Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնում հատուկ քննարկում է անցկացվել Հայաստանի խնդիրների թեմայով

Սեպտեմբեր 06,2016 23:00

«Խորհրդային միության վերականգնումը ԱՄՆ-ի շահերի դեմ կլինի, ինչը այս կամ այն ձեւով փորձում է իրականացնել ՌԴ-ն»,- այսօր նման տեսակետ հայտնեց Հայաստանի հարցերով ամերիկացի փորձագետ Էնդրյու Նովյուն՝ Վաշինգտոնում Հայաստանի ժողովրդավարացման զարգացման ու ներքաղաքական իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, Ամերիկայի շահերից  կբխի այն քաղաքականությունը, որն ուղղված է  Հայաստանում տոտալիտար համակարգի կրճատմանը. «Ժողովրդավար երկրներն ավելի լավ ընկեր են ԱՄՆ-ի համար, քան թե դիկտատորական երկրները, քանի որ ժողովրդավար լինելով՝ Հայաստանն ու Վրաստանն ավելի հեշտությամբ կարող են ազատվել ՌԴ ազդեցությունից, այդ առումով տարածաշրջանը բավականին ծանր իրավիճակում է»:

«Ռենդ» կորպորոցիայի փորձագետ Սթիվեն Լարըբին էլ վերլուծեց ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հետեւանքները ՀՀ վրա: Ըստ նրա,  ՌԴ-ի համար հսկայական նշանակություն ունի ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը, քանի որ Թուրքիայի վտանգից պաշտպանությունն այն գործոններից մեկն էր, որը ՀՀ-ին պահում էր ՌԴ կողքին. «ՀՀ ժողովրդավարության զարգացումը մեծապես կարող է օգնել երկրին ազատվել ՌԴ կողմից ճնշումից»:

Ըստ նրա, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կնվազեցնի Հայաստանում ռուսական զինվորականների ներկայության անհրաժեշտությունը, որոնք առաջին հերթին դիտարկվում են որպես Թուրքիայից պաշտպանության գործոն, բայց Թուրքիան չի կարող այդ հարաբերությունները բարելավել, քանի որ Թուրքիային թույլ չի տալիս դա անել Ադրբեջանը:

Դեսպան Ջոն Հերբսթի խոսքով էլ,  ՌԴ-ում եւ այլ ոչ ժողովրդավար երկրներում աճում է կոռուպցիան, ինչը թույլ չի տալիս լավ կառավարություն զարգացնել: Նա հիշեցրեց Ուկրաինայի եւ Վրաստանի իրավիճակները, ապա նկատեց. « Բելառուսի, Ուկրաինայի, Մոլոդովայի քաղաքացիներն իրավունք ունեն ինքնուրույն որոշել իրենց ապագան, նրանք պետք է որոշեին ընդունել Ամերիկայի  օգնությունը, թե ոչ, մինչդեռ ՌԴ-ն փորձում է արգելել քաղաքացիներին ընդունել Ամերիկայի օգնությունը»:

Հայ փորձագետ Լիլիթ Գեւորգյանն էլ նկատեց, որ ՀՀ-ում օլիգարխիկ համակարգը չի համապատասխանում տնտեսական ու անվտանգության պահանջներին.  «Անկախ նրանից, թե այդ  համակարգը ՌԴ-ն ուզում է պահպանել, թե ոչ, այն պետք  փոխվի, քանի որ, ի տարբերություն այն երկրների, որոնք տնտեսական եկամուտ են ստանում նավթի կամ գազի վաճառքից, ՀՀ_ում նման եկամուտներ չկան, համակարգը չի կարող գոյատեւել այսպես: Այն երկրները, որոնք քաղաքական կամ տնտեսական ճգնաժամում են, ստիպված են փոխվել…

Ստեղծված վիճակում Հայաստանի զարգացումն ապահովելու համար, պետք է զարգացնել կառավարման համակարգը, բիզնեսի պաշտպանվածությունը: Բոլորը հասկանում են, որ եթե նման կերպ շարունակվի, ապա լուրջ բացասական ազդեցությունները կզգան ոչ միայն քաղաքացիներն,  այլեւ նույնիսկ օլիգարխիկ համակարգի մասնակիցները, նրանք նույնպես կզգան հետեւանքներ: Միջին խավն էլ է հասկանում փոփոխությունների անհրաժեշտությունը: Անհրաժեշտ է  փոխել ճանապարհը: ՌԴ-ն չունի ոչ ռեսուրս, ոչ գաղափարախոսություն ՀՀ-ին օգնելու իրավիճակը բարելավելու հարցում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930