Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ նախարարությունը պատրա՞ստ է դասագրքերով ապահովել Քարվաճառի դպրոցի երկրորդ դասարանցիներին, որոնք այս տարի նման խնդիր ունեն: ԿԳ նախարարն ասաց, որ անպայման այդ հարցը կլուծվի:
«Չի կարող նման խնդիր լինել, թող երեխաները միշտ սովորել ուզենան, իսկ դասագրքեր մենք կտրամադրենք»,- խոստացավ Լեւոն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ օրերս Քարվաճառի ուսուցչուհիներից մեկը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Սիրելի ընկերներ, հատկապես Քարվաճառի բալիկներին սիրող ընկերներ: Մենք ձեր օգնության կարիքն ունենք: Մեր այս տարվա 2-րդ դասարանում շատ երեխաներ կան, մեզ համար՝ շատ-շատ 22 բալիկ: Նախորդ տարվա երկրորդ դասարանցիների թիվն այդքան մեծ չէր, ու այսօր դպրոցն այս տարվա երկրորդ դասարանցիներին գրքերով ապահովելու խնդիր ունի: Մենք կարիք ունենք ամենաքիչը 10 կոմպլեկտ գրքի: Ո՞վ կկարողանա օգնել մեզ ու մեր երեխաների համար գիրք գնել ու ուղարկել: Մենք ձեզ շատ շնորհակալ կլինենք:
Հ.Գ. Գրքերի հետ կարող եք մեր փոքրիկներին մի քանի տող նամակ էլ գրել, երեխեքն անասելի ուրախանում են նման ջերմ վերաբերմունքից»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ այս տարվա երկրորդցիները Այբբենարանի հանդեսին