Ամեն տարի Հայաստանի Հանրապետությունը հրավեր է ստանում մասնակցելու «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին։ Այս տարվա հրավերի առնչությամբ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամիսներ առաջ պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցելու սեպտեմբերի 3-8-ը Ղրղզստանում անցկացվող «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին։ Սակայն պարզվում է՝ պաշտոնական հայտարարությանը որեւէ արժեք չունի։
«Ժողովուրդ» օրաթերթն անակնկալի եկավ, երբ ղրղզական կայքում այդ խաղերի բացման արարողության տեսանյութում տեսավ նաեւ հայկական պատվիրակությանը՝ հպարտ ու անսասան կեցվածքով այդ խաղերում հաղթանակած վերադառնալու պատրաստակամությամբ։
https://www.youtube.com/watch?v=vqqgMkVRqVA
Ղրղզական կայքերից պարզեցինք նաեւ, որ Հայաստանը այդ փառատոնին
ներկայացուցիչներ ունի «Գոտիների պայքար» մարզաձեւից։ Այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի կայքում փորձեցինք գտնել որեւէ հայ ներկայացուցչի։ Պարզվեց, որ այդ մարզաձեւում Հայաստանի ներկայացուցիչը Սերոբ Անդրեասյան անուն-ազգանունով մարզիկ է, որի մասին տեղեկություններ փնտրելու արդյունքում տեղեկացանք, որ նա ձյուդոյի միջազգային Բ կարգի մրցավար է։ Իսկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկություն ստանալ չհաջողվեց, ֆեդերացիայի նախագահը «ժամանակավորապես անհասանելի էր»։
Հավելենք, որ ադրբեջանական կայքերում վայնասուն է բարձրացվել հայ մարզիկների մասնակցության առնչությամբ:
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում