Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ շաբաթ առաջ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում տեղի ունեցած միջադեպին, երբ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն արտաքսվել էր երկրից, ասաց, որ Ռուսաստանը չունի Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Այդուհանդերձ, նրա պնդմամբ, Ռուսաստանը որպես ինքնիշխան երկիր իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք:
Գրիգորյանին ռուս սահմանապահները օգոստոսի 30-ին թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Քաղաքագետին հետ էին ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով և մտավախություն ուներ, որ մենակ չէ այդ ցուցակում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը մեր հարցին ի պատասխան չխոսեց դրդապատճառների մասին՝ նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն:
«Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի տարածք: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն՝ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից և զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը», – ասաց Շապովալովը:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում