Հայաստանի իշխանությունները անցյալ ամսվա սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալել են տասնյակ ակտիվիստների, որոնցից շուրջ 40-ը կալանավորվել են զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով: Այս մասին Human Rights Watch-ի կայքում գրել է կազմակերպության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Ջեյն Բուխանանը: Կալանավորվածների թվում են ցույցերի 4 առաջնորդներ՝ Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը և Անդրեաս Ղուկասյանը:
Դատարանները, խախտելով միջազգային ստանդարտները, կալանավորման որոշում կայացնելիս հենվել են ընդհանուր և աբստրակտ պատճառների վրա, և առանց հաշվի առնելու՝ որքանով է հավանական նրանց՝ փախուստի դիմելու կամ գրավով ազատ արձակվելու այլ պայմաններ խախտելու հավանականությունը, նրանց 2 ամսով ուղարկել են առանց այն էլ գերհագեցած բանտեր՝ վատ պայմաններով:
Բարեբախտաբար, օգոստոսի կեսերին գրավի դիմաց ազատ արձակվեցին առաջնորդներից 3-ը՝ Խուրշուդյանը, Մարտիրոսյանը և Սանասարյանը, շարունակում է Բուխանանը:
Այնուամենայնիվ, օգոստոսի 28-ին Վերաքննիչ դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակել «Նոր Հայաստան» շարժման քաղաքական խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանին այն բանից հետո, երբ վերջինս իր փաստաբանի միջոցով հայտարարեց, որ պատրաստվում է շարունակել իր խաղաղ քաղաքական գործունեությունը: Այս կալանքը ցույց է տալիս, որ ջանքեր են գործադրվում Ղուկասյանին հեռու պահել օրինական քաղաքական գործունեությունից, ինչը խախտում է նրա ազատ խոսքի իրավունքը:
Կարդացեք նաև
Ղուկասյանին և մյուս 3 առաջնորդներին լուրջ քրեական մեղադրանք է առաջադրվել՝ «զանգվածային անկարգությունների կազմակերպում»: «Պատճառը հուլիսին սկսված բողոքի ցույցերն էին, որոնք բռնկվեցին այն բանից հետո, երբ մի խումբ ծայրահեղ ընդդիմադիրներ գրավեցին Երևանի ոստիկանական գունդը, որի ընթացքում սպանվեց մեկ ոստիկան, մի քանի հոգի պատանդ վերցվեցին»,- գրում է հեղինակը: Մինչև հուլիսի 31-ը՝ զինված խմբի հանձնվելը, նրանց ուղղված ժողովրդական աջակցությունը և կառավարությանն ուղղված դժգոհությունը վերածվեց բողոքի շարժման:
Ցույցերն, ընդհանուր առմամբ, խաղաղ էին և բացառությամբ որոշ մասնակիցների կողմից բռնության առանձին միջադեպերի, հեռու էին «զանգվածային անկարգություններից»:
Խուրշուդյանի, Մարտիրոսյանի և Սանասարյանի ազատ արձակումը կարևոր քայլ էր: Քննիչները պետք է փոխեն նաև Ղուկասյանի կալանքի որոշումը և վերանայեն տասնյակ նմանատիպ այլ գործեր՝ հստակեցնելով նրանց պահելու հիմքերը: Կալանքը Հայաստանի իշխանությունների համար պետք լինի է վերջին միջոցը, ոչ թե վերածվի իր քննադատներին պատժելու հեշտ մեթոդի:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ