2016-ի պետական բյուջեից 9 միլիոն 276.7 հազար դրամ է նախատեսվում Սյունիքի մարզի Կապան քաղաքի դատախազության շենքի ընթացիկ վերանորոգման աշխատանքների համար:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության եկող նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանին գումարի տրամադրումը կպատճառաբանի խիստ անհրաժեշտությամբ, քանի որ «այդ շենքում Սյունիքի մարզի դատախազությունից բացի պետք է տեղակայվի նաեւ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունը,որը չունի մշտական տեղակայման տարածք»:
Ըստ ֆինանսների նախարարի, այս տարվա բյուջեով եւ կառավարության որոշմամբ ՀՀ դատախազությանը 2016 թվականին շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգման եւ պահպանման նպատակով հատկացվել է 11 միլիոն 491.1 հազար դրամ, որից 2 միլիոն 120.4 հազար դրամի կնքվել է պայմանագիր, որին համապատասխան իրականացվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազության շենքի պատուհանների եւ ճաղավանադակների պատրաստման, տեղադրման եւ սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ: Մանացած գումարով էլ` Սյունիքի դատախազության շենքը կվերանորոգվի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ