Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինը` «Քաղաքացիական պայմանագրում», Մենուա Բրուտյանը «Ալյանսում»` ձախողեցին. դիմել է ՀՀԿ-ի թեկնածուին աջակցելուն». Էդմոն Մարուքյան

Սեպտեմբեր 06,2016 19:22

Մասնավորապես նամակով հանդես է եկել «Լոռեցիների միավորում» ԲՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը, որում պատմում է, թե դիմել է մի շարք կուսակցությունների, որպեսզի Վանաձորում ընտրություններին դաշինքով հանդես գան, սակայն իր առաջարկն այդպես էլ չի ընդունվել և նամակում ներկայացնում է իր եզրակացությունը. «Դաշինք չձևավորվելու պայմաններում ընդդիմադիր կուսակցությունները ստեղծեցին նպաստավոր դաշտ ՀՀԿ-ի և իրենց իսկ կարծիքով «կեղծ փաստաթղթերով ու որոշ ՀՀԿ- ականների աջակցությամբ պատգամավոր դարձած, պետական բյուջեներին ու կատարողականներին կողմ քվեարկող, Ֆլեշի Բարսեղի փողերով կուսակցություն հիմնադրած «Լուսավոր Հայաստան»-ի Էդմոն Մարուքյանի համար», ով այս ընտրություններում լուծում է անձնական խնդիր` եղբոր քաղաքապետ դառնալու հարցը»:

Aravot.am-ը նշված հայտարարության մասին պարզաբանումներ ստացավ Էդմոն Մարուքյանից: Նա հավաստիացրեց, որ Մենուա Բրուտյանը փորձել է մի քանի կուսակցություններ իրար միացնելով` ապահովել իր առաջադրման հարցը, ինչը ձախողվել է: Այնուհետև տեղեկացրեց, որ դաշինք ստեղծելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանին» առաջարկ չի արել. «Քաղաքացիական պայմանագրում» իր կինն էր, ինքն էլ «Ալյանսով» էր ուզում առաջադրվել, բայց հետո բացահայտվեց, և այն, ինչ պլանավորում էին անել, չստացվեց: Հիմա էլ նման նամակներ է տարածում, ինչին մենք հանգիստ ենք վերաբերվում»:

Պարոն Մարուքյանը պնդում է, որ Մենուա Բրուտյան  այժմ զբաղվում է ՀՀԿ-ի տեղական կառույցին աջակցությամբ. «Նա ՀՀԿ-ի թեկնածուի աջակիցներից է, ինչին հանգիստ եմ վերաբերվում: Քանի որ ինքը չի առաջադրվել, ուստի դիմել է ՀՀԿ-ի թեկնածուին աջակցությանը: Կարող է մարզպետին կամ քաղաքապետին կամ ներկայիս թեկնածուին աջակցել, դա կապ չունի»:

Էդմոն  Մարուքյանի կարծիքով` Մենուա Բրուտյանն իր էներգիան ծախսելու է նրա վրա, որ այն ուժը, որը կարող է հաղթել ՀՀԿ-ին և հաղթելու է, որը, ըստ Էդմոն Մարուքյանի` «Լուսավոր Հայաստանն» է, պայքարի ընդդեմ այդ ուժի:  Պարոն Մարուքյանի հավաստմամբ` ընտրություններից հետո կյանքը շարունակվելու է, ու հարց է, թե ինչպես է Մենուա Բրուտյանը նայելու հանրության աչքերին:

Մենուա Բրուտյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե նամակում Էդմոն Մարուքյանի հասցեին գրված որակումների համատեքստն այն է, որ հենց ընդդիմադիրներն են այս կամ այն կերպ արտահայտվել այդ մասին. «Զարմանալի էր, որ նրանք` այդպես մտածողները, չգնացին դաշինքով հանդես գալու ճանապարհով»:

Դառնալով իր հասցեին հնչած որակումներին` Մենուա Բրուտյանն ասաց, որ իր համար առնվազն ծիծաղելի է լսել, որ ինքը ՀՀԿ-ի թեկնածուի օգտին աշխատանք է տանում. «Որևէ կապ չունեմ ՀՀԿ թեկնածուի հետ: Վանաձորը փոքր քաղաք է, և եթե դու փոքր-ինչ ակտիվ մարդ ես, կամա թե ակամա` առավել ևս տեղական մակարդակում, դու կարող ես ունենալ շփման եզրեր տարբեր քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ: Եթե հարցը վերաբերում է ճանաչելուն, ապա ՀՀԿ-ի ներկայիս թեկնածուին ճանաչում եմ` որպես քաղաքի նախկինում նոտար: Նույն կերպ ճանաչում եմ և՛ մեր թաղամասի կոշկակարին, և՛ խանութի աշխատակցին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930