Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվում է Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու հարցը

Սեպտեմբեր 06,2016 20:12

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշեց հանձնաժողովի հաջորդ նիստում կատարել «Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը: Նախագիծը լրամշակման եւ խմբագրումների կարիք ուներ:

«Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձեւի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, ինչպես նաեւ մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով եւ դրույթներով»,- ասված է նախագծի հիմնավորումներում:,

Նախագծի հեղինակներ-համահեղինակներն են Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Արագած Ախոյանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը:

handznajorov_3 handznajorov_2

Բավական ուշագրավ էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գուրգեն Արսենյանի մոտեցումը: Վերջինս կարծում է, որ նման նախագիծ ընդունելով ՀՀ ԱԺ-ն շտապում է: Նա դեմ չէ, որ ՀՀ ԱԳՆ-ն դիրքորոշումներ արտահայտի եւ Իրաքում, եզդիների հետ կատարվածը ցեղասպանություն անվանի, բայց ԱԺ-ի կողմից նման հայտարարության ընդունումը համարում է շտապողական քայլ: «Գերմանիան էլ հարյուր տարի սպասեց»,- հեգնական տոնով նկատեց Ալեքսանդր Արզումանյանը: Գուրգեն Արսենյանը մտավախություն ունի, որ նման հայտարարությամբ իսլամիստներին մեր դեմ կհանենք. «Նրանք կրակող մարդիկ են»:

https://www.youtube.com/watch?v=WdZ2HTroyOk

Նախագիծը ներկայացնող ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը համամիտ չէր Գուրգեն Արսենյանի դիրքորոշման հետ: Նա կարծում է, որ ցեղասպանություն վերապրած ու աշխարհին պահանջներ ներկայացող ժողովուրդն  այդ կերպ չպետք է հարցին մոտենա, քանի որ լռության արդյունքում է, որ նորանոր հանցագործություններ են լինում, լռության արդյունքում է, որ չորս հազարից ավել եզդի կանայք եւ աղջիկներ անարգվել, բռնաբարվել, սպանվել կամ ստրկության են վաճառվել: Տիկին Զոհրաբյանը պատմեց, որ իրենք տեսանյութերում խմբակային բռնաբարության դրվագներ են դիտել, տեսել են, թե անարգանքից փրկվելու համար ինչպես են եզդի կանայք նետվում Սիջարի լեռներից եւ սահմռկեցուցիչ այլ տեսարաններ:

Նաիրա Զոհրաբյանի հիմնավորումները` տեսանյութում

https://www.youtube.com/watch?v=-4kkrI_wrts

Նրա հետ համամիտ է հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ, հարցի համազեկուցող Շիրակ Թորոսյանը: Այս դեպքում, պարոն Թորոսյանը կարծում է, որ հայերը հարցին զուտ բարոյական տեսանկյունից պետք է մոտենան եւ չմտածեն, թե այդպիսով «կրակող մարդկանց» կարող ենք մեր դեմ հանել, մանավանդ, որ նրանք արդեն արել են այն, ինչը պիտի անեին` Սիրիայում հայկական եկեղեցիները հիմնահատակ ավերել են, հայկական թաղամասերը քանդել, իսկ ապրիլյան պատերազմի օրերին ուղղակի զգացել ենք նրանց գործողությունների արդյունքը:

Ի դեպ, նախագծի դրական եզրակացություն է տվել նաեւ ԱԺ իրավաբանական վարչությունը: Այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը եւ ստորագրած միջազգային ակտերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930