Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վիճակը ծայրահեղ է, օրհասական». Խաչիկ Չալիկյան

Սեպտեմբեր 07,2016 19:14

Կոմպոզիտորների միությունում այսօր «Հոգևոր Հայաստան» համահայկական հիմնադիր համաժողովն անցկացվեց՝ հասարակական, քաղաքական գործիչների ու մտավորականների մասնակցությամբ:

«Վահան Տերյանը նման մի միտք է ձևակերպել, որ շատ են մտավորականության մեղքերը, բայց այսօրվա մեղքը կարող է վերջինը լինելը և նա համախմբման կոչ էր արել: Փաստորեն այսօր հավաքվել ենք նույն կոչի շուրջ: Վիճակը ծայրահեղ է, օրհասական, սակայն յուրաքանչյուր խնդիր իր լուծումն ունի»,- ասաց դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:
Ըստ համաժողովի օրակարգի, պետք է  հռչակվի նոր մտավորականության հայտնությունը, որն իր խոսքի տերն է լինելու:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը համաժողովի ծրագիրը սրտին շատ մոտ համարեց ու ասաց. «Մենք հաճախ անցնում ենք ընդվզումների միջով, լուրջ ցավերի միջով, Աստծո տված չարչարանքից ավելի ցավի միջով, և ինչքան շատ են դրանք մեր շուրջը:  Երբեմն, դրա հետ ու արդյունքում գոյանում է չարությունը, որն իմ խորին համոզմամբ, հազիվ, թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք և մեր ճակատագիրն ու ճանապարհն անցել է խոնարհումով, համբերությամբ, և երբ այդ հիմքի վրա գոյանում է «հոգևոր Հայաստան» արտահայտությունը, ես ասում եմ՝ այո՛, սրա անհրաժեշտությունը կա: Մենք պետք է իրար շատ սիրենք, որովհետև ամեն մեկս մի տեսակի կրողն ենք, նույն տեսակից երեք հայ չկա, մի հայ կա, եթե մեկին վնասենք՝ տեսակն է վերանում: Պետք է սիրենք իրար»:

Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանն էլ ասաց, թե պետք է հասկանալ, թե 21-րդ դարում  ինչ ենք հասկանում հայոց աշխարհ ասելով, ինչ է իրենից ներկայացնում ՀՀ-ն. «Եթե ուզում ես ունենալ ապագա, պետք է կողմնորոշվես՝ ինչ ես ներկայացնում քեզնից, ինչ գործառույթ ես իրականացնում»:

Ըստ նրա, մենք ունենք ռազմական հաղթանակ Արցախում, բայց այդ հաղթանակը չկարողացանք ձեւավորել հոգեւոր ու քաղաքական դաշտում. «Լինելով հաղթած մենք պաշտպանվում ենք, դրա պատճառն այն է, որ չենք ձեւավորել մեր տեղն աշխարհում»:

Քաղաքագետ Վարդան Խաչատրյանի խոսքով էլ, Արցախի եւ ՀՀ միավորման ընթացքը վերջնական հանգրվանում չէ. «Երեւի սա կլիներ մեր հնարավոր դժբախտությունների մի մասը, եթե չհաջորդեր սահմանային իրավիճակը: Հասարակությունը մտավ քառօրյա պատերազմ, մեր հասարակության համար այն ունենալու է խորը հետեւանքներ, այն առումով, որ ծրագրային պետության հայտարարածը ու այն ինչի համար դիմացել է մեր ժողովուրդը, այդ ամենը դրվում է  հարցականի տակ: Իրականում կանգնած ենք սպառնալիքների առջեւ, որքանով ենք պատրաստ մեր շուրջը ծավալվող հրե օղակի մեջ ապահովել հայ ժողովրդին, այդ վիճակից դուրս գալը շատ բարդ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930