«Հայաստանն անկախ պետականության կայացման տարիներին տնտեսությունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականության եւ զարգացման հստակ ծրագրերի»,-հինգշաբթի օրը, կառավարության նիստում այս մասին կասի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը կհայտնի, որ հենց ռազմարդյունաբերական համալիրի իրավական դաշտի բացակայության պատճառով է, որ մեր երկրում ռազմական մի շարք «հավակնոտ ծրագրեր» չենք կարողացել իրականացնել: Նա կառավարության ուշադրությանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպությունների գիտական, գիտաարտադրական եւ արտադրական ձեռքբերումների միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման եւ վարման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որը նախարարի համոզմամբ, կնպաստի
Հայաստանի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
Սեյրան Օհանյանն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ հիմք է դրվելու ռազմարդյունաբերության ոլորտը համակարգող միասնական նորմատիվ իրավական կարգավորմանը, ռազմական կարիքների պետական պատվերների ժամանակին կատարմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ