Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական ինտեգրացիա՝ ժողովրդավարական դեգրադացիա

Սեպտեմբեր 06,2016 17:18

Ուղիղ 3 տարի առաջ, 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը ԵՄ ասոցացումից կտրուկ դեպի Եվրասիական տնտեսական միություն շեղելու մասին:

Այսօր՝ երեք տարի անց, կարիք կա վերստին դիտարկելու ժողովրդավարության միտումները Հայաստանում, որպեսզի հասկանանք, թե արդյոք Հայաստանը բռնել է ԵԱՏՄ հիմնադիր երեք անդամների ավտորիտար ուղին, թե ոչ:

Սահմանադրական փոփոխություններ. 2013-ին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից հստակ տարբերվում էր մի կարևոր հատկանիշով: Հայաստանում երբևէ սահմանադրության փոփոխության փորձ չէր կատարվել իշխող անձի կամ կուսակցության իշխանությունը երկարացնելու ուղղությամբ, սակայն սահմանադրական փոփոխությունները 2015 թ-ի դեկտեմբերի 6-ին փոխեցին իրավիճակը: Այս փոփոխությունների հայեցակարգը հրապարակվեց Եվրասիական ուղին բռնելու հենց հաջորդ օրը՝ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին: Ավելին, փոփոխությունների հանրաքվեն անցավ աննախադեպ բռնությունների ու կեղծիքների ուղեկցությամբ: Փաստացի, ՀՀ-ն հետևում է Բելառուսի և Ղազախստանի օրինակին՝ փոխելով սահմանադրությունը հանուն իշխող անձի (Հայաստանի դեպքում կուսակցության) իշխանության անժամկետ պահպանման: Այլ կերպ ասած՝ եթե ԵԱՏՄ հիմնադիր երեք անդամները՝ Նազարբաևի, Պուտինի և Լուկաշենկոյի ղեկավարությամբ բռնել են միանձնյա կառավարման ավտորիտար մոդելի ուղին, ապա Հայաստանը գնում է կոնկրետ կուսակցության ավտորիտար կառավարման ճանապարհով:

Ցույցեր և բռնություններ. 2015 և 2016 թվականների ամառները աչքի ընկան մասսայական ցույցերով և դրանց ընթացքում ոստիկանական կառույցների կողմից կիրառված աննախադեպ բռնություններով: 2015-ի ամռանը Էլեկտրիկ Երևանի ընթացքում կիրառվեց ջրցան մեքենա խաղաղ ցուցարարների դեմ, իսկ 2016 հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի գրավման ընթացքում ոստիկանությունն օգտագործեց խլացուցիչ նռնակներ՝ մարմնական վնասվածքներ հասցնելով թե ցուցարարներին, թե ոստիկաններին: Հուլիսի 29-ին «Սարի թաղում» ՀՀ ոստիկանությունը կիրառել է 56 լուսաձայնային նռնակ, որոնց մեծ մասը՝ բեկորային: Նռնակների մեծամասնությունը կիրառվել են առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգի խախտմամբ: Միայն այդ օրը 60 քաղաքացի ընկել է հիվանդանոց, որոնցից 5-ը այրվածքներով, 22-ը՝ կոտրվածքներով: Բացի այդ՝ ՊՊԾ գնդի գրավման ընթացքում և դրան հաջորդած ցույցերի ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից կիրառված բռնությունները աննախադեպ էին: Այս տարվա հուլիսին տեղի ունեցած դեպքերից ոմանք, մասնավորապես ցուցարարներից մեկի աչքի կորուստը, լրագրողների և ցուցարարների դեմ բռնությունները, անօրինական ձերբակալությունները հիշեցնում էին 2008-ի մարտի մեկը՝ աննախադեպ քննադատության արժանանալով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների կողմից:

Ձերբակալություններ ու քաղբանտարկյալներ. 2014 թվականին ոստիկանությունը ցույցերից ու երթերից բերման է ենթարկել ընդամենը 52 քաղաքացու, 2015 թվականին այդ թիվը հասավ 380-ի, իսկ 2016 թվականին՝ արդեն մոտ է 1000-ին: Ընդ որում ձերբակալությունները իրականացվում էին քաղաքացիական հագուստով անձանց կողմից առանց համապատասխան ոստիկանական հրամանի, ինչը քաղաքացու իրավունքների կոպիտ խախտում է: Ձերբակալությունների ընթացքում կիրառված բռնությունները փաստող բազմաթիվ տեսանյութեր վկայում են, որ ընթացիկ տարին կգրանցի ՀՀ ժողովրդավարական ստանդարտների զգալի անկում:

Ժողովրդավարության հեռանկարները դեպի ԵԱՏՄ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրասիական անսպասելի շրջադարձի եռամյակից հետո ևս առանձնահատուկ հույս չեն ներշնչում: Եռամյակի ավարտին արդեն հստակորեն պարզ է, որ այս ոլորտում դրական փոփոխություններ ակնկալելը միամտություն է: ՀՀ կառավարությունը արդեն հստակ ցույց է տվել, որ ժողովրդավարությունը ԵԱՏՄ կազմում Հայաստանի հայտնվելուց հետո արժեք չի համարվելու:

 

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930