Բյուրականի աստղադիտարանի համբավն այսօր չի զիջում Խորհրդային միության տարիներին ունեցած կարգավիճակին: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն եւ Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Նրա խոսքով` աստղադիտարանի հետ կապված այնպիսի իրադարձություններ են գրանցվել, որոնց մասին երազում էր Վիկտոր Համբարձումյանը. «Երկու հիմնական ուղղություն նշեմ, որոնք նորություն են: Առաջինն աստղադիտարանի միջազգային ինտեգրումն է: Երկրորդը, որ աստղագիտությունը հանդես է գալիս որպես միջճյուղային գիտությունների առաջատար: Սա հենց Վիկտոր Համբարձումյանն էր կանխագուշակում եւ երազում այդ մասին: 80-ականներին նա ասում էր, որ 21-րդ դարում աստղագիտությունը կդառնա գլխավոր գիտություն: Այն ժամանակ ոչ մեկս գուցե չհասկացանք իր ասածը, բայց հիմա ամեն ինչ հստակ է»:
Միքայելյանի դիտարկմամբ` Բյուրականի աստղադիտարանն աստիճանաբար առաջատարի դիրքում է հաստատվում, եւ Հայաստանը դիտարկվում է որպես աստղագիտության ոլորտի առաջատար: Դա է փաստում այն, որ նախորդ տարի Միջազգային աստղագիտական միության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանը հռչակվեց տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Ի դեպ, աշխարհում այդպիսի ութ կենտրոն կա:
Արեգ Միքայելյանը նաեւ տեղեկացրեց, որ Թուրքիան հավակնում է դառնալ Միջազգային աստղագիտական միության անդամ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Միքայելյանի խոսքով` իրենք գործակցության առաջարկներ են արել, սակայն ադրբեջանցի աստղագետներն ասել են` «ուզում ենք գործակցել, սակայն մեր պետությունը թույլ չի տալիս որեւէ կոնտակտի մեջ մտնել հայերի հետ»:
Հավելենք, որ աստղադիտարանի 70-ամյակի առթիվ Հայաստան կժամանեն նաեւ երիտասարդ թուրք աստղագետներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ