Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչն էր կապում Ֆրեյդի դստերն ու Մերիլին Մոնրոյին

Սեպտեմբեր 07,2016 13:00

Աննա Ֆրեյդն ամենակրտսերն էր ավստրիացի անվանի հոգեբան, հոգեբույժ, նյարդաբան եւ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի 6 երեխաներից: Հետագայում Աննային հայտնի դարձրին ոչ միայն հոր հռչակը եւ ազգանունը, այլեւ գիտության մեջ սեփական ներդրումը: Աննա Ֆրեյդը հիմնադիրն է մանկական հոգեվերլուծության եւ հոգեբանության:

Զիգմունդ Ֆրեյդը օրական 18 ժամ աշխատում էր, եւ չէր հասցնում շատ ժամանակ տրամադրել ընտանիքին: Աննան, այսպես կոչված՝ «հոգեբանական մայր» է համարում իր դայակին, որը նրա ուրախությունների ու տվայտանքների ականատեսն էր ու գաղտնիքների պահողը: Հասուն տարիքում աղջիկը նախ սեփական ինքնավերլուծության համար, ապա ավելի լուրջ մտադրություններով սկսեց ուսումնասիրել հոր գիտական ժառանգությունը եւ խորանալ մասնավորապես մանկական հոգեվերլուծության ոլորտում: Աննան սովորել է մանկավարժական համալսարանում, 5 տարի ուսուցչություն արել, ապա թողել, քանի որ հոգեվերլուծությունն էր նրա տարերքը: Ֆրեյդը դստեր հետ հոգեվերլուծության թեմայով խոսել է, երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Երիտասարդ աղջիկը հաճախում էր հոր դասախոսություններին: Ֆրեյդը տեսնելով դստեր հետաքրքրվածությունը, դարձավ նրա հոգեվերլուծության հիմունքների դասախոսը եւ անձամբ դասեր տվեց:

freyd

Ցավոք, ի տարբերություն իր տարեկիցների, երիտասարդ Աննան այդպես էլ չկարողացավ դասավորել անձնական կյանքը, նա չամուսնացավ ու զավակներ չունեցավ: Փոխարենը՝ ամբողջովին նվիրվեց գիտությանը: 1918-ից մասնակցում էր հոգեվերլուծության ոլորտի բոլոր համաշխարհային կոնգրեսներին, 22-ին արդեն պատրաստ էր Աննայի սեփական ուսումնասիրությունը, երիտասարդ գիտնականը առաջին անգամ հանդես եկավ «Ծեծի ֆանտազիան» զեկուցումով: 1923-ին Աննա Ֆրեյդը արդեն փոքրիկ հիվանդների էր ընդունում: Նույն տարում պարզ դարձավ, որ Զիգմունդ Ֆրեյդը քաղցկեղ ունի, ու Աննան դարձավ ոչ միայն նրա աշակերտուհին, այլեւ օգնականը, քարտուղարն ու դայակը: Նա հաճախ գիտական կոնֆերանսներին կարդում էր հոր գիտական զեկուցումները, երբ Ֆրեյդը հիվանդության պատճառով ունակ չէր լինում անձամբ հանդես գալ: Աննա Ֆրեյդը եւս խոշոր հոգեվերլուծաբան էր, սակայն ժամանակին նրան նույն լրջությամբ չէին ընդունում, ինչպես հորը: Աննան ապացուցեց, որ մանկական հոգեվերլուծությունը լրիվ այլ ոլորտ է, եւ չի ենթարկվում նույն կանոններին, ինչ մեծերի պարագայում է:

1938-ին ծանր ժամանակներ էին Ավստրիայի համար, քանի որ իշխանության էին եկել նացիստները, որոնք դեմ էին հոգեվերլուծությանը: Նրանք Աննա Ֆրեյդին մի քանի անգամ կանչեցին գեստապո հարցաքննության, եւ նրան ու անվանի հորը գնդակահարությունից փրկեց միայն միջազգային հանրության աջակցությունը: Նրանց ազատեցին ու պահանջեցին, որ գիտնականներն ամենուր խոսեն գեստապոյականների իբր լավ վերաբերմունքի մասին: Դա ծանր հարված էր Աննա Ֆրեյդի համար:

freyd-3

Դրանից հետո Ֆրեյդների ընտանիքը տեղափոխվեց Անգլիա, եւ Աննան 30 տարի հայրենիք չվերադարձավ ու սկսեց միայն անգլերեն խոսել: 1939-ին իր մահկանացուն կնքեց Զիգմունդ Ֆրեյդը, դրանից հետո դուստրը սկսեց զբաղվել հոր գործերի հավաքմամբ ու հրատարակությամբ: Պատերազմի ժամանակ Աննա Ֆրեյդը մանկատուն էր բացել, որտեղ հավաքված էին պատերազմի արհավիրքից տուժած երեխաները: Նույն շրջանում նա խորհրդատվություն էր մատուցում մեծահասակներին եւս: Աննա Ֆրեյդը իբրեւ հոգեվերլուծող աշխատեց նաեւ ամերիկյան աստղերից մեկի՝ կինոդերասանուհի, երգչուհի եւ սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի հետ եւ նրան հոգեվիճակի համար ախտորոշեց հիստերիկ նեւրոզ եւ դեպրեսիա:

1947թ. Աննա Ֆրեյդը Լոնդոնում բացեց ժամանակի մանկական հոգեվերլուծության խոշորագույն կենտրոններից մեկը, սկսեց ի մի բերել իր գիտական աշխատանքները եւ ամփոփել գրքում: Նա մահկանացուն կնքեց 1982 թվականին՝ 86 տարեկանում:
Աննա Ֆրեյդի գիտական ուսումնասիրությունների կենտրոնում երեխաներն են եղել, մի անգամ նա նույնիսկ ասել է. «Իմ ամբողջ կյանքը կարելի է նկարագրել մեկ նախադասությամբ՝ ես աշխատել եմ երեխաների հետ»:

Արդեն կյանքի վերջում, ունենալով պատվավոր պրոֆեսորի կոչում աշխարհի շատ համալսարաններում, Աննա Ֆրեյդը հետաքրքրվում էր նաեւ ընտանեկան իրավունքով:

Ըստ kulturologia.ru-ի՝ պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

«Առավոտ»

06.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930