Լրահոս
Օրվա լրահոսը

«Օպտիմիստական եք». Կարինե Աճեմյանը`Լեւոն Մկրտչյանին

Սեպտեմբեր 07,2016 17:24

«Սովորելը պետք է չլինի դժվար, պետք է լինի հետաքրքիր: Ուսանող-դասախոս հարաբերությունները պետք է ազնիվ լինեն, ծանոթներով չպետք է քննություն ստանան, սովորական լեկցիա գրել չպետք է լինի, լաբորատորիաներ պետք է լինեն եւ այլն»,- այսօր ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը`հիմնավորելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքներում իր առաջարկած փոփոխությունները: Դրանք ենթադրում են կրթական ոլորտում միասնական պետական քաղաքականություն, կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշների սահմանում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության պայմանների ու պահանջների հավասար դաշտի ապահովում: Պատգամավորը գտնում է նաեւ, որ պետք է հավասար դաշտ ստեղծել ստացիոնար եւ հեռակա ուսուցման դիմորդների համար:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց, որ կառավարության օրակարգում քննական համակարգն արմատապես վերանայելու ծրագիր կա, ուստի եթե գործընկերոջ առաջարկներն անգամ ընդունվեն, ապա դրանք շատ կարճ են ծառայելու նպատակին:

Artak_Davtyan_2

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ իր խոսքում հավելեց, որ կառավարությունում մշակվում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում արմատական փոփոխությունները: Դրանք օրենսդիրի դատին կներկայացվեն նոյեմբերին: Նախարարը հույս հայտնեց, որ այս խորհրդարանը մինչեւ տարեվերջ`իր լիազորությունների ավարտը, կընդունի այդ նախագիծը` գիտակցելով, որ արվող փոփոխությունները կարեւոր են ոլորտի համար:

Նա հիշեց, որ 1990-ականներին նման օրինակ եղել է, երբ ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: «Օպտիմիստական եք»,- նախարարին դիմեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: Թեւան Պողոսյանն էլ կես կատակ-կես լուրջ հավելեց. «Մարդիկ չգիտեն մի շաբաթ հետո իրենց հետ ի՞նչ է լինելու…»:

Ըստ նախարարի` նախատեսվող փոփոխություններով պարտադիր է լինելու գոնե մեկ առարկայի համար միասնական քննությունը: Դա կլինի հայոց լեզվի քննությունը: Քննարկվում է նաեւ առաջին հայտի գերակայությունը պահվելու տարբերակը, ինչը նաեւ մասնագիտական տեսանկյունից է կարեւոր: Ըստ Լեւոն Մկրտչյանի` նախարարությանն առավելապես վերահսկողի դեր պետք է ապահովի` բյուրոկրատական աշխատանքը թողնելով բուհերին:

Թեւան Պողոսյանի նախագիծը դրական եզրակացության արժանացավ, ընդգրկվեց մեծ օրակարգ, բայց լիագումար նիստերում դեռ չի քննարկվի` մինչեւ բերվեն կառավարության նախատեսած փոփոխությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930