Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հատկապես հիմա, երբ «Սասնա ծռերի» անդամները կալանավորված են, Կարո Եղնուկյանին անազատության մեջ պահելը ընդհանրապես անհիմն է. «Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա օժանդակել է ինչ-որ անձանց, որոնք ոստիկան պատանդներին պահել են: Մեր օրենսդրությամբ, օժանդակությունը պետք է լինի հանցագործությանը, ոչ թե հանցագործներին: Եթե այդպիսի մեկնաբանություն լինի, ուրեմն առաջին օժանդակողը, աջակիցը բժիշկներն են, որոնք բժշկական օգնություն են ցույց տվել Սասնա ծռերի անդամներին, աջակցողը նրանք են, որոնք իշխանության կողմից թույլտվությամբ ժամանակ առ ժամանակ սնունդ են փոխանցել, այն բոլոր պատգամավորները, որոնք կապի մեջ են եղել, տասնյակ հազարավոր ցուցարարները, որոնք հավաքվել են եւ իրենց աջակցությունն են ցույց տվել Սասա ծռերի տղաներին: Այսպես մեկնաբանել Քրեական օրենսգիրքը, նշանակում է քրեական իրավունքից բավականին հեռանալ: Օժանդակությունը պետք է լինի հանցագործության կատարմանը, այսինքն, պատանդներ պահելուն, շենք-շինություններ գրավելուն, ոչ թե օժանդակություն հանցագործներին»:
Նա ասաց, որ եթե առաջին օրերին, երբ դեռ պարզ չէր, թե ինչով կավարտվի այս ամեն ինչը, Կարո Եղնուկյանին առանձնացնելը դեռ կարելի էր հասկանալ, որովհետեւ կալանքն ընտրեցին՝ ասելով, թե դեռեւս «Սասնա ծռերի» անդամները ազատության մեջ են եւ Կարո Եղնուկյանը նրանց կարող է ինչ-որ բանով օժանդակել, բայց արդեն այն պահից հետո, երբ զենքերը վայր են դրել, արդեն Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելն ավելի քան անհեթեթ է:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ