Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրում եղբայրը եղբորը բանտ չի նստեցնում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 15:32

Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար քաղաքական կամք է հարկավոր. այս մասին մշտապես ասում են տարբեր փորձագետներ: Նման կարծիք բազմիցս արտահայտել է նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, որն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարում որեւէ լուրջ առաջընթաց չի տեսնում: Պարոն Հոկտանյանը քաղաքական կամքի մասին խոսելիս օրինակ բերեց Սինգապուրը:

Aravot.am-ը պարոն Հոկտանյանից հետաքրքրվեց՝ Հայաստանում արդյոք հնարավոր է կիրառել Սինգապուրի վարչապետի փորձը. նա կոռուպցիայի դեմ պայքարը սկսեց իր մերձավորներից:

«Ես մի քիչ պեսիմիստ եմ, որ մեր մոտ եղբայրը եղբորը բանտ կնստեցնի: Ես նկատի ունեմ ամեն տեսակի ասպեկտները՝ եղբայր ասելով: Մենք նահապետական հասարակություն ենք եւ այնպես չենք մոդեռնիզացվել, որ կլանային ընտանեկան կապերն արհամարհվեն»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին էլ՝ այդ քաղաքական կամքն, ի վերջո ե՞րբ է դրսեւորվելու, արդյոք ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի գրավումը բավարար չէին, որպեսզի իշխանությունները սկսեին կոռուպցիայի դեմ իսկապես պայքարել, պարոն Հոկտանյանը պատասխանեց. «Այո, այդ երկու իրադարձությունները բավարար էին, որպեսզի իշխանությունները լրջագույն ձեւով մտածեին՝ ինչ պետք է անել: Բայց, խնդիրն այն է, որ նույնիսկ այդպիսի պայմաններում էլ քաղաքական կամք չի դրսեւորվում եւ այդ երկրներն ուղղակի գնում են կոլապսի: Ամենավառ օրինակը Խորհրդային միությունն է: Այսօր մենք տեսնում ենք նաեւ Վենեսուելայի օրինակը: Լինելով հարուստ նավթային պետություն՝ Վենեսուելայում տնտեսական կոլապս է. մարդիկ մասսայաբար սահմանը հատում են, որպեսզի ապրանք առնեն, ուղղակի սով է: Այս երկրում մեծ դեր է խաղացել կոռուպցիան»:

Ըստ Հոկտանյանի, քաղաքական կամքը նաեւ վերնախավից է կախված՝ որքանով են իրենց անձնական շահերը ստորադասում պետական շահերից, որքանով կա դրսի ճնշումներ:

Մանրամասն՝ տեսանյութում

Մեր այն դիտարկմանը՝ կոռուպցիայի դեմ խիստ պայքար սկսելու մասին կառավարության հայտարարությունից հետո ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային հայտնի բացահայտումը եղավ, ինչո՞ւ այդ ամենն ավարտվեց ընդամենը պաշտոնանկությամբ, արդյոք իշխանական վերնախավում իրար հետ կապված են նման հարցերում, Հոկտանյանն ասաց. «Հնարավոր է դա է, հնարավոր է, բացի դրանից, այլ բաներ են, օրինակ՝ ինչպես ասում են՝ մենք մեր յուրայիններին չենք ծախում: Այ սա քաղաքական կամքի բացակայության օրինակ է: Այսինքն, երբ համակարգի մեջ շատ ակնառու դեմքը հայտնվում է այդ վիճակում եւ եթե նա պատժվի, դա, բնականաբար, լուրջ հետեւանքներ կլինի նրա համար: Նույնիսկ եթե նա, ենթադրենք, կապված էլ չի եղել, բայց բնականաբար մյուսների մոտ էլ այդ խնդիրները կան, ոչ միայն Միհրան Պողոսյանի, ու միանգամից հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ միայն Պողոսյանը պետք է տուժի դրանից, մյուսները չպիտի տուժեն: Գողը նա է՝ ում բռնում են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930