«Արցախում իսկապես ապրիլյան սրացումների դասերն ընկալել են: Այսօրվա դրությամբ Արցախում տեղի են ունենում այնպիսի աշխատանքներ, որոնք ապագայում թույլ չեն տա նման իրավիճակների կրկնություն: Մենք ունենք նոր մտածելակերպ, նոր մոտեցում` անվտանգության խնդիրների հանդեպ: Կա այն ընկալումը, որ լավագույն պաշտպանությունը նաեւ հարձակումն է»,-այսօր` սեպտեմբերի 7-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, որն օրեր առաջ է եղել Արցախում:
Անդրադառնալով Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին` նա համոզմունք հայտնեց, որ հայության հնարավորություններն ավելի շատ են. «Ինչո՞ւ չենք ցանկանում ավելի լավ իրավիճակ ձեւավորել: Ամենասխալ բանն է որեւէ զիջումների գնալը: Հարցի լուծումը դրա չլուծման մեջ է: Ով փորձում է «լուծում» բառն ասել, զիջում ենք հասկանում: Եկեք «լուծում» բառը չօգտագործենք»:
Պատգամավորի դիտարկմամբ` Ադրբեջանի հանրության համար լուծումը հայության ոչնչացումն է, իսկ հայությունը կարծես թե գիտակցում է դա. «Պետք է ունենալ հզոր բանակ, երկիր, տնտեսություն: «Հզորը» գեղեցիկ բառ է, բայց դրա համար համապատասխան գործողություններ են պետք: Հենց գործը հասնում է գործողություններին, սկսում ենք կաղալ»:
Թեւան Պողոսյանը փաստեց, որ Թուրքիան վաղուց է երազում միջամտել հակամարտության կարգավորմանը` անկախ նրանից` Ռուսաստանի հետ մերձեցա՞ծ է, թե ոչ. «Նա միշտ ցանկանում է տարածաշրջանում ունենալ իր շահերը: Երբ Ռուսաստանը եւ Թուրքիան իրար հետ շատ մոտիկ չեն, Թուրքիայի շահերն առաջ տանողն Ադրբեջանն է: Դա դրական սցենարի տեղիք չի տալիս»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ