Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նպաստառուից` հարկատու

Սեպտեմբեր 07,2016 10:00

Վերջերս զրուցում էի խնդիրներ ունեցող երեխաների խնամքով զբաղվող մասնագետների հետ, եւ մտքումս տպավորվեց նրանց հետեւյալ թեզը` հիմնական նպատակներից մեկն է, որ նպաստառուի հոգեբանությունը փոխարինվի հարկատուի հոգեբանությամբ: Թվում է, թե ի՞նչ կապ ունի դա երեխաների խնամքի հետ: Պարզվում է` անմիջական. մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, ցերեկային խնամքի կենտրոններում գտնվող երեխաների ծնողների ճնշող մեծամասնությունը ունեն լրջագույն սոցիալական խնդիրներ եւ ստանում են նպաստներ, որոնք, իհարկե, չեն բավարարում մարդկանց նվազագույն կարիքները հոգալու համար, եւ որոնց, սակայն, մարդիկ սովորում են ու, որպես կանոն, այդ կարգավիճակից դուրս գալու նպատակով առանձին ճիգեր չեն գործադրում: Աղքատությունն, այսպիով, ոչ միայն սոցիալական վիճակ է, այլեւ հոգեբանություն, ինչի վերաբերյալ համակարծիք են բոլոր մասնագետները:

Եվ ահա այդ հոգեբանությունը, որը մարդկանց մեջ ձեւավորվել է տարիների, գուցե տվյալ դեպքում ավելի քան երկու տասնամյակների ընթացքում, փոխանցվում է հաջորդ սերունդներին, եւ երեխաները եթե դուրս չգան իրենց միջավայրից, նույնպես կարող են նստել նպաստի «ասեղի» վրա: Հետեւաբար խնամքի կենտրոնների աշխատակիցների, ընդհանրապես՝ սոցիալական աշխատողների, մանկավարժների, մանկական հոգեբանների կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի երեխաներին բոլորովին «այլ ալիքի» վրա փոխելը, երբ դու նպաստ ստացողից դառնում ես բարիք ստեղծող, այդ քո բարիքի պտուղներից օգտվող եւ գումարած դրան` քաղաքացի, որը այդ բարիքի մի մասը փոխանցում է պետությանը եւ դրա դիմաց պահանջում է իր` հարկատուի փողերով ապրող պետական պաշտոնյաներից մնալ օրենքի սահմաններում:

Պարզ է, որ այդ խնդրով պետք է մտահոգվեն ոչ միայն երեխաների խնամքով զբաղվողները: Բազմաթիվ են դեպքերը, երբ նպաստ ստացող մարդիկ հրաժարվում են աշխատանքից` չնայած առաջարկվող աշխատավարձը 2-3 անգամ ավելի բարձր է, քան նպաստը: Պատճառն այն է, որ նպաստը պակաս ռիսկային է, քան աշխատանքը, որն այսօր կա, իսկ վաղը կարող է եւ չլինել: Իհարկե, եթե դա աշխատանք է պետական հիմնարկում, առավել եւս` այնպիսի հիմնարկում, որտեղ կարելի է գողանալ եւ կաշառք վերցնել, ապա դրանից, պարզ է, ոչ ոք չի հրաժարվի: Բայց մասնավոր ընկերությունում, որտեղ պետք է քո ուժերն ու «կրեատիվ» մոտեցումները դրսեւորես, չկա վստահության եւ ապահովության զգացողություն:

Բացի այդ, նպաստ ստանալով՝ կարելի է բողոքել եւ պատմել սեփական «խեղճության» մասին: Իսկ մենք դա սիրում ենք` նույնիսկ այն դեպքում, երբ ստանում ենք միանգամայն նորմալ աշխատավարձ: Անցումը նպաստառուի հոգեբանությունից հարկատուի հոգեբանության նշանակում է այնպիսի վիճակ, երբ մարդն ասում է` «ես ստանում եմ բարձր աշխատավարձ, չեմ թաքցնում դա, իսկ ձգտում եմ ստանալ երկու, երեք, տասն անգամ ավելի շատ ու ձգտման մեջ ոչ մի ամոթալի բան չեմ տեսնում, որովհետեւ իմ աշխատավարձը սպիտակ է, եւ դրանից ես հարկեր եմ մուծում իմ պետությանը»:
Հայաստանում շա՞տ մարդիկ կան, որոնք կարող են նման բան ասել:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Իհարկե, եթե դա աշխատանք է պետական հիմնարկում, առավել եւս` այնպիսի հիմնարկում, որտեղ կարելի է գողանալ եւ կաշառք վերցնել, ապա դրանից, պարզ է, ոչ ոք չի հրաժարվի:

    Գոնե ասեք քչերը կհրաժարվեն: Թե չէ ստացվում է, որ Դուք էլ չէիք հրաժարվի: Բայց ես՝ հաստատ կհրաժարվեի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930