Սեպտեմբերի 5-ին Լիտվայի խորհրդարանում կայացավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ։
Բենեդիկտաս Յուոդկան շնորհավորեց դեսպան Մկրտչյանին նշանակման կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-լիտվական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի և առանձնահատուկ ընդգծվեց այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը:
Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մեծապես կարևորեց Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը։ Իր հերթին դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ Հայաստանն ակնկալում է մոտ ապագայում ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ բանակցությունները: Դեսպանը նշեց, որ Հայաստանի վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որի նպատակն է բարեկամ և գործընկեր երկրների թվի ավելացումը աշխարհի տարբեր մասերում:
Կարդացեք նաև
Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ դեսպանը հանդիպեց Սեյմասի փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։ Վերջինս բարձր գնահատեց Եվրոպական Միություն-Հայաստան բանակցությունների հաջող ընթացքը։
Զրուցակիները մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ կատարվեց հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այդ համատեքստում գոհունակություն հայտնելով առևտրի ակտիվացման կապակցությամբ և ընդգծելով այդ ոլորտում առկա մեծ ներուժը:
Սեյմասի փոխնախագահի խնդրանքով՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
ՀՀ ԱԳՆ