Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Միգրացիոն ծառայությունը Ստեփան Գրիգորյանին թույլ տվել էր մուտք գործել ՌԴ

Սեպտեմբեր 07,2016 17:32

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին, ով արտաքսվել էր Ռուսաստանից, ՌԴ միգրացիոն ծառայության կայքը, ըստ նրա անձնագրերի տվյալների` թույլ է տալիս մուտք գործել ՌԴ:

Մինչդեռ «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ իրեն, հիմնականում հղում անելով օրենքի երկու հոդվածներին, արտաքսել են:

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի` այս գործով դիմումն առանց որևէ խոչընդոտի կընդունվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հարցին` արդյոք Ստեփան Գրիգորյանի և ՌԴ հետախուզվող քաղաքացի Սերգեյ Միրոնովի հետ տեղի ունեցածները փոխկապակցվա՞ծ են, պարոն Սաքունցն արձագանքեց, որ համեմատության եզրեր չկան, քանի որ Միրոնովը քրեական հետախուզման մեջ էր գտնվում: Նա Ստեփան Գրիգորյանի հետ կատարվածը բնութագրեց որպես ըստ քաղաքական հայացքների անձի նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակման, անձեռնմխելիության իրավունքի խախտում. «Ստեփան Գրիգորյանը նաև դիվանագիտական աստիճան ունեցող անձնավորություն է: Իսկ ժամանակին ՌԴ դեսպանի խորհրդականն ասել է, որ անցանկալի կազմակերպությունների վերաբերյալ քաղաքականությունը չի ազդի ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա, ու հիմա նման բան է տեղի ունենում, դա ինձ համար տարօրինակ է: Եթե նաև դիվանագիտական գործունեություն ծավալող անձը չի կարողացել մուտք գործել այդ երկիր, ուրեմն այն բոլոր քննադատությունները, որ ՌԴ իշխանությունների հանդեպ հնչում են, այսպիսով ուղերձ է տրվում, որ դրանք իրենց չեն վերաբերում»:

Ըստ Արթուր Սաքունցի` նման միջադեպերը հավաստում են, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են պաշտոնական մակարդակում, իսկ հանրային և փորձագիտական շրջանակներում նման հարաբերություն լինել չի կարող:

Եվս մեկ անգամ շեշտելով, որ տեղի է ունեցել ըստ քաղաքական հայացքների`անձի նկատմամբ ազատ տեղաշարժի սահմանափակման, անձեռնմխելիության իրավունքի խախտում, պարոն Սաքունցը մտահոգություն հայտնեց, որ Ստեփան Գրիգորյանը գտնվել է փաստացի անազատության մեջ առանց իրավական հիմնավորման. «Մարդը ոչ փաստաբանի, ոչ իրավական աջակցության հնարավորություն չի ունեցել: Քաղաքացիական հայացքների համար հետապնդել են՝ այն էլ այն անձին, որը ՌԴ քաղաքացի չէ»:

Այս առիթով պարոն Սաքունցը տեղեկացրեց, թե ՌԴ իշխանությունների կողմից սկսել է գործընթաց Վոլինկինի հայտարարության համաձայն` չեզոքացնել այն ՀԿ-ներին, որոնք դեմ են հայ-ռուսական բարեկամությանը: Արթուր Սաքունցը նշեց, որ ֆեյսբուքյան տիրույթում Հայաստանի սփյուռքի կողմից տարբեր ուղերձներ այս ուղղությամբ նշմարվում են, մասնավորապես հանրային դաշտում գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք ունեն այլ կարծիք ու մոտեցումներ. «Սա լուրջ մարտահրավեր է: ՀՀ քաղաքական իշխանությունների կողմից համապատասխան գնահատական պիտի տրվի»:

Ստեփան Գրիգորյանն էլ պատմեց, թե ինչպես է ՌԴ միգրացիոն ծառայության կայքում ինքը ստացել դրական պատասխան, որ ունի այդ երկիր մուտքի իրավունք. «Երեկ ես իմ անձնագրերի տվյալները մուտքագրեցի ՌԴ միգրացիոն ծառայության կայք և պարզեցի, որ ինձ իրավունք տալիս են մուտք գործել ՌԴ: Պատկերացրեք` մեկ այլ քաղաքացի այդպես կայքի միջոցով փորձում է հասկանալ արդյոք իր մուտքը թույլատրվո՞ւմ է ՌԴ, թե`ոչ ու դրական պատասխանի դեպքում մեկնում է և իրեն թույլ չեն տալիս մուտք գործել այդ երկիր, փոխարենը ձերբակալում, համարյա մեկուսացնում են»:

Պարոն Գրիգորյանը ենթադրում է, որ ինքը անցանկալի անձանց ցուցակում է հայտնվել, քանի որ այլ պատճառաբանություն չի տեսնում. «Ես բռնաբարություն չեմ արել կյանքում, չմարված դատվածություն չունեմ, ես նման մարդ չեմ, դա ստուգել շատ հեշտ է: Ուստի մնում է ենթադրել, որ այդ անցանկալիների ցուցակում եմ, որի մի մասը բաց է, մյուսը` ոչ: Այն էլ ասում են թույլ չի տրվելու մինչև 2030-ը, այնինչ մինչև հինգ տարի է արգելքը»:

Ստեփան Գրիգորյանը չի ժխտում, որ բազմաթիվ եվրոպական գործընկերներ ունի, բայց նաև հավաստիացնում է, որ իր գործունեությունը թափանցիկ է, ու դրա համար էլ` բացառելով բոլոր հնարավոր պատճառները, միայն այդ ենթադրությունն է մնում:

Սակայն նա դեռ հույս ունի, որ Ռուսաստանը կարձագանքի, որ թյուրիմացություն է եղել. «Հարգելով Ռուսաստանի իրավունքը արգելելու մուտքը իրենց երկիր՝ ես չեմ ընդունում նման պահվածք ռազմավարական գործընկերոջ կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930