Արցախի սահմանները, անսասան՝ հիմերը հայոց պետականության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն հայտնեց ԼՂՀ նախագահին Արցախ այցելելու հրավերի և ջերմ հյուրընկալության համար, նաև իր գնահատանքը բերեց ԼՂՀ իշխանություններին Արցախ աշխարհը շեն ու բարգավաճ պահելու բոլոր ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև աղոթեց Հայոց բանակի, նրա հրամանատարների և զինվորների համար։

Վերջում «Պահպանիչ» աղոթքով Հայոց Հայրապետը հայցեց Երկնավորից, որպեսզի Արցախ աշխարհը ոչ մի փորձության չենթարկվի և ապրի խաղաղության, սիրո ու առաջընթացի մեջ։

«Հրաշափառի» արարողությունից հետո վանքի տարածքում գտնվող Մատենադարանի շենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930