Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգել էին առանձնատան պատշգամբից

Սեպտեմբեր 07,2016 14:00

Ամբաստանյալ Ատոմ Սառիկյանի, Սարգիս Պետրոսյանի, Գարիկ Մարությանի, Վարուժան Ճաղարյանի նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը դատավճռով սահմանել էր 2 տարի ժամկետով փորձաշրջան: Պատիժը պայմանականորեն չի կիրառվելու: Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը մինչ այդ եղել էր ստորագրությունը չբացակայելու մասին:

Վերաքննիչ քրեական դատարանն Ատոմ Սառիկյանի, Սարգիս Պետրոսյանի, Գարիկ Մարությանի եւ Վարուժան Ճաղարյանի գործով բողոք է ընդունել վարույթ: Դատախազը՝ Հայկանուշ Բաղդասարյանը, բողոք է բերել՝ պահանջելով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով դատավճիռը բեկանել եւ սահմանել ազատազրկման ձեւով համաչափ պատիժ:

Քրեական գործի նյութերի համաձայն, այս տարվա մարտի 17-ին, ժամը 11-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչներ՝ Ա. Սառիկյանը Վ. Ճաղարյանի, Գ. Մարությանի եւ Ս. Պետրոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, Բերդ քաղաքի «առանձնատան պատշգամբից, գրկելու միջոցով բռնություն գործադրելով, բացահայտ կերպով, ամուսնության նպատակով» առեւանգել էին գյուղի բնակչուհիներից մեկին:

Բնակչուհու կամքին հակառակ նրան տեղափոխել են առանձնատան առջեւ, որտեղ ըստ մեղադրանքի կողմի, ամբաստանյալ Գարիկը բացել է մեքենայի հետեւի նստելատեղի ձախ դուռը, Ատոմը առեւանգվածին նստեցրել է նստելատեղին, իսկ վարորդն էլ՝ Սարգիսը, մեքենան վարել եւ առեւանգվածին տեղափոխել է այլ վայր: Վարուժանն օժանդակել է Ատոմի՝ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան վարելով, ուղեկցել է ընկերների մեքենան: Նպատակը հետեւյալն էր՝ Ատոմի մեքենան տեսնելով՝ աղջիկը որեւէ բան չէր կասկածի:

Ատոմն իրեն դատարանում մեղավոր է ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ:
Իսկ նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ մարտի 8-ին ամուսնության առաջարկ է արել մարզի բնակչուհիներից մեկին, որը մերժել էր իր առաջարկը: Մի քանի մերժումներ ստանալուց հետո որոշել է առեւանգել:
Դեպքից մեկ օր առաջ դիմել է Վարուժանին եւ Գարիկին: Մարտի 17-ին գնացել են Բերդ, որտեղ հանդիպել են իր ավտոմեքենան գազալցավորող ընկերոջը՝ Սարգիսին: Նրան նույնպես խնդրել է օգնել իրեն: Ըստ ցուցմունքի՝ Ատոմը Գարիկի եւ Սարգիսի հետ վերջինիս ավտոմեքենայով սպասել են փողոցում՝ մինչեւ տուժողի մայրը դուրս գա տնից:
Իմանալով, որ տուժողը տանն է՝ միայնակ, գնացել է առանձնատուն, պատշգամբից գրկել եւ աղջկա կամքին հակառակ՝ ամուսնության նպատակով առեւանգել է նրան:
Ի դեպ, ամբաստանյալներից Սարգիսը դատարանում նույնպես հրաժարվել էր ցուցմունք տալ, եւ իրեն մեղավոր էր ճանաչել:

Դատաքննության ընթացքում ամբաստանյալ Վարուժանը հայտնել էր, թե Պառավաքարի խաչմերուկում ոստիկանները կանգնեցրել են իրենց մեքենաները եւ բոլորին տեղափոխել Բերդ քաղաք: Իրենք կոնկրետ գործողություններ կատարելու պայմանավորվածություն չեն ունեցել: Ըստ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի, դերակատարում չի եղել, թե ով ինչ գործողություն պետք է կատարեր, որեւէ մեկի հետ պայմանավորվածություն չի եղել. «Ընդհանրապես պայմանավորվել էին, որ Ատոմի մեքենան տան իրեն, իսկ ինքը եւ Գարիկը վերադառնային եւ նրանց հետ չգնային, իսկ Սարգիսի հետ Ատոմի ունեցած պայմանավորվածությունից ինքը տեղյակ չէ: Վերջնարդյունքում՝ այնպես էր ստացվել, որ ինքը պետք է Ատոմի մեքենան Պառավաքարն անցնելուց հետո տար իրեն եւ վերջ: Որեւէ այլ գործողության չի մասնակցել, առեւանգվածին չի տեսել, նրա նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրել, առեւանգմանը չի մասնակցել»:

Տուժողը հայտնել էր, որ գյուղի բնակիչ Ատոմն ամուսնության առաջարկ է արել իրեն, ինքը մերժել է: Առեւանգման օրը նա Ատոմին դիմավորել է տան պատշգամբում եւ ցանկացել զանգել մորը, որպեսզի հայտնի Ատոմի գալու մասին: Հասցրել է միայն մորը տեղեկացնել, որ Ատոմն իրենց տանն է:

Մնացածն ինչպես ներկայացված է մեղադրական եզրակացության մեջ: Տուժողին տեղափոխել են այլ վայր: Սեպտեմբերի 20-ին դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ կլսվի բողոքը:

 
Ռ. Մ.

«Առավոտ»

06.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930