Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա «արմատախիլ» է արվել

Սեպտեմբեր 07,2016 10:54

28 միլիոնը հակամարտության և բռնությունների պատճառով ստիպված է եղել տեղահանվել թե՛ երկրի սահմանների ներսում, թե՛ այլուր

7 սեպտեմբերի, 2016թ. Աշխարհում գրեթե 50 միլիոն երեխա է տեղահանվել, որից 28 միլիոնը՝ ոչ իրենց կողմից հրահրված հակամարտությունների պատճառով: Դեռ ավելին՝ միլիոնավոր այլ երեխաներ ևս արտագաղթում են՝ հույս ունենալով գտնել ավելի բարեկեցիկ ու անվտանգ կյանք: Հակամարտությունների և բռնությունների պատճառով հաճախ տրավմաների ենթարկված երեխաները շարունակում են վտանգել իրենց կյանքը՝ ծովային ճանապարհորդությունների ժամանակ խեղդվելու, թերսնուցվելու և ջրազրկվելու, թրաֆիքինգի ենթարկվելու, առևանգվելու, բռնաբարվելու և նույնիսկ սպանվելու հավանականությունն աչքի առաջ ունենալով: Նրանք հաճախ ենթարկվում են խտրականության և այլատյացության տարբեր երկրներով անցնելիս և հենց այն երկրներում, որտեղ հանգրվանում են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ՝ «Արմատախիլ արված՝ փախստական և միգրանտ երեխաների աճող ճգնաժամը» զեկույցը նոր տվյալներ է ներկայացնում, որոնք սարսափազդու գույներով են պատկերում վայրագ հակամարտությունների և այլ ճգնաժամերի ազդեցությունը կրող միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների կյանքն ու իրավիճակը, որոնց համար ամենը վտանգելն ավելի ապահով տարբերակ է, քան հայրենիքում մնալը:

«Ծովում խեղդված Այլան Քըրդիի՝ ափ քշված փոքրիկ մարմնի կամ տունը ոչնչացվելուց հետո շտապ օգնության մեքենայում նստած Օմար Դաքնիշի սարսափած ու արյունոտ դեմքի անհավատալի լուսանկարներն ապշեցրել են աշխարհը», -նշել է ՅՈՒՆԻՍԵՖԻ գործադիր տնօրեն Անթոնի Լեյքը (Anthony Lake): «Սակայն յուրաքանչյուր լուսանկար, լինի այն աղջկա, թե տղայի, ներկայացնում է վտանգի մեջ ապրող միլիոնավոր այլ երեխաների, և դա մեզնից պահանջում է անհատ երեխաների նկատմամբ մեր կարեկցանքը համապատասխան գործողությունների վերածել հանուն բոլոր երեխաների»:

«Արմատախիլ արվածը» նաև տրամադրում է հետևյալ տվյալները՝

Երեխաներն իրենց ծննդավայր երկրից դուրս ապաստան փնտրող ոչ համաչափ և աճող զանգված են կազմում: Նրանք աշխարհի բնակչության մեկ երրորդն են և փախստականների կեսը: 2015թ.-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) պաշտպանության տակ գտնվող բոլոր երեխա փախստականները Սիրայից և Աֆղանստանից են եղել:

28 միլիոն երեխա հակամարտության և բռնությունների պատճառով լքել են իրենց բնակավայրերը, որի 10 միլիոնը փախստական երեխաներ են, իսկ 1 միլիոնը՝ ապաստան փնտրողներ, ում փախստականի կարգավիճակը դեռ չի որոշվել: Բացի դրանից, 17 միլիոն երեխա տեղահանվել է իր ծննդավայր երկրի սահմաններում: Սրանք այն երեխաներն են, ում հրատապ անհրաժեշտ է հումանիտար օգնության և անհապաղ ծառայություններ:

Ինքնուրույն սահմանը հատող երեխաների թիվը գնալով աճում է: 2015թ.-ին ավելի քան 100000 առանց ուղեկցողի երեխաներ 78 երկրներում ապաստան են փնտրել. այս թիվը երեք անգամ գերազանցում է 2014թ.-ի ցուցանիշը: Ընդ որում, առանց ուղեկցողի երեխաներն այն երեխաներն են, ում ամենաշատն է սպառնում չարաշահումն ու շահագործումը, այդ թվում՝ թրաֆիքինգն և մաքսանենգությունը:

Գրեթե 20 միլիոն այլ միջազգային միգրանտ երեխաներ լքել են իրենց տները տարբեր պատճառներով, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության կամ հրոսակախմբային բռնության: Նրանցից շատերը չարաշահման կամ կալանավորման հստակ սպառնալիքի տակ են փաստաթղթերի, անորոշ իրավական կարգավիճակի պատճառով, և չկա նրանց բարեկեցության համակարգված վերահսկում կամ մոնիտորինգ. սրանք անհայտ ճակատագրով, մոռացության մատնված երեխաներ են:

Ըստ զեկույցի, այնտեղ, որտեղ կան անվտանգ և օրինական ճանապարհներ, միգրացիան կարող է հնարավորություններ ստեղծել թե՛ միգրանտ երեխաների, թե այն համայնքների համար, որի մասն են իրենք կազմում: Բարձր եկամուտ ունեցող երկրներում միգրացիայի ազդեցության մասին վերլուծությունը ցույց է տալիս, որ միգրանտներն ավելի շատ հարկեր են մուծում, քան՝ սոցիալական վճարներ ստանում: Աշխատանքային շուկայում միգրանտները լրացրել են թե՛ բարձր, թե՛ ցածր որակավորում պահանջող թափուր պաշտոնների բացը և նպաստել են տնտեսական զարգացմանն ու նորարարությանը հյուրընկալ երկրներում:

Սակայն, դժբախտաբար, երեխաներն, ովքեր հեռացել կամ ստիպողաբար տեղահանվել են իրենց տներից, հաճախ զրկվում են միգրացիայի պոտենցիալ օգուտներից, այնպիսիք, ինչպիսիք են, օրինակ, կրթությունը՝ հիմնական դրդիչ պատճառը, որի համար շատ երեխաներ և ընտանիքներ ընտրում են գաղթի ճանապարհը: Միգրանտ երեխան 5 անգամ ավելի հավանականությամբ դպրոց չի հաճախի, քան ոչ միգրանտը: Երբ,այնուամենայնիվ, նրանց հնարավորություն է ընձեռնվում ուսում ստանալու, դպրոցն այն վայրն է դառնում, ուր գաղթական և փախստական երեխաները մեծ հավանականությամբ խտրականության զոհ են դառնում, այդ թվում՝ անարդար վերաբերմունքի և բռնության (բուլիինգի):

Զեկույցը մատնանշում է 6 հիմնական քայլեր, որոնք կպաշտպանեն և կօգնեն տեղահանված, փախստական կամ միգրանտ երեխաներին: Այն է՝

Պաշտպանել մանկահասակ փախստականներին և գաղթականներին, մասնավորապես նրանց, ովքեր ուղեկցողներ չունեն:

Վերջ դնել փախստականի կարգավիճակ փնտրող կամ գաղթող երեխաների ձերբակալմանը՝ ներդնելով մի շարք նոր գործնական այլընտրանքներ

Նպաստել ընտանիքների միասնական մնալուն, որպես երեխաների պաշտպանության լավագույն միջոց, և երեխաներին տալ օրինական կարգավիճակ:

Ուսուցում տրամադրել բոլոր փախստական և միգրանտ երեխաներին և մատչելի դարձնել նրանց համար առողջապահությունն ու այլ որակյալ ծառայությունները:

Գործել փախստականների և միգրանտների լայնամասշտաբ տեղաշարժի հիմքում ընկած պատճառների վերացման ուղղությամբ:

Միջոցներ ձեռնարկել այլատյացության, խտրականության և մարգինալացման դեմ պայքարելու համար:

 

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930