Յուրատեսակ ազգային տարազով այս պարոնը Նիգերի կրթության նախարար Դաուդա Մամադու Մարթեն է: Զիմբաբվեի, Բուրունդիի, Նիգերի, Լեսոտոյի եւ այլ երկրների նախարարների հետ նա Հայաստան է ժամանել՝ մասնակցելու Երեխաների սնուցում համաշխարհային 18-րդ համաժողովին:
«Առավոտի» հետ զրույցում Դաուդա Մամադու Մարթեն խոստովանում է, որ Հայաստան ճանապարհելիս մեր երկրի մասին երբեւէ չլսած մտերիմները խորհուրդ են տվել. «Զգույշ կլինես, որովհետեւ չգիտես, թե ինչ երկիր ես գնում, թեեւ ասում են, որ անվտանգ տարածաշրջան է»: Ինքն էլ պատասխանել է. «Եթե ես ապրում եմ մի երկրում, որտեղ «Բոքո Հարամն» է, ուրեմն աշխարհի ոչ մի ծայրում ինձ հետ ոչինչ չի կարող պատահել»: Նշենք, որ «Բոքո Հարամը» նիգերիական ծայրահեղական իսլամիստական ահաբեկչական կազմակերպություն է, որը հանդես է գալիս ընդդեմ արեւմտյան կրթության եւ մշակույթի: Խմբավորման անդամների համոզմամբ՝ ցանկացած քաղաքական եւ հասարակական գործունեություն, որ կապված է արեւմտյան արժեքների հետ, պետք է մերժվի:
Նիգերի կրթության նախարարը իրեն երջանիկ է համարում, որ հասել է Հայաստան, ափսոսում է, որ ստիպված է անմիջապես վերադառնալ իր հայրենիք՝ չհասցնելով հաղորդակից լինել մեր երկրի մշակույթին:
Լուսանկարը՝
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
06.09.2016