ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը:
Հեղինակներից ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար սահմանել որոշակի երաշխիքներ. «Որպես առաջին քայլ, այդ երաշխիքները դիտարկում ենք այն սոցիալական փաթեթների տեսքով, որոնք տրամադրվում են պետական ծառայողներին: Այսինքն, որպեսզի մարտական գործողություններին մասնակցած եւ ծառայությունից վերադարձած զինծառայողը հնարավորություն ունենա ստանալ առողջապահական ապահովագրություն, անցնի համապատասխան ստուգումներ, ստանա սոցիալական փաթեթով սահմանված մյուս երաշխիքները` վարկերի մարում, ուսման վարձի վճարում»:
Էլինար Վարդանյանի կարծիքով` սա դեռ նվազագույն քայլն է, որը կարող է արվել զինծառայողների հանդեպ. «Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել, հիմնավորումների հետ համաձայն չեմ: Միգուցե կան տարընթերցման տեղիք տվող ձեւակերպումներ, այդուհանդերձ, հանձնաժողովում քննարկենք, թե որոնք են առավել ճիշտ լուծումները»:
Պատգամավորը նաեւ հավելեց, որ ներկայիս օրենքը մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների համար որեւէ երաշխիք չի սահմանում: «Այսինքն, երիտասարդն ունի սահմանադրությամբ ամրագրված` զինծառայություն անցնելու պարտականություն, մինչդեռ անտեսվում է, որ պետությունը եւս ունի պարտականություններ այդ զինծառայությունն անցնող երիտասարդների հանդեպ»,-նկատեց տիկին Վարդանյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ