Փրկարարական ծառայողներին արտերկրում բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման մասով զինծառայողներին հավասարեցնելու վերաբերյալ արտակարգ իրավիճակների նախարարությանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից առաջարկություն է արվել:
ԱԻՆ-ը պետք է հարցն ուսումնասիրի եւ կարծիք հայտնի: Այս մասին տեղեկանում ենք կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգից:
Բանն այն է, որ փրկարարական ծառայողները իրականացնում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքներով նախատեսված լիազորություններ, մասնակցում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ապահովում են տարածքային պաշտպանությունը, այդ թվում` իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցում են սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը:
Սահմանամերձ գոտում իրականացնում են փրկարարական, հրդեհաշիջման, բնակչության տարահանման կազմակերպման եւ այլ աշխատանքներ, աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում օժանդակում են հասարակական կարգի պահպանման մարմիններին, ներգրավված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի կազմում, որոնց հիմնական խնդիրն է անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելը, ռազմական ագրեսիան հետ մղելը, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, տրանսազգային կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիքի դեմ պայքարում հատուկ գործողություններ անցկացնելը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելը:
Կարդացեք նաև
Կառավարության նիստում հարցը ներկայացնող ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը գտնում է, որ նախագծի ընդունումը նախատեսում է շահառուների շրջանակի մեծացում, որն իր հերթին ենթադրում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն: Սակայն, ըստ պարոն Երիցյանի, տվյալների բացակայության պատճառով ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա նախագծերի փաթեթի ընդունման ազդեցության չափը որոշել հնարավոր չէ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ