Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականը Կարեն Կարապետյանի մասին. «Նա, որպես քաղաքապետ, շուտափութորեն հեռացավ, պետք է մտածել՝ ինչո՞ւ»

Սեպտեմբեր 07,2016 19:07

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի եւ նոր վարչապետի թեկնածուի՝ «Հայռուսգազարդ»-ի նախկին տնօրեն  Կարեն Կարապետյանի  մասին լուրերը հանրապետականները ոչ հերքում են, ոչ հաստատում: Լրատվամիջոցները կանխատեսում են՝  վաղը ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի նիստին կորոշվի՝ Աբրահամյանի հրաժարականի եւ Կարապետյանի  նշանակման հարցը:

Կարեն Կարապետյանը Երեւանի քաղաքապետ է եղել շատ կարճ ժամանակահատված՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ից մինչեւ 2011 թվականի հոկտեմբերի 28-ը:

Նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից հետո Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի համար ցանկալի վարչապետ է: Թե ինչ կարծիք ունեն ԲՀԿ-ականները Աբրահամյանի փոփոխության մասին Կարապետյանով, փորձեցինք ճշտել ԲՀԿ-ականներից: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց գնահատական տալ, նշելով՝ լուրերը չեմ մեկնաբանում:

Իսկ ԲՀԿ-ական, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հիացական խոսքեր ասաց Կարեն Կարապետյանի մասին: Բոստանջյանը Կարապետյանների ընտանիքին, ինչպես ինքն ասաց, ճանաչում է գրեթե 40 տարի. «Նրա մոր հետ դասախոսություն եմ կարդացել ժողինստիտուտում, հորն էլ եմ ճանաչում: Կարեն Կարապետյանին ճանաչում եմ Սովետի ժամանակներից՝ հաշվողական կենտրոնում աշխատած ժամանակներից մինչեւ շուկայական հարաբերությունների անցումը: Բարձր մակարդակի անձնավորություն է՝ գիտելիքներով, կառավարման սկզբունքներով: Կարապետյանների ընտանիքի մակարդակը շատ բարձր է»:

Aravot.am-ի այն հարցին՝ արդյոք հրաշալի գիտելիքները բավարար են, որպեսզի Հայաստանում, հատկապես տնտեսությունում ռադիկալ փոփոխություններ կատարվեն, Բոստանջյանն    այսպես  պատասխանեց.«Հենց այսպիսի մարդիկ պետք է ամբողջ ռեֆորմներն  անեն»:

Հովիկ Աբրահամյանը չի՞ կարողանում անել, մեր այս հարցին էլ Բոստանջյանը պատասխանեց.« Ոչ,  չեմ կարծում,  ոչ թե չկարողացավ, այլ, երևի, չունեցավ … Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգն այնպիսին է դարձել, որ որոշում ընդունողները ճակատային ձեւով պետք է որոշում կայացնեն: Այստեղ բացառված չէ նաեւ Կարապետյանի գործոնը:  Մի մոռացեք, որ նա, որպես քաղաքապետ, շուտափութորեն հեռացավ, ուրեմն պետք է մտածել՝ իսկ ինչո՞ւ»:

Կարեն Կարապետյանը կկարողանա՞ պայքարել, ընդդիմադիրների ասած՝ քրեաօլիգարխիկ համակարգի, մենաշնորհների դեմ, արդյոք բարձր մակարդակ ունենալը բավարար է մեր երկրում այս երեւույթները վերացնելու համար, մեր այս հարցին էլ Բոստանջյանը պատասխանեց.«Մենաշնորհներն ու ոչ ցանկալի զարգացումները, այդ համակարգը, դրա դեմ մենակով չեն պայքարում, պետք է համակարգային, թիմային փոփոխություն լինի: Այդ թիմի մեջ ընդգրկեն նաեւ մարդիկ, որոնք ինչ-որ ձեւով այդ նույն քրեաօլիգարխիկ համակարգում են:  Հանրամարդակային պատմությունը ցույց է տալիս, որ միայն ու միայն համախոհների պայմանավորվածությամբ եւ նրանց համատեղ ջանքերով է բացասական երեւույթների դեմ պայքար լինում: Առանձին մեկ մարդը չի կարող պայքարել մեր համակարգին բնորոշ երեւույթների դեմ»:

Թե Բոստանջյանի նշած թիմում ովքեր պետք է լինեն, որ բարեփոխումներ լինեն, նույն հանրապետականնե՞րը, ԲՀԿ անդամն ասաց. «Այդ նույն հանրապետականներից պետք է աշխատեն ազատվել: Հանրապետակաների հետ  ինքս բավական մոտիկ եմ: Ասեմ ՝ այդտեղ երկրին նվիրված մարդիկ կան, պարզապես խնդիրն այն է, որ արդյոք նրանք իրավունք ունեն կիրառելու իրենց  այդ ցանկությունները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930