Ինչպե՞ս կվարվեր Քոչարյանը, եթե իր օրոք զինված խումբը պետական
կառույցի շենք գրավեր
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին: Նա կրկին մտահոգ է տնտեսապես անդունդը գլորվող Հայաստանով, խոսում է «լեգիտիմ ընտրական գործընթացների» մասին: Սա ասում է մի մարդ, որը 1998-ի, 2003-ի եւ 2008-ի նախագահական ընտրություններով Հայաստանի զարգացման հնարավորությունները հետ է շպրտել կիլոմետրերով: Բայց արդեն ընտելացել ենք, որ Քոչարյանից ժամանակ առ ժամանակ պետք է լսենք իր իշխանավարման փայլուն շրջանի մասին հարցազրույցներ, հիշեցումներ, թե ինչպես էր իր օրոք «երկիրը ինտենսիվ զարգանում»:
Ո՞րն էր նրա իշխանավարման փառահեղ շրջանը: Քոչարյանի վարած կոմպլեմենտար արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանի ռազմավարական օբյեկտները տրվեցին Ռուսաստանին, մասնավորապես՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում՝ 113 մլն դոլար պարտքի դիմաց: ՌԴ-ին տրվեցին մի քանի ձեռնարկություններ՝ Մերգելյան ինստիտուտը, Հրազդանի ՊՇԷԿ-ը՝ առանց հինգերորդ էներգաբլոկի, ապա այն էլ հետագայում վաճառվեց ՌԴ-ին, Մարս գործարանը՝ ընդամենը 113 մլն դոլար պարտքի դիմաց:
Կարդացեք նաև
Քոչարյանի օրոք Հայաստանի էներգետիկ գրեթե ողջ համակարգը տրվեց ՌԴ-ին: Բացի այդ, Քոչարյանն այնքան կոմպլեմենտար գտնվեց, որ Իրան-Հայաստան փոքր տրամագծի գազամուղն էլ հանձնեց ՌԴ-ին, ինչի արդյունքում Հայաստանը զրկվեց ռուսական մենաշնորհային դիրքի թուլացման որեւէ հնարավորությունից: Հայաստանի համար ռազմավարական ոլորտներում ռուսական մենաշնորհային քաղաքականության ամուր հիմքերը դրվեցին Քոչարյանի շրջանում, եւ ի՞նչ զարգացում դրանք ապահովեցին մեր երկրի համար:
Այսօր «լեգիտիմ ընտրական գործընթացների» անհրաժեշտություն տեսնող Քոչարյանին նաեւ հիշեցնենք, որ 2008թ. նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած` Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դադարեցվեց «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը` Հայաստանում իրականացվող շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհների վերանորոգման ծրագիրը, մոտ 68 միլիոն դոլար արժողությամբ:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, ապա Քոչարյանը, որը Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողեց, ավելի վաղ` 1998-ի պալատական հեղաշրջման շրջանում, իբր, ԼՂ հարցում Տեր-Պետրոսյանի «պարտվողական» դիրքորոշումից դժգոհ՝ խոստացավ Ղարաբաղյան խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել:
Քոչարյանն այսօր ազդարարում է, թե ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները ԼՂ կարգավորման գործընթացում, այլ ոչ թե թուլացնի դրանք. «…առաջին հերթին անվտանգության երաշխիքներով եւ հանրաքվեի կոշտ կապակցվածությամբ վերահսկվող տարածքների մի մասի վերադարձի հետ»: Նա նաեւ նշում է, թե ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին եւ վերանայման կարիք ունեն. «Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ եւ դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ՝ համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի եւ միջազգային հանրության կոշտ եւ վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով»:
Ապա նա մեղադրում է գործող իշխանություններին չափից դուրս զիջումների գնալու պատրաստակամության մեջ` ասելով. «…դատելով հակամարտող կողմերի պաշտոնյաների հայտարարություններից, ինչպես նաեւ մերձիշխանական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից՝ կողմերի մոտ զիջումների գնալու պատրաստակամությունը խիստ անհամաչափ է: Հայկական կողմի մոտ այդ պատրաստակամությունը չափից դուրս շեշտադրված է, միեւնույն ժամանակ Ադրբեջանում մեզ համար սկզբունքային հարցերի վերաբերյալ զիջումների գնալու նույնիսկ ակնարկներ չկան: Այս իրավիճակը վրդովեցնում է հասարակությանը Հայաստանում եւ Արցախում, բացասական սպասումներ առաջացնում բանակցություններից եւ կարող է պարտվողական տրամադրությունների պատճառ դառնալ»:
Այնուհետեւ նա հիշեցնում է, որ իր նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում ենք մոտ եղել փաստաթղթի ստորագրմանը, այն էլ Ադրբեջանը հրաժարվեց. «Դա փաթեթային եւ համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին եւ ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաեւ անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»: Այնուհետ հայտնվեցին «Մադրիդյան սկզբունքները», որոնք «միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար»:
Մի խոսքով՝ Ղարաբաղյան հարցում կատարելության շրջան էր Քոչարյանի օրոք, եւ հիմա նա հարկ է համարում լուծումներ առաջարկել: Եթե այս առաջարկները ներկայացներ ցանկացած մարդ, որն ի պաշտոնե չի բանակցել Ադրբեջանի իշխանությունների հետ, կարելի էր նրա գնահատականներում գտնել միանգամայն տրամաբանական դիտարկումներ:
Բայց հետաքրքիր է, իր իշխանավարման շրջանում, երբ Ադրբեջանը դեռ այսքան սանձարձակ չէր, չկար ապրիլյան քառօրյա պատերազմ ու Սաֆարովի պետական հերոսացում Ադրբեջանում, ուժերի հավասարակշռությունը խախտված չէր, Քոչարյանն ի՞նչ առաջարկների շուրջ էր բանակցում Ադրբեջանի հետ: Ուշագրավն այն է, որ Քոչարյանը իր բանակցած առաջարկներով, փաստորեն, հպարտանում է:
Ովքեր մոռացել են Քոչարյանի բանակցած Ղարաբաղյան կարգավորման փառահեղ առաջարկները` հիշեցնենք դրանք՝ ընդ որում, շեշտելով, որ այդ տարբերակներն, ըստ Քոչարյանի` ներկայացվել են այն շրջանում, երբ Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին, Հայաստանն առաջ էր անցել Ադրբեջանից` «թե՛ բարեփոխումներով, թե՛ արտաքին քաղաքական ակտիվությամբ», այսինքն՝ ըստ նրա` ուժեղ դիրքերում գտնվող կողմը Հայաստանն էր, ոչ թե Ադրբեջանը:
Հիմա տեսնենք, թե Քոչարյանի բանակցած առաջարկները Հայաստանի ու Արցախի համար որքանով էին հայանպաստ: 1998թ. նոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին, Ադրբեջանին եւ ԼՂՀ-ին ներկայացրեցին «Ընդհանուր պետություն» կոչվող կարգավորման առաջարկները, որոնք Երեւանը եւ Ստեփանակերտը վերապահումներով ընդունեցին, իսկ Բաքուն մերժեց:
Թեեւ Քոչարյանը խոստացել էր ԼՂ խնդիրը կարգավորել փաթեթային` «հաղթողական» տարբերակով` 8 հազար քառ. կմ տարածքի վրա անկախ Ղարաբաղ ստեղծել, «Ընդհանուր պետությունը» փուլային տարբերակ էր, քանի որ այդ փաստաթղթով լուծվում էր միայն ԼՂ-ի կարգավիճակը, իսկ Լաչինի կարգավիճակը մնում էր ապագայի լուծման հարց, այսինքն՝ ԼՂ-ի անվտանգության ամենալուրջ երաշխիք հանդիսացող Լաչինի կարգավիճակի սահմանումը հետին պլան էր մղվում:
Եթե 1997թ. փուլային տարբերակում հաջողվում էր խուսափել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից, ապա «Ընդհանուր պետություն»-ում Լեռնային Ղարաբաղն ամրագրվում էր որպես Ադրբեջանի մաս: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ամրագրող կետը հետեւյալ կերպ էր սահմանված. «ԼՂ-ն հանդիսանում է հանրապետության ձեւի պետական եւ տարածքային կազմավորում եւ Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:
Այս տարբերակի բազմաթիվ կետերով սահմանվում է ԼՂ-ի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին, զգալիորեն թուլանում էր 1997թ. փաթեթային տարբերակի՝ ԼՂ-ի փաստացի անկախության սկզբունքը՝ ավելի սերտ կապելով ԼՂ-ն Ադրբեջանին: «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն պետք է ունենար Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեին կամավորության սկզբունքով, մինչդեռ 1997-ի փաթեթային տարբերակով ԼՂ-ն կունենար Ազգային գվարդիա եւ ոստիկանական ուժեր, եւ ԼՂ քաղաքացիները իրավունք կունենային անցնել ծառայությունը ԼՂ տարածքում:
Հաջորդը` 1997թ. փաթեթայինի համաձայն՝ ԼՂ-ն կարող էր ունենալ իր անկախ ներկայացուցչությունները տարբեր երկրներում, իսկ ըստ «Ընդհանուր պետության»` կարող էր գործել միայն Ադրբեջանի ներկայացուցչությունների միջոցով: Այսինքն` այս դրույթով ԼՂ-ի` արտաքին կապերի իրավունքը հավասարեցվում էր զրոյի: Մյուսը` «Ընդհանուր պետություն»-ով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի, որն իրավունք կունենար թողարկել իր սեփական դրամանիշները, որոնք կշրջանառվեին ադրբեջանական դրամանիշների հետ համատեղ, մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակով ԼՂ-ն կլիներ ազատ տնտեսական գոտի՝ «արժույթների ազատ շրջանառությամբ»:
Հաջորդ ամենակարեւոր փաստն այն է, որ «Ընդհանուր պետություն» տարբերակով Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, փաստորեն, ընդունել էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ Հայաստանի իշխանությունները պաշտոնական պատասխանում այս թեմայով որեւէ վերապահում չէին հայտնել` սահմանափակվելով միայն այս ձեւակերպմամբ` «դրանց կանդրադառնան բանակցությունների ընթացքում»: Մինչդեռ 1997թ. փաթեթային տարբերակին ի պատասխան՝ պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ չի ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը եւ այն քննարկման ենթակա չի ճանաչում, իսկ 1997թ. փուլային տարբերակն ընդհանրապես չէր պարունակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը:
Եզրակացությունը մեկն է. Քոչարյանն իր նախորդի` Լեւոն Տեր-Պետրոսյանի բանակցածի համեմատությամբ էականորեն ավելի էր թուլացրել հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում՝ համաձայնություն տալով ոչ բարենպաստ առաջարկների: Ավելին` նրա պատրաստակամությունը ընկալվեց Ադրբեջանի կողմից. Բաքուն մերժեց «Ընդհանուր պետությունը»` ավելի մեծ «ախորժակ» ունենալով:
Որոշ ժամանակ անց արդեն բացահայտվեց` Մեղրիով Նախիջեւանը Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծման գաղափարը, տխրահռչակ «Մեղրիի տարբերակը»` տարածքների փոխանակումը:
Դե, իսկ 2001թ. ապրիլին ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելի հովանու ներքո Քի Ուեսթում անցկացված Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ բանակցություններով ավարտվեց «քիուեսթյան» փուլը: 2004-ից մեկնարկեց բանակցությունների նոր փուլ, որն անվանվում էր Պրահյան գործընթաց: Իսկ 2007-ի նոյեմբերին ԵԱՀԿ Մադրիդի նախարարական հանդիպմանը Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացվեց 14 կետանոց շրջանակային փաստաթուղթ` հիմնված հանրաքվեի փիլիսոփայության վրա: Դրանք այսօր Ղարաբաղյան բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքներն են, որոնք եւս Քոչարյանի համար ընդունելի էին:
Հոկտեմբերի 27-ի, Պողոս Պողոսյանի եւ բարձրաստիճան պաշտոնյաների առեղծվածային սպանությունների, փակված լրատվամիջոցների ու բռնաճնշումների, Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից դուրս թողնելու եւ Հայաստանի ու Արցախի համար մի շարք բացասական զեկույցների ու բանաձեւերի շրջան էր Քոչարյանի 10-ամյա իշխանավարումը, որով նա փաստորեն հպարտանում է:
Ինչպե՞ս ավարտվեցին «լեգիտիմ ընտրական գործընթացների» սիրահար Քոչարյանի իշխանավարման վերջին օրերը: 2008թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակը խաղաղ ցուցարարներից ուժի գործադրմամբ «մաքրելուց», նույն օրը երեկոյան հազարավոր մարդկանց աչքի առաջ Երեւանի կենտրոնում հավաքված բազմության ուղղությամբ կրակ բացելուց, 10 անմեղ մարդկանց սպանությունից հետո Երեւանում մարտի 1-ից 20-օրյա ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց, բանտերում հայտնվեցին մի քանի տասնյակ մարդիկ:
Հիրավի «փառահեղ» շրջան էր` 1998-2008-ը:
Իսկ ինչպե՞ս կվարվեր Քոչարյանը, եթե իր իշխանավարման տարիներին զինված խումբը պետական կառույցի շենք գրավեր… Հարցը հռետորական է:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 06.09.2016