Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը

Սեպտեմբեր 07,2016 17:40

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ընդունել են ՌԴ կառավարության պատվիրակությանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևի գլխավորությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի համայնքներում իրականացվող «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում ծրագրի» ընթացքին և նոր մեկնարկող «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում ծրագրի» իրականացմանը վերաբերող հարցեր: Ծրագրերը իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ՝ ՌԴ կառավարության ֆինանսավորմամբ և ուղղված են մարզերում գյուղական աղքատության կրճատմանը, կայուն տնտեսական եկամուտների ստեղծմանը:

Հյուրերը գոհունակությամբ նշել են առաջին ծրագրի հաջող ընթացքի մասին՝ տեղեկացնելով, որ նախորդ օրը Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ծրագրի արդյունքներին: Նրանք վստահություն են հայտնել, որ նոր մեկնարկող «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը կիրականացվի նույնքան արդյունավետ և դրական կանդրադառնա գյուղական բնակավայրերի զարգացման վրա:

Այնուհետև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագրի մեկնարկն ազդարարող փաստաթուղթ:Այն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն: Փաստաթղթի ստորագրմանը ներկա են եղել ՌԴ պատվիրակությունը ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի փոխտնօրեն Դմիտրի Մաքսիմիչևի գլխավորությամբ:

«Այսօր մենք սկսում ենք Հայաստանի գյուղական վայրերի համար մի շատ կարևոր ծրագիր, որը լուրջ հեռանկար ունի Հայաստանում: Գյուղական բնակավայրեր, համայնքներ, շատ տարածքներ տարիներով, որպես հիմնական գործունեության ուղղություն և եկամտի աղբյուր են ունեցել միայն գյուղատնտեսությունը, ինչը չի կարող լինել բավարար , չի կարող ապահովել տվյալ բնակչության զարգացման, նորմալ ապրելակերպի հնարավորությունը: Այսօր այս ծրագիրը գալիս է լրացնելու ՀՀ շուրջ 60 գյուղական համայնքների կարողությունները, և կդառնա լրացուցիչ եկամուտ տվյալ բնակիչների համար, գյուղական շրջանները կդառնան տվյալ տարածքի բնակչության կողմից արտադրված սննդամթերքի սպառման և այլ ծառայությունների մատուցման վայր: ՀՀ գյուղական վայրերի մի մեծ հատված օժտված է տուրիզմի բնագավառի լուրջ հնարավորություններով, որոնք դեռևս բացահայտված չեն: Եվ այն հնարավորությունը, որ կարող է այս ծրագիրը ստեղծել, շատ մեծ հեռանկար ունի»,- իր խոսքում նշել է նախարար Դավիթ Լոքյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ընդգծել է, որ Հայաստանի գյուղական համայնքներում իրենք տեսնում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները: Պետք է միայն գնահատել համայնքների կարիքներն ու ստեղծել մատակարարման տեղական կառույցներ, որոնք հնարավորություն կտան պահելու տուրիզմից ստացված օգուտները հենց տեղում:

Ծրագիրը կիրականացվի Հայաստանի 60 համայնքում:

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930