Տասն օրից ավելի` Թուրքիան Սիրիայում իրականացնում է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը` Ջերաբլուսի ուղղությամբ: Ըստ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի` այդ գործողությունը որոշակի պայմանավորվածության արդյունք էր. առանց ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի գիտության` Թուրքիան չէր կարող գնալ դրան:
Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում Անուշ Հովհաննիսյանը մեկնաբանեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` երկու օր առաջ հնչեցրած պատասխանը. «Երբ հարցրեցին, թե արդյոք տեղյակ է Սիրիայում Թուրքիայի գործողություններից, Պուտինն ասաց, որ այդ գործողություններն անսպասելի չէին ՌԴ-ի համար: Դա բնական է, որովհետեւ այն պահից, երբ ՌԴ-ն ապահովեց իր ներկայությունը Սիրիայում, որեւէ գործողություն Սիրիայի օդային տարածքով հնարավոր չէր: Իսկ Ջերաբլուսի գործողությանը մասնակցել է նաեւ թուրքական ռազմական օդուժը: Բնականաբար, դա հնարավոր չէր առանց ՌԴ-ի իմացության»:
Թուրքագետի խոսքով` Թուրքիային «դաբրո» էր տրված Ջերաբլուսի տարածքում գործողություններ իրականացնել, սակայն վերջին երկու օրվա իրադարձություններն այլ բան են վկայում. «Թուրքիան սեփական խաղն է վարում, որը համաձայնեցված չէ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իրանի հետ: Ջերաբլուսի տեղանքից իր գործողությունը փորձում է շարունակել դեպի հարավ` ավելի ընդլայնելով իր ներկայությունը: Թուրքիան գնում է դեպի հարավ, քանի որ այդ ուղղությամբ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում` կռիվ` Հալեպը վերահսկելու համար: Թուրքիան Հալեպին տիրանալու նկրտումներ ունի»:
Բանախոսի դիտարկմամբ` Թուրքիան պաշտոնապես պայքարում է ԻՊ-ի դեմ, իսկ իրականում` քրդերի: Բացի այդ, շարժվելով դեպի Հալեպ, ցանկանում է Սիրիայից տարածք «կրծել» եւ ավելացնել իրեն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ