Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացված ծրագրի շնորհիվ այս տարի Դավթաշենի թիվ 59-ը մանկապարտեզը ավելի շատ երեխաների առաջ է բացել իր դռներն ու ավելի լավ պայմաններ է ապահովում նրանց համար:
Վերջերս մանկապարտեզում ավարտվեցին վերանորոգման աշխատանքները, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ դեսպանատան Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից: Այս աշխատանքների համար հատկացվել էր 285.000 ԱՄՆ դոլար, իսկ 2009թ.-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրերի շրջանակում Հայաստանում իրականացվել են վերանորոգման 26 ծրագրեր՝ ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:
«Երեխաներին անհրաժեշտ է ապահով ու հյուրընկալ միջավայր և կարծում եմ այս վերանորոգման շնորհիվ այստեղ նրանց համար դա ապահովված է», – սեպտեմբերի 6-ին ժապավենը կտրելու հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը: Միջոցառմանը ներկա էին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Դավթաշեն համայնքի պաշտոնատար անձինք:
Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նախկինում չգործածվող մի քանի սենյակներ ու մանկապարտեզի սանհանգույցները: Շինարարական աշխատանքներն ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վերահսկողության ներքո իրականացվել են ՍԵՍԿՈ ընկերության կողմից: Վերանորոգման շնորհիվ մանկապարտեզը կարողացավ իր դռները բացել հերթում սպասող շուրջ 100 երեխաների համար և որակյալ կրթությունը հասանելի դարձնել ավելի շատ երեխաների համար:
Կարդացեք նաև
«Ուրախ եմ այսօր այստեղ գտնվել և հպարտ եմ, որ դեսպանատունն իրականացրել է այս ծրագիրը, քանզի այս փոքրիկներն են, որ պետք է շարունակեն այն քայլերը, որ մենք տեսնում ենք Հայաստանում. այս փոքրիկներն են, որ պետք է տեր կանգնեն բարելավված Հայաստանին և այն դարձնեն ավելի լավը: Իսկ կրթության շնորհիվ, որը սկսում են ստանալ հենց այստեղից, այս գեղեցիկ վերանորոգված շենքից, նրանք առավել ունակ կլինեն դա անել», – ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:
Մամլո հաղորդագրություն